Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը` մարտի 1-ին, հրավիրում է հանրահավաքի և երթի: Ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով նա հայտարարեց, որ հանրահավաքի ընթացքում մի շարք հարցերի է անդրադառնալու:
«Վաղվա հանրահավաքով նախ մենք պիտի վերահաստատենք մեր հանրության և ժողովրդի հաստատակամությունը` պաշտպանելու քաղաքացիական, ժողովրդական, սահմանադրական կարգը ՀՀ-ում և ժողովրդական իշխանությունը: Խոսքը ոչ թե այս կառավարության կամ իմ իշխանության պաշտպանության մասին է, այլ ժողովրդի իշխանության, ես Հայաստանում որպես այդպիսին իշխանություն չունեմ, իշխանություն ունի ժողովուրդը», - ասաց նա:
Փաշինյանը նաև վստահեցրեց, որ Հայաստանում չեն լինելու քաղաքացիական բախումներ և նոր Մարտի մեկ: Միաժամանակ նկատեց` Հայաստանում թշնամիներ չունեն և չեն ունենալու, բոլորը` անկախ իրենց քաղաքական հայացքներից, իրենց եղբայրներն են:
Վարչապետը շեշտեց, թե անդրադարձ է լինելու մարտիմեկյան իրադարձությունների դատավարությանը, ապա հանրապետության նախագահի, ինչպես ինքը նշեց, «երեկ կայացրած անհասկանալի որոշմանը»` ետ ուղարկել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը:
«Ի ցույց կդնեմ, որ այդ որոշումն անհիմն է ու օրինական հենք չունի, և սա կարևոր խոսակցություն է, որպեսզի մենք սա արձանագրենք և հասկանանք, և այդ արձանագրումից հնարավոր է, որ որոշակի հետևություններ արվեն», - ասաց Նիկոլ Փաշինյանը` իր այս ուղիղ եթերի ընթացքում ԶՈւ ԳՇ-ի հայտարարությունը բնորոշելով «անթույլատրելի և քաղաքական»:
Հիշեցնենք, որ հանրապետության նախագահը երեկ որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Վարչապետը Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկեց նախագահ Արմեն Սարգսյանին` նշելով. «Այս որոշումը ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի»:
Վաղվա հանրահավաքի ընթացքում վարչապետը, իր խոսքով, գերիներին առնչվող խնդրին ևս անդրադարձ է կատարելու: Դատական համակարգի խնդիրները ևս լինելու են ելույթի մեջ:
Նիկոլ Փաշինյանն ասաց նաև, որ մի շարք քաղաքական ուժերի հրավիրելու են մասնակցել հանրահավաքին, առաջարկելու են ելույթներ ունենալ: