Հայաստանը շատ ավելի վաղ պետք է ձեռք բերեր պատվաստանյութը․ փորձագետ

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյան

Հայաստան է ներկրվել AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերության և Օքսֆորդի համալսարանի մասնագետների ստեղծած պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանն այսօր ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանում պատվաստումը լինելու է միայն կամավորության սկզբունքով․ - «Պատվաստանյութը բավականին արդյունավետ է ծանր դեպքերի կանխարգելման գործում, հոսպիտալացումների և մահերի կանխման՝ գրեթե հարյուր տոկոսով»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայզևի խոսքով, խորհուրդ են տվել առաջին խմբաքանակով նախ պատվաստել ռիսկային խմբերին, մասնավորապես՝ բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին։

Մինչև միջազգային Covax Facility նախաձեռնության շրջանակներում AstraZeneca-ի ձեռքբերումը Ռուսաստանը Հայաստանին հազար անձի համար «Սպուտնիկ V» պատվաստանյութ էր նվիրաբերել։ Գայանե Սահակյանի փոխանցմամբ, Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են։ Առաջիկայում նաև նոր պատվաստանյութեր կառաջարկվեն Հայաստանին։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով, կորոնավիրուսի երրորդ ալիքի շրջապտույտում հայտնված Հայաստանը շատ ավելի վաղ պետք է ձեռք բերեր պատվաստանյութը և սկսեր զանգվածային պատվաստումները. – «Մեր զգալի հետ մնալը մեզ վրա արժենում է ծանր գին՝ մարդկանց կյանքերի տեսքով և տնտեսական կորուստների։ Որովհետև այսքան մարդու բուժելը դա տնտեսական կորուստ է, այդ մարդկանց մեջ տնտեսական կապերի խաթարվելը կորուստ է։ Մենք ոչ մի տեղ համարյա չենք կարող գնալ այս երկրից, դա էլ է կապերի կորուստ... Միգուցե դժվար է հիմա ասել, թե ինչը լավ կլիներ անել, բայց երևի կարելի էր բանակցել մեր ռազմավարական դաշնակցի հետ, ինչպես արեցին ավելի առաջ նայող մի շարք երկրներ և տեսնում ենք, որ իրենց պատվաստանյութը բավականին հաջող կիրառվում է։ «Սպուտնիկ V»-ի մասին է խոսքը»։

Ինչ վերաբերում է AstraZeneca-ին, ապա ավելի վաղ Եվրոպայում մի շարք երկրներ միառժամանակ սառեցրել էին այս պատվաստանյութի կիրառումը, քանի որ գրանցվել էին կողմնակի բացասական ազդեցության դեպքեր, օրինակ՝ արյունահոսություն, տրոմբոցիտների քանակի պակաս և արյան մակարդում։ Նախորդ շաբաթ Վրաստանում մի բուժքույր AstraZeneca-ով պատվաստումից հետո կորցրել էր գիտակցությունը և մի քանի ժամ կոմայում մնալուց հետո մահացել։

Այդուհանդերձ Եվրամիության անդամ երկրները մեկ շաբաթ առաջ վերսկսեցին AstraZeneca-ով պատվաստումները այն բանից հետո, երբ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը, մանրամասնորեն վերլուծելով ներարկումներից հետո գրանցված արյունահոսության, տրոմբոցիտների քանակի նվազման և արյան մակարդման ոչ մեծաթիվ դեպքերը, հայտարարեց, որ չնայած այդ տհաճ հանգամանքներին, AstraZeneca-ի պատվաստանյութն ապահով է և արդյունավետ, դրա օգուտն ավելի մեծ է տեսական վտանգի համեմատությամբ։

«Հակացուցումները պատվաստանյութի շատ սուղ են, ցանկը բավականին սահմանափակ է։ Եթե մարդը ունի ալերգիա որևէ բաղադրիչի նկատմամբ, եթե նախորդ դեղաչափից գրանցվել է անաֆիլակտիկ շոկ, եթե տվյալ պահին ունի սուր վիճակ՝ բարձր ջերմություն և այլ հիվանդագին վիճակներ, եթե խրոնիկ հիվանդության սրացում, միայն այս դեպքերում պատվաստումը չի իրականացվում», - նշեց Գայանե Սահակյանը։

Նրա խոսքով, Հայաստանում ծանր հակահամաճարակային իրավիճակ է, մահճակալային ֆոնդը գրեթե սպառվում է։ Առաջիկա շաբաթվա ընթացքում սպասում են ավելի քան 7 հազար նոր դեպքեր։

Կորոնավիրուսով վարակված 893 մարդ այս պահին գտնվում է ծանր, 215-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, 64 հոգի էլ թոքերի արհեստական օդափոխման սարքերին է միացված։

Քովիդով հիվանդներին սպասարկում է 19 բժշկական կենտրոն, հիվանդանոցներում շուրջ 2130 վարակակիր է բուժում ստանում, ավելի քան 12 հազար մարդ բուժվում է տանը։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ, այս պահին վերակենդանացման բաժանմունքներում ընդամենը 5 ազատ մահճակալ է մնացել։

Այսօր Կառավարությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում Առողջապահության նախարարն ընդգծել է, որ վերահսկողական միջոցառումները չխստացնելու պարագայում իրավիճակը կվատթարանա։

Գործադիրը որոշել է ակտիվացնել տեսչական ստուգումները հատկապես փակ տարածքներում ու հանրային տրանսպորտում և խրախուսել դիմակների կրումը: