Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի դիմումը


Սահմանադրական դատարանը (ՍԴ) հակասահմանադրական ճանաչեց Քրեական օրենսգրքով նախատեսված սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածը, որով մեղադրվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա նախկին երկու ենթակաները՝ 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։

Բարձր դատարանի նախագահ Արման Դիլանյանը հրապարակեց որոշման եզրափակիչ մասը՝ հավելելով, որ դատավոր Երվանդ Խունդկարյանը հատուկ կարծիք է գրել այս մասին։

Բարձր դատարանը դիմումի քննությունը սկսել էր մարտի 23-ին՝ գրավոր ընթացակարգով։

«Հայաստանի Հանրապետության Քերական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահին», - նշեց Դիլանյանը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ ՍԴ որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, դա իր հերթին նշանակում է, որ Հայաստանի Քրեական օրենսգիրքն այլևս չունի նման հոդված և նախկին նախագահի նկատմամբ պետք է դադարեցվի քրեական հետապնդումը։

«Աննա Դանիբեկյանը քրեական հետապնդումը 300.1 հոդվածով դադարեցնելու է։ Սահմանադրական դատարանի որոշման ուժով արդեն իսկ բոլոր ակտերը, որոնք վերաբերում էին 300.1-րդ հոդվածին ընդունման պահից ի վեր ուժ չունեն և ենթական են վերանայման 2009 թվականից սկսած», - նշեց Վարդևանյանը։

Լրագրողների հարցին՝ «կարո՞ղ է դիմադրել Աննա Դանիբեկյանը», պաշտպանն արձագանքեց. «Այստեղ դիմադրելու խնդիր չկա, Քրեական օրենսգրքում այլևս 300.1 հոդված չկա»։

Ինքը՝ պաշտոնաթող նախագահը, արձագանքելով Սահմանադրական դատարանի այսօրվա որոշմանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ «Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը, միջազգային հեղինակավոր կառույցներ այս գործի հակասահմանադրականության վերաբերյալ մասնագիտական կարծիք են հայտնել երկրորդ նախագահի ապօրինի կալանավորման առաջին իսկ օրից։ Այս հակասահմանադրական գործի պատճառով նախագահ Քոչարյանը 537 օր ապօրինի կերպով զրկված է եղել ազատությունից»։

Բարձր դատարանը, ինչպես այսօր հայտարարեց նախագահ Արման Դիլանյանը, եզրահանգել է, որ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79 հոդվածներին։

Այս հոդվածները օրենքների համաչափության և որոշակիության սկզբունքների մասին են։ Ըստ 78-րդ հոդվածի՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: Իսկ 79 հոդվածը սահմանում է՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Երկու տարի առաջ, երբ պաշտոնաթող նախագահին վերագրվող քրեական գործը մտավ դատարան, այն մակագրվել էր դատավոր Դավիթ Գրիգորյանին, որն էլ, սակայն, կասեցրել էր գործի քննությունն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ հակասություններ տեսնելով Քոչարյանին մեղսագրվող հոդվածի սահմանադրականության հետ։

Հայաստանը 1998-2008 թվականներին ղեկավարած Ռոբերտ Քոչարյանը ևս դիմել էին բարձր դատարան՝ նույնաբովանդակ պահանջով։ Պաշտոնաթող նախագահի պաշտպանները բազմիցս են պնդել, որ երկրորդ նախագահին մեղադրում են մի հոդվածով, որը 2008-ի իրադարձությունների ժամանակ Քրեական օրենսգրքում չի եղել։ Միևնույն ժամանակ, Քրեական օրենսգրքի սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը խիստ անորոշ է

Ըստ Քոչարյանի պաշտպանների, մեղադրող կողմը պետք է անհապաղ դադարեցնի քրեական հետապնդումը Քոչարյանի և մյուսների նկատմամբ։

Մեղադրանքը դատարանում պաշտպանող Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ դիրքորոշում կհայտնեն Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց և ամբողջության մեջ դրան ծանոթանալուց հետո։

XS
SM
MD
LG