Մեկ տարի առաջ ԱՀԿ-ն կորոնավիրուսը դասակարգեց որպես «համավարակ»

Այսօր լրանում է մեկ տարին, ինչ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Covid-19 կորոնավիրուսային վարակի տարածումը դասակարգեց որպես «համավարակ»՝ համաշխարհային համաճարակ։

2020 թվականի մարտի 11-ին ԱՀԿ-ն ամբողջ աշխարհում վարակի118 հազար դեպքի պայմաններում Covid-19-ը հայտարարեց համավարակ՝ ընդգծելով, որ սա ոչ միայն հանրային առողջապահական ճգնաժամ է, այլև ճգնաժամ, որն ազդելու է բոլոր ոլորտների վրա։

Նոր տեսակի կորոնավիրուսը որպես համավարակ դասակարգելուց մեկ տարի անց աշխարհում վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 117 միլիոնը։ Covid-19-ից մահացել է ավելի քան 2 միլիոն 600 հազար մարդ։

Առաջին անգամ Չինաստանի Վուհան քաղաքում հայտնաբերված կորոնավիրուսի համավարակն այժմ դարի մեծագույն առողջապահական մարտահրավերներից մեկն է։ Covid-19-ի բնօրրան համարվող Չինաստանում այժմ համաճարակային իրավիճակը համեմատաբար կայուն է։ Մինչդեռ աշխարհի մյուս երկրներում վարակը շարունակում է մոլեգնել։ Մեկ տարի անց աշխարհի մի շարք երկրներ կրկին փորձում են ավելի խստացնել կարանտինային սահմանափակումները՝ կանխելու կորոնավիրուսի տարածման աճը։

Աշխարհում ամենից շատ վարակակիրների թիվն ԱՄՆ-ում է գրանցվել՝ Նահանգներում վարակի առաջին դեպքի արձանագրումից ի վեր վարակվել է մոտ 29 միլիոն մարդ։ ԱՄՆ-ում կարանտին հայտարարվեց նախորդ տարվա մարտի 11-ին։ Երկրի նորընտիր նախագահ Ջո Բայդենը, ով իր նախորդ Դոնալդ Թրամփին բազմիցս մեղադրել է հակահամաճարակային քաղաքականության ձախողման մեջ, հինգշաբթի օրը սահմանափակումների հայտարարման մեկ տարվա կապակցությամբ Վաշինգտոնում ուղերձով է դիմելու ամերիկացիներին։

Մեկ միլիոն բնակչի հաշվով այս պահին գրանցված վարակակիրների վատագույն ցուցանիշն աշխարհում Չեխիայինն է՝ 10 միլիոնից քիչ ավելի բնակչություն ունեցող երկրում արդեն մոտ 1 միլիոն 336 հազար մարդ է վարակվել, մահացել է 22 հազարից ավելի մարդ։

Այսօր Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը և նրա հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանը Երուսաղեմում հանդիպելու են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ քննարկելու պատվաստումային քաղաքականությունը։ Հունգարիան մեկ միլիոն բնակչի հաշվով կորոնավիրուսային հիվանդությունից մահացության վատագույն ցուցանիշն ունեցող երկրների ցանկում վեցերորդն է՝ այստեղ գրանցվել է վարակի 475 հազարից ավելի դեպք, մահացել է 35,3 հազարից ավելի մարդ։

Իսրայելն այժմ պատվաստումների ամենաբարձր ցուցանիշն ունի աշխարհում։ Մոտ 9- միլիոնանոց երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բնակչության 96 տոկոսը։

Նախորդ տարվա դեկտեմբերին պատվաստումների գործընթացի մեկնարկից ի վեր աշխարհում մոտ 320 միլիոն մարդ է պատվաստվել։

Համաճարակային իրավիճակի վատթարացում գրանցվում է նաև Հայաստանում։ Նախորդ տարվա մարտի սկզբին երկրում առաջին դեպքի հայտնաբերումից ի վեր մոտ 175,6 հազար վարակակիր է հաստատվել, մարտի 10-ի դրությամբ մահացել է 3 հազար 237 մարդ։