Ամերիկահայ համայնքին ի վերջո հաջողվել է հասնել Միացյալ Նահանգների 2021 թվականի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագծում տեղ գտած հակահայկական դրույթի չեղարկմանը։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ Կոնգրեսի թուրք-ամերիկյան բարեկամության խմբի անդամների ներկայացրած այդ նախագծով ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարը պաշտպանության քարտուղարի հետ համատեղ, համապատասխան կոնգրեսական հանձնաժողովներին պետք է ներկայացնի զեկույց Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ։
Փաստաթուղթը պետք է գնահատի հետխորհրդային այդ չորս երկրների այն քաղաքացիների թիվը, որոնք 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից բռնի տեղահանվել են այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից, բացի այդ՝ պետք է ներկայացվի նաև նույն այդ ժամանակահատվածում սպանված քաղաքացիների թիվը։
«Սրանք ի սկզբանե թշնամական, միակողմանի, հակահայկական քայլեր են, որոնք առաջարկել էին Կոնգրեսում Իլհամ Ալիևի ամենահուսալի պաշտպանները», - հայտարարել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը՝ ողջունելով այդ նախաձեռնության տապալումը։
Ի դեպ, նույն այդ նախագծով՝ Միացյալ Նահանգների 2021 թվականի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագծով նաև առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ Անկարայի կողմից ռուսաստանյան S-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու համար։
Փաստաթուղթը նաև արգելում է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը՝ ի պատասխան էրդողանի վարչակազմի կողմից ռուսաստանյան թանկարժեք սպառազինության ձեռքբերման, որը անհամատեղելի է ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերի հետ:
Կոնգրեսականները առաջարկել են պաշտպանական ծախսերի վերաբերյալ օրենքի ստորագրումից հետո 30 օրվա ընթացքում հինգ կամ ավելի պատժամիջոցներ սահմանել S-400-ի ձեռքբերման գործընթացին մասնակցած թուրք պաշտոնյաների դեմ:
2017 թվականին շուրջ 2,5 միլիարդ դոլար արժողության գործարքի շրջանակներում Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային վաճառեց S-400 զենիթահրթիռային համալիրներ, որոնց շնորհիվ Անկարան, ինչպես հայտարարել է՝ ցանկանում է ստեղծել հեռահարության և հակահրթիռային պաշտպանության առաջին համակարգը երկրում՝ նշելով, թե դա անհրաժեշտ է տարածաշրջանային սպառնալիքներին դիմակայելու համար:
Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները պնդում են, թե ռուսներից զենք գնելով՝ Անկարան անարգանք է հասցրել ռազմական միությանը:
Բացի այդ, մասնավորապես, Վաշինգտոնը մտավախություն ունի, որ ռուս-թուրքական գործարքը կարող է Մոսկվային հասանելի դարձնել որոշ ռազմավարական բնույթի գաղտնի տվյալներ:
Թեև Թուրքիայի իշխանությունները պնդում էին, թե Ռեջեփ Էրդողանն ու Դոնալդ Թրամփը համաձայնության են հասել ռուս-թուրքական թանկարժեք ռազմական գործարքի շուրջ, այդուհանդերձ, Պետքարտուղարությունը շարունակաբար նախազգուշացնում էր՝ Վաշինգտոնն անպատասխան չի թողնի ռուս-թուրքական գործարքը, այդ թվում՝ սպառնում սառեցնել Անկարայի մասնակցությունը հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության և շահագործման ծրագրին:
Անցած երեք տարիների ընթացքում, սակայն, Թուրքիայի իշխանությունները ոչ միայն ավարտին հասցրին Մոսկվայի հետ գործարքը, այլ նաև հայտարարեցին հետագայում ևս անհրաժեշտության դեպքում այլ ռուսական սպառազինություն ձեռք բերելու հնարավորությունը:
«Միացյալ Նահանգները չի հասկանում՝ ում հետ գործ ունի, ասում են՝ այդ համակարգերը ետ ուղարկեք Ռուսաստան, բայց մենք ցեղախումբ չենք, որ ձեր թելադրանքներով առաջնորդվենք», - անցած ամիս հայտարարել է Ռեջեփ Էրդողանը՝ պնդելով, թե Վաշինգտոնը հանգիստ կարող է Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանել:
«Արեք ինչ մտքներովդ անցնում է, մի ուշացրեք», - հեգնանքով ասել է Էրդողանը:
Թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա ճգնաժամը թերևս իր գագաթնակետին հասավ անցած օրերին՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հեռավար հավաքի ժամանակ, երբ ըստ միջազգային աղբյուրների, Միացյալ Նահանգների հեռացող վարչակազմի պետքարտուղար Մայք Փոմփեոն կոշտ մեղադրանքների տարափ հնչեցրեց թուրք պաշտոնակցի հասցեին:
France-Presse-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը Անկարային քննադատել է ռուսական սպառազինություն ձեռք բերելու, ՆԱՏՕ-ի կազմում դաշնակից Հունաստանի ջրային տարածքներում ապակայունացնող քայլերի, ինչպես նաև Հայաստանի հետ պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած աջակցության համար։ Փոմփեոն ասել է, որ Թուրքիայի իշխանությունները անտեսելով դաշնակիցների դիմադրությունը ՆԱՏՕ-ի մրցակից Ռուսաստանի շահերին են ծառայել՝ գնելով ռուսական հակահրթիռային համակարգերը։