Փոխարենը նրա մայրն ու ընկերուհին իրենց ֆեյսբուքյան գրառումներով ակնարկում են, թե աշխարհի առաջնությանը պատրաստվելու համար կառավարությունը չի կատարել խոստումն ու չի լուծել Արոնյանի համար գերհզոր համակարգչի ձեռք բերման ու անձնական մարզչի ֆինանսավորման հարցը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից սակայն, նախորդ շաբաթ «Ազատությանը» փոխանցել էին, որ 2019-ին կառավարությունը փոխանցել է խոստացված 133 հազար 200 դոլարն ամբողջությամբ։
Իսկ ահա Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան տնօրեն Հրաչիկ Թավադյանի տեղեկություններով, Արոնյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին միջև եղած պայմանավորվածության համաձայն, կառավարությունը երեք տարի շարունակ պետք է շախմատիստին որոշակի գումար հատկացներ, բայց 2019-ի փոխանցումից հետո նրան գումար այլևս չի հատկացվել։
Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը խուսափում է հարցը մեկնաբանելուց, «Ազատությանը» միայն ասաց, որ ֆինանսական հարցերով Շախմատի տունն է զբաղվում։ Կառավարությունը գումարը փոխանցում է ԿԳՄՍ նախարարությանը, որն էլ այն հատկացնում է Շախմատի տանը ու փոխանցվում Արոնյանին։
«Ինչքան ես եմ տեղյակ, ինքը վարչապետի հետ էն ժամանակ հանդիպել ա, ծրագիր ա ներկայացրել երեք տարվա, ու վարչապետը խոսք ա տվել, որ կֆինանսավորի։ Հետո, չգիտեմ ինչի, չի ֆինանսավորել․․․», - «Ազատության» հետ զրույցում ասաց Լպուտյանը։
Օրեր շարունակ մեզ չի հաջողվում ո՛չ կառավարությունից, ո՛չ էլ ԿԳՄՍ նախարարությունից պարզել, թե ինչ պայմանավորվածության մասին է խոսում Շախմատի տան տնօրենը, կամ ի՞նչ ծրագիր է Արոնյանը ներկայացրել վարչապետին։
«Ազատությունն» այսօր ևս մեկ փորձ է արել ու հարցն անձամբ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին ուղղեց՝ արդյո՞ք կառավարությունը նախարարությանը գումար է փոխանցել, որպեսզի այն հատկացվի Լևոն Արոնյանին։
Թեև այս թեման դեռ նախորդ շաբաթվանից է շրջանառվում, այդուհանդերձ նախարարը տեղյակ չէր. – «Այս պահին չեմ կարող պատասխանել ձեր հարցին»։
38-ամյա գրոսմայստեր Լևոն Արոնյանի մայրը՝ Սեդա Արոնովան իր ֆեյսբուքյան էջում թվելով որդու կարևոր հաղթանակները, նաև անդրադարձել է 2019-ին կառավարության տրամադրած «աստղաբաշխական գումարների» մասին տեղեկատվությանը՝ ընդգծելով, որ դա որդուն հասցեագրված չի եղել, այլ փոխանցվել է Հայաստանի շախմատի ֆեդերացիային՝ հատուկ սերվերից օգտվելու թույտվություն ձեռք բերելու համար։ Այդ սերվերից օգտվել է ոչ միայն Արոնյանը:
Տիկին Արոնովան պնդում է, որ Արոնյանի՝ սերվերից օգտվելու թույլտվությունը դադարեցվել է 2020 թվականից։
Այս պատմության մանրամասները չի հաջողվում պարզել ո՛չ Արոնյանից, ո՛չ էլ ԿԳՄՍ-ից։ Շախմատի տան տնօրենը նույնպես հստակ պատասխան չտվեց, բայց ասաց՝ դրա համար բավականին մեծ գումար է հարկավոր։
Տնօրենը նաև մանրամասնեց, թե ինչ է տալիս շախմատիստին այդ սերվերից օգտվելը․ - «Ինքը արագությունն ա բան անում և ուժեղացնում ա։ Էդ պարտիաները, որ ինքը նայում ա, քայլերը որ դնում ա, որ կոմպյուտերը վերլուծի։ Կոմպյուտերը շատ արագ և շատ որակով վերլուծում է։ Հիմա աշխարհի չեմպիոնները շատ հզոր կոմպյուտերներ ունեն, ուժեղ սերվերի հետ միացնում են, որ շատ մարզիչներ չվերցնեն։ Սև գործը էդ կոմպյուտերներն անում են, կոմպյուտերից հետո իրենք նայում են»։
Լևոն Արոնյանն այս օրերին մասնակցում է արագ շախմատի օնլայն մրցաշարին (Opera Euro Rapid)։ Թեև սկզբի մի քանի տուրերում հաղթանակ է գրանցել, սակայն վերջում դուրս է մնացել պայքարից։