Մատչելիության հղումներ

Նախագահի հայտարարությունը Բաղրամյան պողոտայում հաղթանակ են համարում


«Հայրենիքի փրկության շարժման» երթը նախագահի հայտարարությունից հետո, Երևան, 27-ը փետրվարի, 2021թ․
«Հայրենիքի փրկության շարժման» երթը նախագահի հայտարարությունից հետո, Երևան, 27-ը փետրվարի, 2021թ․

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու առաջարկությունը վարչապետին վերադարձնելու մասին Հայաստանի նախագահի հայտարարությունը Բաղրամյան պողոտայում շատ բուռն ընդունեցին՝ այն համարելով հաղթանակ: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը համոզմունք հայտնեց, թե նախագահը Սարգսյանը ևս միացել է բանակին։

«Մեր ժողովուրդը կանգնած է բանակի կողքին, ինչպես և բանակը՝ ժողովրդի կողքին, այժմ հանրապետության նախագահն էլ կանգնեց բանակի կողքին», - հայտարարեց Մանուկյանը։

Արմեն Սարգսյանը երեք օր անց Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունն առարկություններով վերադարձրեց վարչապետին։ Երկրի նախագահն իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով եզրակացրել է, թե հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը:

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն հայտարարեց՝ իրենք ցանկանում էին, որ բանակը կանգնի իրենց կողքին, և այդպես էլ եղավ։ Ասաց՝ արդեն ժամանակն է, որ իրենք պետք է քայլ անեն։

Նա հարթակից կրկին դիմեց ուժային կառույցներին՝ Ազգային անվտանգության ծառայությանը, Ոստիկանությանը, որպեսզի նրանք ևս Զինված ուժերին միանան․ - «Հայտարարությամբ հանդես եկեք, որ պաշտպանում եք բանակը, հակառակ դեպքում դուք բանակին դեմ եք»։

«Ես դիմում եմ մեր մտավորականությանը, Ակադեմիային, բոլոր կազմակերպություններին՝ հանդես եկեք հայտարարություններով, որ դուք կանգնած եք բանակի կողքը», - ասաց Մանուկյանը։

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն վստահեցրեց, թե այն, ինչ իրականացնում են, մոտենում է ավարտին։

Հանրահավաքի ավարտին շարժման ներկայացուցիչները որոշեցին քայլերթ իրականացնել Երևանի կենտրոնական փողոցներով՝ «Առանց Նիկոլ Հայաստան» բացականչություններով։

Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ Բաղրամյան պողոտան վաղը կվերածվի ուրախության հրապարակի՝ համերգներ կկազմակերպեն, իսկ երկուշաբթի օրը կրկին հանրահավաք կանցկացնեն և կմտածեն իրենց քայլերի մասին։

XS
SM
MD
LG