Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը դատապարտում է Երևանի Բաղրամյան պողոտայում Ռումինիայի նախկին նախագահ Նիկոլաե Չաուշեսկուի և նրա կնոջ գնդակահարությունը պատկերող բեմականացումը: Ըստ նրա` դա չափազանց վտանգավոր և բացարձակ անընդունելի ոճ է: «Ազատության» հետ զրույցում Նինա Կարապետյանցն անդրադառնում է ստեղծված ներքաղաքական իրավիճակին` նշելով, որ իշխանությունը ճակատագրական սխալներ է արել, և պետք է գնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն» - Ինչին ականատես եղանք մենք երեկ Բաղրամյան պողոտայում ակնարկ էր, իհարկե, Նիկոլայ և Ելենա Չաուշեսկուների մահապատժի իրականացմանը: Ինչի՞ կարող է այս ամենն ի վերջո հանգեցնել:
Նինա Կարապետյանց - Սա չափազանց վտանգավոր և բացարձակ անընդունելի ոճ է, որը որդեգրել է այսպես կոչված ընդդիմությունը` իրեն ընդդիմություն հռչակած այդ խումբը: Ես, անկեղծ ասած, զարմացած չեմ թեև ամեն հաջորդ օր իրենք կարողանում են ավելի ու ավելի բացասական առումով անհավանական թվացող ինչ-որ նորություններ տան` գործողությունների գնան, իենց հռետորաբանությունը, իրենց վարքագիծը ուղիղ ցույց էր տալիս, որ անխուսափելի է, որ իրենք պատրաստ են մինչև անգամ բախումների գնալ, ու այս բեմականացումը ցույց է տալիս, թե մինչև անգամ ուր են իրենք ունակ գնալ: Ժողովրդավար երկրում նման, անգամ ձևական բեմականացումն անթույլատրելի է, բաց ինձ համար ամենասարսափելին նա էր, որ հանդիսատեսը, այսպես ասած, այնտեղ` Բաղրամյան փողոցում գտնվող անձինք նաև ծափահարեցին դրանց: Եվ հրճվանք ու ժպիտ կար մարդկանց դեմքին, երբ խոսքը գնում էր մահվան մասին:
Ես, նորից պիտի ասեմ, զարմացած չեմ, որովհետև ընդդիմադիր կոչող իրենց այս խմբում կան մարդիկ, կան կուսակցություններ, որոնք Մարտի 1-ից հետո կոալիցիա են կազմել, և իրենք Մարտի 1 են մարսել, իրենք առանձին անձինք, որոնք որ պաշտոններ են զբաղեցրել ժամանակին և կանգնած են նաև, ենթադրում եմ, այս խմբի թիկունքում, նաև Հոկտեմբերի 27 են մարսել, այսինքն` այս մարդիկ բռնությունից զատ, այլ կերպ չեն պատկերացնում իրենց իշխանության գալը: Դա պիտի ուղերձ լինի մեր հանրությանը: Ժողովո՛ւրդ ջան, պիտի խնդրեմ` մի անգամ էլ նայեք, թե ով է ձգտում իշխանության: Ես բնավ չեմ պաշտպանում գործող իշխանությանը, որովհետև իմ խորին համոզմամբ` գործող իշխանությունը ճակատագրական սխալներ է արել, և իրենք պետք է նաև գնան ընտրությունների, մենք այլընտրանք չունենք, բայց այս խումբը, այս խմբակը, որն առաջին օրվանից բռնության և ատելության խոսք է տարածում, սա բացարձակ անընդունելի է:
«Ազատություն» - Տիկին Կարապետյանց, բայց ընդդիմադիրները նաև իրենց տարբեր հարցազրույցներում ասում են` իսկ լա՞վ էր, որ դուք այն ժամանակ բերում էիք դագաղներ, սև լենտեր, օճառներ էիք դնում մեր տների առջև, մեր բակերում, մենք էլ հիմա այսպիսի պատասխան ենք ձեզ տալիս:
