Մատչելիության հղումներ

Լևոն Արոնյան. «Ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»


«Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից», - ֆեյսբուքյան իր էջում գրել է շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանն՝ արձագանքելով շրջանառվող լուրերին, թե հրաժարվելու է Հայաստանի դրոշի ներքո հանդես գալուց և մեկնելու է ԱՄՆ՝ մշտական բնակության։

Արոնյանն ընդգծել է՝ ընտրության առջև էր կանգնած՝ թողնել կյանքի գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ իրեն գնահատում են, իսկ փոփոխության ակնկալիքի յուրաքանչյուր տարի, իր համար, նշել է, մարզական կարիերայի տեսանկյունից վատնված տարի է։

«Ես անկեղծորեն հպարտանում եմ նրանով, որ պատիվ եմ ունեցել զգալի ներդրում ունենալու հայկական շախմատի մեծագույն ձեռքբերումներում․ օլիմպիական երեք ոսկի, ոսկիներ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, աշխարհի երկու գավաթ, մի շարք անհատական և թիմային հաղթանակներ: Կարծում եմ՝ պարզ է, որ շախմատում հնարավոր չի հասնել համաշխարհային բարձունքների՝ առանց տևական ժամանակ կատարվող հսկայական աշխատանքի և պետության նպատակային օժանդակության: Կարևոր է նշել, որ մեր շախմատային հաջողություններում էական գործոն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ուշադրությունը և տարիներ շարունակ ցուցաբերած կարևոր աջակցությունը», - գրել է Արոնյանը:

Ընդգծելով, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը՝ շախմատիստը նշել է՝ խոստումը սահմանափակվեց ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց:

«Այդ ընթացքում շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձևից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք մեր հաջողությունները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել՝ նույնիսկ շանտաժի միջոցով: Նրանց հաջողվեց պառակտել տարիներով ձևավորված շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի: Իմ մտահոգությունը իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ անգամ փորձել եմ ներկայացնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանին, ոլորտի այլ պատասխանատուներին, ինչպես նաև ՀՀ վարչապետին՝ նրա հետ այս 3 տարիների ընթացքում ունեցած միակ հանդիպման ժամանակ, որի համար նա խստորեն սահմանել էր 15 րոպե», - գրել է Արոնյանը:

Նա նշել է, որ շախմատի ոլորտում կայացվող կործանարար որոշումները կասեցնելու իր բոլոր փորձերը տապալվել են․ - «Ինձ այդպես էլ չհաջողվեց բացատրել նոր կառավարությանը, որ շախմատը մեր երկրում մեծ ժառանգություն է, և որ այս ոլորտում մեր հաջողությունները, թերևս, մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից են: Անձամբ ինձ համար հայկական շախմատի հաղթանակները Անկախ Հայաստանի երկրորդ հպարտությունն են՝ 1992-1994թթ. Արցախյան ազատամարտում մեր հաղթանակից հետո: Ես այդպես էլ չկարողացա նրանց փոխանցել այն պարզ ճշմարտությունը, որ պետական աջակցություն խնդրում եմ ոչ թե անձամբ ինձ համար, այլ մեր հաջողություններով հայրենիքին ծառայելու և փառք բերելու հնարավորության, ինչը տասնամյակներ շարունակ Հայաստանը հնարավոր է այլևս չունենա: Պատասխանը եղավ. «Մեր փորձագետները գտնում են, որ Լևոն Արոնյանը այլևս պոտենցիալ չունի»:

Արոնյանը տեղեկացնում է, որ անմիջապես այս «դատավճռից» հետո Ստավանգերի հեղինակավոր մրցաշարին պարտության է մատնել և՛ աշխարհի չեմպիոնին, և՛ աշխարհի թիվ երկու խաղացողին:

«Մայրս հաճախ է կրկնում հայկական ասացվածքը. «Աստված ամեն մարդու իր չափով է փորձություն տալիս»: Իմ կյանքում շատ փորձություններ են եղել, և յուրաքանչյուր նորը ես ընդունում եմ խոնարհությամբ և երեկվա համեմատ ավելի լավը լինելու պատրաստակամությամբ: Հուսով եմ՝ այս մեկն էլ արժանապատվորեն կհաղթահարեմ: Համոզված եմ, որ կանցնի ժամանակ, և շախմատը Հայաստանում կվերադառնա իր կարգավիճակին: Եվ փակվող շախմատային դպրոցների և հեռացած նվիրյալների փոխարեն մենք կրկին կտեսնենք հարգանք այն սպորտաձևի նկատմամբ, որտեղ մենք՝ որպես ազգ և երկիր, ունեցել ենք և, կարծում եմ, դեռ կունենանք մեր կայուն տեղը», - գրել է Արոնյանը՝ եզրափակելով․ - «Ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել, որ բոլոր թելերով կապված եմ հայրենիքիս և անգամ հեռվից շարունակելու եմ հնարավորն ու անհնարինն անել իմ երկրի համար»:

XS
SM
MD
LG