Մատչելիության հղումներ

Քովիդով վարակվածության թվերն աճել են 91 տոկոսով, առաջիկա 7 օրերին 3000-ից ավելի նոր դեպք է կանխատեսվում


Վերջին տվյալներով, Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն աճել են 340-ով՝ հասնելով 175 հազար 538-ի։ Բուժվել է 163 մարդ, մահացել՝ ևս 5-ը։ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ քովիդով հիվանդներ ընդունող բուժհաստատությունների թիվը արդեն հասել է 9-ի։

Երեկվա դրությամբ, 456 հիվանդի առողջական վիճակը գնահատվում է ծանր, 92-ինը՝ ծայրահեղ ծանր, որոնցից 26-ը շնչում է արհեստական թթվածնային սարքի միջոցով։ Կրկին երեկվա տվյալներով, շուրջ 1000 մահճակալից ազատ է միայն 75-ը։

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանն անձամբ է շրջում բուժկենտրոններով։ Համաճարակային վիճակը, ասում է, լարված է, անհանգստացնող են արձանագրվող դեպքերի թվերը՝ հատկապես տոկոսային հարաբերակցությամբ։

«Նախորդ 14 օրվա համեմատ ունենք 91 տոկոսով նոր դեպքերի թվի աճ։ Ընդ որում, բարձրացել է նաև, բնականաբար, վարակի վերականգնողական ցուցանիշը, արդեն կազմում է մոտ 1,3։ Այս ցուցանիշը կանխատեսում է մոտակա յոթ օրերի ընթացքում լրացուցիչ երեք հազարից ավել նոր դեպք՝ եթե չձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ, եթե բնակչության և տարբեր տնտեսվարող կազմակերպությունների կողմից չբարձրացվի զգոնությունը անվտանգության կանոնների նկատմամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աբովյանը։

Անցած տարվա մարտից մինչև այսօր Հայաստանում քովիդից մահացել է 3 հազար 237 մարդ։ 6 հազար 208 մարդ այս պահին բուժում է ստանում։ Երեկ կատարված 2 հազար 312 թեստից դրական է եղել շուրջ 15 տոկոսը։

Հիվանդանոցներն այս պահին ընդունում են հիմնականում միջին և ծանր վիճակում գտնվող հիվանդներին։

Առողջապահության նախարարության մասնագետը կրկին հիշեցնում է․ - «Հանրահավաքները, անվտանգության կանոնների չպահպանման պարագայում, նպաստում են դեպքերի աճին։ Բայց ոչ միայն հանրահավաքները, այլ նաև հանրային տրանսպորտում դիմակներ չկրելը, ձեռքերը չախտահանելը և սոցիալական հեռավորությունը չպահպանելը։ [Այս ամենը] Բերում է այն իրավիճակին, որ ունենք այսօր, և եթե այսպես շարունակվի, մենք լուրջ խնդրի առաջ կարող ենք կանգնել։ Ամենադաժան օրերը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին էին, երբ որ ամբողջ մահճակալային ֆոնդը սպառվել էր, և մենք ունեինք հերթագրված շուրջ 700 պացիենտ, ովքեր սպասում էին իրենց հերթին բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար»։

Պատվաստանյութը դեռ Հայաստան չի հասել, սպասվում է, որ այս ամսվա ընթացքում հասանելի կլինի։ Սկզբնական շրջանում անվճար կպատվատսվեն թիրախային խմբերի 7 հազար 500 քաղաքացիներ։

Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս, համաճարակաբան Արման Բադալյանի խոսքով, արդեն վարակված ու առողջացածներին նույնպես խորհուրդ է տրվում պատվաստվել, որովհետև նրանց մոտ եղած հակամարմիններն այդպիսով կավելանան ու պաշտպանվածությունն ավելի երկար կապահովվի։ Համաճարակաբանի խոսքով, չի բացառվում, որ արդեն առողջացածները կորոնավիրուսի նոր տեսակով վարակվեն։

Հարցին, թե արդյոք պատվաստանյութը պաշտպանում է նաև քովիդի մուտացված տեսակներից, Բադալյանը պատասխանեց․ - «Հիմնական շրջանառվողը, որը ամենատարածվածն է, իրանք փակում են։ Որոշ մուտացիաներ նախնականով էլի են փակում։ Էդ էլի փակելու շրջանակում մեզ կարևոր ա ծանր դեպքերի կանխարգելումը, որովհետև կարող ա պատվաստես մարդուն, ինքը միջին, թեթև տարբերակում տանի։ Դա էսօրվա դրությամբ առաջնային չի։ Առաջնայինը ծանր դեպքերի կանխարգելումն է»։

Ըստ համաճարակաբանի, առողջացածների մոտ հակարամինները կարող են շատ երկար պահպանվել նաև բջջային մակարդակում։ Թե առողջացած մարդու մոտ ո՞ր դեպքում են հակամարինները շատ լինում ու որ դեպքում քիչ՝ մանրամասնում է մասնագետը․ - «Ինչքան թեթև ա տանում, էնքան հակամարմինների տիտրը թույլ կլինի, ու պաշտպանությունը, բնականաբար, շատ հավանական ա հարատև չլինի։ Էստեղ նորից էդ հիվանացած-լավացած ինչի պիտի պատվաստվի, նույնպես էլի դառնում ա ակտուալ»։

Թեև ըստ մասնագետների, քովիդով պայմանավորված իրավիճակ Հայաստանում գնալով ավելի է լարվում, այդուհանդերձ ԿԳՄՍՆ-ն հայտարարել է, որ դպրոցներում նոր սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում, դասերը շարունակվելու են առկա ձևաչափով` համավարակի կանոնների պահպանմամբ:

Քաղաքաշինության, տեխնիկական, հրդեհային անվտանգության ու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմիններն էլ տեղեկացնում են, որ ճանապարհային ոստիկանության հետ մեկտեղ հանրային տրանսպորտում խախտումներ արձանագրելու դեպքում վարչական պատասխանատվության կենթարկվեն թե՛ ուղևորները և թե՛ տնտեսավարողները։

Չի բացառվում, որ այն անձը, որը արդեն հիվանդացել ու լավացել ա, ստանա, ենթադրենք ըստ դեղաչափերի պետք ա երկու դեղաչափ ստանա, ինքը կստանա մեկ դեղաչափ։ Ու կան այսօր տպագրված նյութեր, սակավաթիվ են, բայց կան արդեն, որ հիվանդացած-լավացածները առաջին դեղաչափին բավական բուռն են հակամարմինների ստեղծումով արձագանքում և բավական պատշաճ անընկալություն է ապահովվում»։

XS
SM
MD
LG