Նինա Կարապետյանց - Դա էլ էր դատապարտելի, և մենք դստապարտել ենք, քաղհասարակությունը, իրավապաշտպաններն այն ժամանակ էլ են դատապարտել, և ես այն ժամանակ էլ էի ասում, որ ընդամենը մի բառը բավականացրեց Նիկոլ Փաշինյանին և իրենց խմբի, որպեսզի վենդետաներ չլինեն: Վենդետան այդ պահին շատ ակնհայտ էր և հնարավոր էր: Մի բառը բավականացրեց, այսինքն` մեկ բառը բավական էր նման գործողությունները դադարեցնելու համար, իհարկե, դա անընդունելի էր, բայց արդյոք նշանակում է, որ եթե ժամանակին, չգիտեմ, Մարտի 1 են իրականացրել, ուրեմն Մարտի 1-ը նորմալ պրոցես պետք է լինի: Իհարկե, ոչ:
Մենք ի վերջո, եթե դուք իսկապես գնում եք դեպի ժողովրդավարություն, եթե ձեզ իսկապես հետաքրքիր է Հայաստանի ապագան, որովհետև այսօր չի լուծվում ուղղակի ինչ-որ մանր-մունր տեխնիկական խնդիրներ, այսօր լուծվում է Հայաստանի լինել-չլինելու խնդիրը: Եվ իշխանություն-իրեն ընդդիմություն կոչած խմբի բախումը տանելու է Հայաստանի սուվերենության կորստին: Այն մարդիկ, ովքեր դա չեն հասկանում, ուղղակի անհայրենիք ժողովուրդ են: Ու ՀՀ շարքային քաղաքացին պետք է մի քանի անգամ մտածի, թեև ես վստահ եմ, որ իրենք շատ ավելի լավ են պատկերացնում իրավիճակը, շատ ավելի հստակ են գնահատում իրավիճակը, այլապես թվում է, թե լեփ-լեցուն պիտի լինեին տարբեր հրապարակներ: Մարդիկ գնահատել են իրավիճակն ու հասկացել են, որ այս պարագայում դուրս գալ փողոց նշանակում է` սուվերենությունը դնել կասկածի տակ:
«Ազատություն» - Ինչքա՞ն կարող է այս ամենը շարունակվել` հաշվի առնելով, որ Արմեն Սարգսյանը չի ստորագրում, և ի վերջո եթե Զինված ուժերի շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հրաժարական չի տալիս, այնտեղ իրավական գործընթաց է ստեղծվում, հետո ինչքա՞ն կարող է այս ամեն ինչը տևել և մինչև ո՞ւր կարող է հասնել, եթե կողմերը չփորձեն սեղանի շուրջ լուծել, կամ ինչպես Դուք ասացիք` գուցե արտահերթ ընտրություններն են լուծումը:
Նինա Կարապետյանց - Անգամ եթե Արմեն Սարգսյանը ստորագրի, անգամ եթե Օնիկ Գասպարյանը ինքնակամ հեռանա, բուն խնդիրը չի լուծվի, կա լարվածություն, և այդ լարվածությունն արհեստականորեն ստեղծվել է և՛ ընդդիմություն իրեն կոչեցյալ կողմից, և՛ իշխանությունների կողմից, բայց պատասխանատվությունն իրականում մեծ մասը կրում է իշխանությունը, որովհետև գործիքները ձեր ձեռքում են: Երբ որ վարչապետ Փաշինյանը միանձնյա որոշումներ է կայացնում, որ իմ կարծիքով` պահանջ չկա, իմ կարծիքով` արտահերթի պահանջ կա, այստեղ խնդիր է առաջանում: Այո, պիտի լինեն արտահերթ ընտրություններ, պիտի հայտարարվի դրա մասին, պիտի հնարավորություն տա ժողովրդական ճանապարհով երկրում իշխանությունը թեկուզ վերադարձնելու, թեկուզ նույն իմքայլականները վերադառնան իշխանության, ով ուզում է գա, բայց դա պիտի լինի ժողովրդավարական ճանապարհով: Մենք չենք կարող գնալ երկրորդ Մարտի 1-ի ճանապարհով, երկրորդ Հոկտեմբերի 27-ի ճակատագրով, մենք չենք կարող անցնել դա:
Ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.