Հիշատակի և զորակցության հանրահավաք` Բաղրամյան պողոտայում

Բաղրամյան պողոտայում այսօր տեղի ունեցավ հիշատակի և զորակցության հանրահավաք: Երեկ, երբ պարզ դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանը ետ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ, «Հանուն հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հարթակից հայտարարեց, որ այսօր ուրախության օր է լինելու, և ելույթ կունենան մտավորականներն ու մշակույթի գործիչները, կլինի համերգ:

Հավաքը բացվեց Շուշան Պետրոսյանի երգով, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմում զոհվածների հիշատակը։

Շարժման համակարգողներից դաշնակցական Գեղամ Մանուկյանը հավաքի սկզբից հայտարարեց, որ այս հարթակից հնչող երգերը աղոթք են, որոնք որ հնչել են նաև պատերազմի ընթացքում, և հորդորեց չշահարկել շարժման մասնակիցների երեկվա հայտարարությունը. «Շուշան Պետրոսյանի այսօր հնչեցրած երգը դադարել է երաժշտություն լինել, այն երգերը, որ հնչում են շատ հաճախ մեր քայլերթերին, դրանք երգ չեն, դրանք երաժշտություն չեն, ես հատուկ եմ ասում, հատուկ եմ ասում այն սրիկաներին, որ սրբապղծության սահման չունեն»:

Արդեն 4-րդ օրն է, ինչ պողոտան փակ է, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները վրաններ են տեղադրել և գիշերում են այնտեղ։ Հիշեցնենք, որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում կտրուկ սրվեց ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և մի խումբ զինվորականների տարածած հաղորդագրությունից հետո, որով նրանք պահանջում էին Փաշինյանի հրաժարականը։ Այսօր հարթակից քաղաքական հայտարարություններ չհնչեցին, չեղավ նաև քայլերթ Երևանի փողոցներով։

Փոխարենը շարժումը հավաք է նախատեսում վաղը, ինչպես նաև վարչապետ Փաշիյանը։ Շարժմանը միացած ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն «Ազատության» հետ զրույցում մտահոգություն հայտնեց, թե իշխանությունները ցանկանում են բախումներ հրահրել. «Ամեն ինչ անելու ենք, որ բախումներ չլինեն: Մենք ամեն ինչ անելու ենք, որ չիրականանա Նիկոլի ցանկությունը. Նիկոլի նպատակը մեկն է` հրահրել բախումներ, երկրում նշանակել պարետային ժամ և բռնի ուժով` ոստիկանական ուժերով մի քանի ժամ ևս, մի քանի օր ևս երկարաձգել իր իշխանությունը:

Դիմում եմ ԱԱԾ պետին, դիմում եմ ոստիկանապետին, չկատարեք հայրենիքը հանձնածի հրահանգը: Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չունի իշխանություն, Նիկոլ Փաշինյանը քաղաքական հենարան ունի միայն Ադրբեջանում և Թուրքիայում, ուստի և կանգնեք ժողովրդի կողքին և կատարեք ձեր` սպայի և նաև տղամարդու վերջին քայլը»:

Բաղրամյանի հավաքն այսօր ավարտվեց հայրենասիրական երգերով։ Զուգահեռ տարածքում ստորագրահավաք մեկնարկեց Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին ազատ արձակելու պահանջով։ Վերջինս կալանավորված է «Գագիկ Սողոմոնյան» անունով հայտնի ֆեյքի գործով: