Մատչելիության հղումներ

Լպուտյանի փոխանցմամբ, առաջիկա օրերին Լևոն Արոնյանը հանդես կգա հայտարարությամբ


Լևոն Արոնյան
Լևոն Արոնյան

Լևոն Արոնյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ, «Ազատությանն» փոխանցեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:

Երեկվանից մամուլը գրում է, որ գրոսմայստեր, համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխահի գավաթակիր Արոնյանն այլևս չի պատրաստվում հանդես գալ հայկական դրոշի ներքո, պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ՝ մշտական բնակության։

«Ես առանձնապես շատ բան չգիտեմ։ Ես երեկ հետը խոսեցի, ինքը ասեց, որ մի երկու օրից ինքը իր կողմից ինչ-որ գրառում կանի», - ասաց Լպուտյանը։

38-ամյա գրոսմայստերն առայժմ լռում է՝ անպատասխան թողնելով նաև շրջանառվող այն լուրերը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր լուծել իր համար գերհզոր համակարգչի ձեռքբերման և անձնական մարզչի ֆինանսավորման հարցը, որպեսզի ինքը կարողանար պատշաճ պատրաստվել աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջիկա մրցաշարին, բայց այդ խոստումը չի կատարվել։

ՀՀԿ-ի ցուցակով Երևանի ավագանու նախկին անդամ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք կառավարությունը փոխանցել է խոստացված 133 հազար 200 դոլարը, ասաց՝ տեղյակ չէ։ Այնինչ կառավարության 2019-ի ապրիլի 25-ի նիստում այն ժամանակ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը այս հարցով դիմել էր վարչապետին ու ընդգծել, որ գումարը հենց շախմատի ֆեդերացիային պետք է փոխանցվի։

Կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Ռաշիդ Գալստյանն «Ազատությանը» փոխանցեց, որ խոստացված գումարն ամբողջովին փոխանցվել է Արոնյանին․ - «Փոխանցվել է էդ տարվա կտրվածքով։ 2019 թվականի ընթացքում ամբողջ գումարը փոխանցվել է Լևոն Արոնյանին։ Դա բաղկացած է եղել մի քանի հոդվածներից՝ աշխատավարձը հոգեբանի, ֆիզիկական պատրաստության մարզչի, անձնական մարզչի համար, Արոնյանի հոգեբանի ամսեկան միջինացված ճանապարհածախսի համար, մրցումներին մասնակցելու համար և համակարգչի ձեռք բերման և պահպանման ծախսեր։ Այս վեց կետով փոխանցված ա էդ ամբողջ գումարը»։

Ի դեպ, հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հարսանիքի քավորն է ՀՀ երրորդ նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG