Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ FIDE-ի վարկանիշային աղյուսակում այս ամսվա 101 լավագույն շախմատիստների ցանկում 6-րդ տեղը զբաղեցնող Լևոն Արոնյանը հեռանում է Հայաստանից։
Տևական լռությունից հետո շախմատի աշխարհի գավաթակիր Արոնյանն այսօր տարածած իր հայտարարությունում ընդգծել է՝ մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացել է, որ ստիպված է բեկումնային որոշում կայացնել ու հեռանալ հարազատ երկրից։
38-ամյա հայտնի շախմատիստը նշել է, որ տարբեր երկրներից, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, բազմաթիվ գրավիչ առաջարկներ է ստացել, բայց դրանք մերժել է` հիմնավորելով, որ այն, ինչ շախմատի զարգացման համար արվել էր Հայաստանում, ոչ մի նյութական արժեքի հետ չէր կարող համեմատել։ Իր ծավալուն տեքստում, սակայն, նա այդպես էլ չի հստակեցնում, թե որ երկիր է տեղափոխվում կամ թե որ երկրի դրոշի ներքո է այսուհետ հանդես գալու։
Մամուլը գրել էր, որ աշխարհի առաջնությանը պատրաստվելու համար կառավարությունը չի կատարել Արոնյանի` գերհզոր համակարգչի ձեռք բերման ու անձնական մարզչի ֆինանսավորման հարցը, թեև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից «Ազատությանը» փոխանցել էին, որ մեկ տարվա գումարը տրվել է։ Երևանի շախմատի տան տնօրենն էլ ընդգծել էր, որ իր տեղեկություններով` Արոնյանի ու վարչապետ Փաշինյանի միջև եղած պայմանավորվածության համաձայն` կառավարությունը երեք տարի շարունակ պետք է շախմատիստին որոշակի գումար հատկացներ։
Արոնյանն իր գրառմամբ ակնարկում է, որ միայն մեկ տարվա աջակցություն է ստացել:
«Կարևոր է նշել, որ մեր շախմատային հաջողություններում էական գործոն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ուշադրությունը և տարիներ շարունակ ցուցաբերած կարևոր աջակցությունը: 2018-ի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց», - գրել էր Լևոն Արոնյանը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցով է կառավարության տրված գումարը փոխանցվում Շախմատի տանը, այնտեղից էլ՝ Արոնյանին։
Արոնյանն իր տեքստում նաև նշել էր, որ բազմաթիվ անգամ փորձել է ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ իր մտահոգությունները ներկայացնել կրթության նախկին նախարար Արայիկ Հարությունյանին ու վարչապետին։
«Շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձևից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք մեր հաջողությունները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել՝ նույնիսկ շանտաժի միջոցով»:
«Իմ մտահոգությունը իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ անգամ փորձել եմ ներկայացնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանին, ոլորտի այլ պատասխանատուներին, ինչպես նաև ՀՀ վարչապետին՝ նրա հետ այս 3 տարիների ընթացքում ունեցած միակ հանդիպման ժամանակ, որի համար նա խստորեն սահմանել էր 15 րոպե: Շախմատի ոլորտում կայացվող կործանարար որոշումները կասեցնելու իր բոլոր փորձերը տապալվեցին: Ես այդպես էլ չկարողացա նրանց փոխանցել այն պարզ ճշմարտությունը, որ պետական աջակցություն խնդրում եմ ոչ թե անձամբ ինձ համար, այլ մեր հաջողություններով հայրենիքին ծառայելու և փառք բերելու հնարավորության, ինչը տասնամյակներ շարունակ Հայաստանը հնարավոր է այլևս չունենա: Պատասխանը եղավ. «Մեր փորձագետները գտնում են, որ Լևոն Արոնյանը այլևս պոտենցիալ չունի»: Անմիջապես այս «դատավճռից» հետո Ստավանգերի հեղինակավոր մրցաշարին ես պարտության մատնեցի և՛ աշխարհի չեմպիոնին, և՛ աշխարհի թիվ երկու խաղացողին», - իր ֆեյսբուքյան էջում նշել է Լևոն Արոնյանը:
Թե ինչ շանտաժի մասին է գրել շախմատիստը, կամ թե որ փորձագետներն են եզրահանգել, որ նա այլևս պոտենցիալ չունի, չի մանրամասնել: Այս հարցի պատասխանը մեզ չհաջողվեց պարզել նաև նախկին նախարար Արայիկ Հարությունյանից, ոչ էլ վարչապետի մամուլի խոսնակից։
ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը, արձագանքելով «Ազատության» հարցին՝ համարու՞մ եք, որ այս իշխանության մեղքով է Արոնյանը հեռանում երկրից, բացասական է պատասխանել. «Ոչ, չեմ համարում, շատ ցավում եմ, որ Արոնյանը նման որոշում է կայացրել: Շատ բարձր եմ գնահատում իր շախմատային նվաճումները, կարող եմ ընդամենը մեկ բան ֆիքսել իմ ունեցած տվյալների հիման վրա` չկա մի պաշտոնական պարտավորություն Արոնյանի նկատմամբ, որ նախարարությունը չի կատարել»:
Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, որ հեղափոխությունից հետո ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ ու խոստացել օրենսդիր գործունեությանը զուգահեռ լուծել նաև շախմատի բնագավառում առկա խնդիրները, այսօր ասաց՝ Արոնյանն իրավունք ունի իրեն մեղադրելու, այն, որ ոլորտում ոչինչ չի արվել, Հայրապետյանը չի ընդունում. «Առաջիկայում կբացվի Շախմատի վարպետության բարձրագույն դպրոց: Բացի այդ, մեր լեգենդար շախմատիստը նաև նշում էր, որ վերաբերմունքը շախմատի և շախմատիստների նկատմամբ էականորեն տարբերվել է: Կարող եմ ասել, որ այո, իսկապես էականորեն տարբերվել է, որովհետև օրինակ` 2019 թվականից շախմատը հավասարեցվել է օլիմպիական մարզաձևերին պարգևավճարների, լրավճարների իմաստով, և անգամ Լևոնի հարսանիքի քավորը, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն էր և ցայսօր շարունակում է մնալ այդ պաշտոնին, իր օրոք, ըստ էության, անգամ այդօրինակ հարցերը չեն լուծվել»: