Հունգարիայում ուժի մեջ են մտել կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր ամենախիստ սահմանափակումները:
Մանկապարտեզներն ու տարրական դպրոցները երկրում փակ կլինեն մինչև ապրիլի 7-ը: Մինչև մարտի 22-ը կդադարեցնեն աշխատանքը ծառայություններ մատուցող ձեռնարկությունները, ինչպես նաև բոլոր խանութները՝ բացառությամբ մթերայինների և դեղատների:
Նոր սահմանափակումների մասին իշխանությունները հայտարարել էին անցած հինգշաբթի օրը՝ կորոնավիրուսի դեպքերի թվի աճի ֆոնին: Կառավարությունը հորդորել է բիզնեսի ղեկավարներին հնարավորության դեպքում աշխատակիցներին տեղափոխել հեռավար աշխատանքի:
Հունգարիան մտադիր է խստացնել վերահսկողությունը սահմաններին, սակայն բեռնափոխադրումները և տարանցիկ փոխադրումները չեն սահմանափակվի:
Երկրում ընթանում է հինգ պատվաստանյութերով բնակչության պատվաստման ակտիվ արշավ:
Միաժամանակ, Դեղերի եվրոպական գործակալության բարձրաստիճան պաշտոնյան նախազգուշացրել է Եվրամիության անդամ երկրներին՝ զերծ մնալ COVID-19 դեմ ռուսական արտադրության "Sputnik V" պատվաստանյութին թույլտվություն տալուց, մինչև գործակալությունն ավարտի անվտանգության հետ կապված ստուգումը:
«Մեզ անհրաժեշտ են փաստաթղթեր, որոնք կարող ենք ուսումնասիրել: Այս պահին մենք նաև տվյալներ չունենք պատվաստված մարդկանց մասին», - երեկ ավստրիական ORF հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է գործակալության կառավարման խորհրդի ղեկավար Քրիստա Վիրտյումեր-Հոչեն: