Մատչելիության հղումներ

Պաշտոնական Անկարան չի պատրաստվում հրաժարվել ռուսական S-400 համակարգերից


Թուրքիա - Անկարայի մոտ գտնվող «Մուրթեդ» ավիացիոն ռազմակայանում ռուսական ռազմական բեռնատար օդանավից դուրս են բերում S-400-ի բաղադրիչները, 12-ը հուլիսի, 2019թ․
Թուրքիա - Անկարայի մոտ գտնվող «Մուրթեդ» ավիացիոն ռազմակայանում ռուսական ռազմական բեռնատար օդանավից դուրս են բերում S-400-ի բաղադրիչները, 12-ը հուլիսի, 2019թ․

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընն այսօր հայտարարել է, թե ռուսական S-400 (C-400) համակարգերից հրաժարվելու մասին խոսք լինել չի կարող։ Սա ստորագրված և վերջնական որոշում է։

«Միացյալ Նահանգներից կամ այլ երկրներից հնչող մաքսիմալիստական առաջարկները խախտում են մեր ինքնիշխանությունը և բացարձակ անընդունելի են», - այսօր ասել է թուրք պաշտոնյան՝ հավելելով, թե ռուսական համակարգերի հետ առաջացած խնդիրը կարելի է կարգավորել։ Քալընի խոսքերը մեջբերում է «Անադոլու» գործակալությունը։

Էրդողանի մամուլի խոսնակը շեշտել է նաև, թե ռուսական համակարգերի տեղակայումը ՆԱՏՕ անդամ Թուրքիայի տարածքում չի կրում կենսական վտանգ ամերիկյան F-35 կործանիչների համար. - «Առաջացած խնդիրը կարելի է կարգավորել տեխնիկապես և քաղաքական որոշմամբ, անհրաժեշտ է միայն ընդհանուր կամք», - ասել է թուրք պաշտոնյան։

Պաշտոնական Անկարայի ներկայացուցիչը հայտարարել է, թե Թուրքիան դիվերսիֆիկացնում է մատակարարման աղբյուրները թե՛ պաշտպանական, թե՛ էներգետիկ ոլորտում։ Սրա հետ մեկտեղ Էրդողանի մամուլի խոսնակը ասել է, որ Թուրքիան չի պատրաստվում ձեռք բերել ռուսական S-400-ի նոր խմբաքանակ։

Թուրք-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամ առաջացրած S-400-ի մատակարարումը սկսվել է ամռան կեսերից: Էրդողանի խոսքով, Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը լիարժեք կգործարկվեն հաջորդ տարվա ապրիլին: Վաշինգտոնը պահանջել է հրաժարվել գործարքից և, փոխարենը, ձեռք բերել Patriot համակարգեր՝ սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղարկել Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաև սահմանափակումներ կիրառել «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի համաձայն:

Անկարան, սակայն, ռուսական այս համակարգերից չի հրաժարվում։ S-400 զենիթահրթիռային համակարգերի մասին 2.5 միլիարդ դոլարի արժողության համաձայնագիրը Մոսկվան ու Անկարան ստորագրել էին 2017-ին։ Սա առաջին նման մեծ գործարքն էր ռուսական ռազմարդյունաբերության համար ՆԱՏՕ անդամ պետության հետ։

Ընդ որում, այս գործարքի համար Ռուսաստանը Թուրքիային վարկ է տրամադրել, բացի այդ խոստացել փոխանցել Անկարային ոչ միայն հրթիռները, այլև դրանց ստեղծման տեխնոլոգիաները։ Ռուսական S-400 համակարգերով Թուրքիան կստեղծի երկար հեռահարության և հակահրթիռային պաշտպանության առաջին համակարգը երկրում: Անկարան պնդում է, որ դա անհրաժեշտ է տարածաշրջանային սպառնալիքներին դիմակայելու համար:

XS
SM
MD
LG