Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը, հայտարարում է Վազգեն Մանուկյանը

Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումն» այսօր հայտարարեց պայքարի նոր սկզբի մասին։

Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ իրենք անդադար անհնազանդության ակցիաներ են իրականացնելու. «Փետրվարի 20-ը հայտարարում ենք մեր շարժման նոր սկիզբ և նոր էջ ենց բացում Հայաստանի ժողովրդի պատմության մեջ: Երկրորդը` միասին պայմանավորվել ենք, որ համաժողովրդական պահանջն այս իշխանությունների հեռացման պետք է դարձնենք համաժողովրդական պայքար: Եվ այսօրվանից սկսած Նիկոլը և Նիկոլի իշխանությունն օր ու արև չպետք է ունենա Հայաստանում:

Չենք նահանջում, գնալու ենք մինչև վերջ միասին, համառ, հետևողական, հետևաբար մեկ անգամ ևս բոլորը ձեռքերը վեր`ամուր, վճռական, և հիմա դու, Նիկո՛լ, տես` քեզ հեռացնելու պահանջ կա: Առանց Նիկոլ Հա-յաս-տա՜ն»:

Ընդդիմադիրների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարեց՝ Փաշինյանն ինքնակամ չի հեռանա։ Վարչապետին իշխանությունից հեռացնելու համար մեկ տասնյակից ավելի ընդդիմադիր ուժերը համախմբող շարժման վարչապետի թեկնածուն երկու տարբերակ առաջարկեց։ Առաջինով, ըստ Մանուկյանի, «պետք է ջարդել» և իրենց կողմը գրավել վարչապետի հենարանները, որոնց թվում, ըստ նրա, ժողովուրդը, ուժային կառույցներն ու իշխանական խմբակցության պատգամավորներն են։ Ասաց, որ ժողովրդին պետք է բացատրել, թե ինչ իրավիճակում է երկիրը, իսկ ուժային կառույցների ներկայացուցիչների ու «Իմ քայլի» պատգամավորների նկատմամբ պետք է կոշտ լինել, միևնույն ժամանակ համոզել նրանց՝ թողնելով նահանջի ճանապարհ։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որպես երկրորդ տարբերակ Մանուկյանը, այսպես ասած, կայծակնային ապստամբություն առաջարկեց:

«Ցանկացած պահ` դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը: Մենք գնալու ենք Ա ճանապարհով` պատրաստ լինելով Բ ճանապարհին», - հայտարարեց Մանուկյանը:

Ամիսների դադարից հետո հրավիրված հանրահավաքին նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ՝ կրկին հայտարարելով` ներկայիս իշխանությունները օր առաջ պետք է հրաժարական տան։ Ծառուկյանը պնդեց՝ գործող իշխանությունների պատճառով մարդիկ սոցիալական ծանր պայմաններում են հայտնվել. «Ժողովուրդն է պետություն պահողը, ժողովուրդն է պետություն հզորացնողը, մենք պետք է այդ ժողովրդին ձեռք մեկնենք: Ես նորից եմ ասում` օր օրի ավելի վատանալու է, այդ քայլերն իրենց ի վիճակի չեն կատարել, ինչպես 2020 թվականին ասացի` անփորձ երիտասարդներ են, նրանք փորձ չունեն, նրանք չեն կարող»:

«Հայրենիքի փրկության շարժման» անդամները հայտարարեցին, որ չնայած տևական ժամանակ հանրահավաքներ չեն անցկացվել, սակայն շարժումւը որևէ վարկյան չի դադարել։ Շարժման համակարգող, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե հանրահավաքը խորը ապտակ էր նրանց, ովքեր ասում էին, թե շարժումը մարել է։ Հանրահավաքից հետո կազմակերպիչները քաղաքացիներին ուղղորդեցին դեպի կենտրոնական մի քանի փողոցների խաչմերուկներ։ Շարժման մասնակիցները քաղաքի կենտրոնի որոշ փողոցներում տևական ժամանակ կաթվածահար արեցին երթևեկությունը, նաև բախումների դեպքեր եղան։