Անկարան այլևս չի ջանում վերադառնալ F-35-երի ծրագրին, հայտարարում է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավարը

Թուրքիան այլևս չի ջանում վերադառնալ ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին, Անկարայի գլխավոր նպատակն այժմ կրած կորուստների համար Վաշինգտոնից փոխհատուցում ստանալն է։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:

Ամիսներ առաջ թուրքական իշխանությունները նույնիսկ մասնավոր իրավաբանական ընկերություն էին վարձել, որը պետք է օգներ Անկարային վերադառնալու թուրքական պաշտպանական արդյունաբերության համար կարևոր այդ ծրագրին, սակայն, դատելով թուրք պաշտոնյայի վերջին հայտարարություններից, դրան հասնել չհաջողվեց։

Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի ռազմավարական դաշնակցին այդ ծրագրից դուրս էր թողել, երբ Անկարան որոշել էր Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային համակարգեր գնել։ Նահանգներում մտավախություն ունեն, որ ռուսաստանյան սպառազինության ինտեգրումը թուրքական պաշտպանական համակարգին կարող է ռազմավարական մրցակից Ռուսաստանին հասանելի դարձնել Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական օդանավերի գաղտնի տվյալները։

Թուրքիայի իշխանությունները կտրականապես հերքում են կասկածները, անցած երեք տարիների ընթացքում ոչ միայն ավարտին հասցնելով Մոսկվայի հետ 2,5 միլիարդ դոլարի արժողության ռազմական գործարքը, այլև հայտարարելով հետագայում ևս անհրաժեշտության դեպքում այլ ռուսական սպառազինություն ձեռք բերելու հնարավորության մասին:

Ի պատասխան Վաշինգտոնը ի վերջո պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի դեմ՝ թիրախավորելով մասնավորապես այդ երկրի պաշտպանական արդյունաբերության ղեկավարներին, զուգահեռաբար էլ սառեցրած պահելով Անկարայի մասնակցությունը F-35-երի ծրագրին։

5-րդ սերնդի ժամանակակից F-35 կործանիչների նախագիծը իրականացվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ համատեղ։ Ծրագրի գործընկեր երկրները, ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրով, պարտավորվել են 5 մլրդ դոլար ներդնել ինքնաթիռի մշակման գործում, իսկ դրա ավարտից հետո գնել 627 ինքնաթիռներ: Թուրքիան ցանկանում էր ձեռք բերել հարյուր կործանիչ, ընդ որում՝ Անկարան ոչ միայն գնորդ էր, այլ նաև այդ օդանավերի որոշ սարքավորումների մատակարարող։ Փոխարենը, սակայն, Էրդողանի վարչակազմը նախապատվությունը տվեց ռուսաստանյան սպառազինությանը, և ի հեճուկս դաշնակիցների հորդորների բացառեց դրանից հրաժարվելու հնարավորությունը։ Ռուսաստանում թանկարժեք գնորդի դիրքորոշումը բարձր գնահատեցին՝ շարունակաբար հաճոյախոսություններ շռայլելով Թուրքիայի հասցեին «դրսևորած սկզբունքայնության համար»։

Այսօր էլ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բրիտանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում առիթը բաց չթողնելով կրկին գովեստի խոսքեր է հնչեցրել թուրքական կառավարության հասցեին, որը, ինչպես շեշտում էր Լավրովը, «ազգային անվտանգության հարցերում ՆԱՏՕ-ից և Միացյալ Նահանգներից անկախ քաղաքականություն է վարում»։

«Թուրքիայի ղեկավարությունը ցանկանում է վարել ազգային կողմնորոշման արտաքին քաղաքականություն ու հենց Վաշինգտոնի գծին չհետևելու և պաշտպանությունն իր ընտրած միջոցներով ապահովելու համար է քննադատության ենթարկվում ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից», - ասել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը՝ կարծիք հայտնելով, որ հենց դրա համար էլ Անկարան պատժամիջոցների է ենթարկվում։

Դաշնակից Թուրքիայի դեմ ամերիկյան պատժամիջոցները, սակայն, եղածով չպետք է սահմանափակվեն, պնդում են ամերիկացի տասնյակ օրենսդիրներ, ովքեր հերթական անգամ դիմել են նոր վարչակազմին՝ Անկարայի դեմ պատժիչ քայլեր ձեռնարկելու պահանջով։ Ամերիկացի ավելի քան 170 օրենսդիրների հերթական նախաձեռնության հիմքում, ինչպես նշվում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում, Թուրքիայի՝ ժողովրդավարությունից ավելի ու ավելի հեռացող, հակաամերիկյան քաղաքականությունն է։ Կոնգրեսականները ամերիկյան իշխանություններից պահանջում են պարտադրել Էրդողանի վարչակազմին հետևել մարդու իրավունքների պաշտպանությանը և վերջ դնել Անկարային սիրաշահելու ավանդույթին՝ հիշեցնելով 2016 թվականից ի վեր Թուրքիայում իրենց քաղաքական հայացքների համար բանտարկված տասնյակ հազարավոր քաղաքացիների, հարյուրավոր փակված ոչ կառավարական կազմակերպությունների մասին։

Ներկայացուցիչների պալատի անդամները նամակում մանրամասն նկարագրել են նաև 2017 թվականին Վաշինգտոնում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը, երբ «Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակ Ռեջեփ Էրդողանի անվտանգության ծառայության թուրք աշխատակիցները հարձակվել էին Թուրքիայի առաջնորդի այցի դեմ խաղաղ ցույցի մասնակիցների և դաշնային ծառայողների վրա»։