Սերժ Սարգսյանը չի դրսևորում Ռոբերտ Քոչարյանին ճանապարհ բացելու միտում, շեշտում է Հակոբ Բադալյանը

«Ազատության» զրուցակիցը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն է:

«Ազատություն» - Ընդդիմությունը հերթական հանրահավաքն է անցկացնում, մեկ տասնյակից ավելի կուսակցություններ միացան, «Հայրենիքի փրկության շարժում» ստեղծեցին` Նիկոլ Փաշինյանի հեռացման նպատակով: Մոտ երեք ամիս է անցել, ինչո՞ւ, ըստ Ձեզ, նրանց չի հաջողվել իրականացնել իրենց հիմնական նպատակը:

Հակոբ Բադալյան - Գլխավորը, կարծում եմ, հանրային բավարար աջակցության բացակայությունն է, և դրա պատճառներն էլ մի քանիսն են: Դրա հիմնական պատճառն էլ, իմ կարծիքով, այն է, որ այդ ընդդիմությունն առավելապես միավորում է նախկին համակարգը ներկայացնող տարբեր խմբեր և դեմքեր, այդ ընդդիմությունն ասոցացվում է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և ըստ այդմ հանրությունը, չհաղթահարելով իր անվստահությունը, այսինքն` չփոխելով իր անվստահությունն այդ համակարգի հանդեպ, եթե նույնիսկ ունի խնդիրներ և հարցադրումներ ներկայիս իշխանության հանդեպ, միևնույնն է` շարունակում է չվստահել այդ համակարգը ներկայացնող ուժերին:

Իհարկե, կա նաև մեկ այլ պատճառ. ես կարծում եմ, որ այդ ընդդիմությունն իր գործունեության հարցում առավելապես ակնկալում էր աջակցություն Ռուսաստանից, բայց մենք տեսնում ենք, որ այդ աջակցությունը չկա, ինչը գուցե նաև պայմանավորված է հենց նրանով, որ մի կողմից Ռուսաստանի համար ներկայումս Հայաստանում իշխանություն փոխելը մի շարք պատճառներով շահեկան չէ, և երկրորդը` առավել ևս դա խնդիր կարող է առաջացնել, և չկա այդ ընդդիմության հանդեպ հանրային վստահություն, որն ակնկալում էր Ռուսաստանի օգնությամբ նաև փոփոխություն իրականացնել Հայաստանի քաղաքական կյանքում:

«Ազատություն» - Երբ որ ասում եք` Ռուսաստանից այս ընդդիմությունը չունի աջակցություն, աջակցություն ունի իշխանությո՞ւնը:

Հակոբ Բադալյան - Ես չեմ կարծում, որ աջակցություն ունի իշխանությունը, աջակցություն ունի ստատուս քվոն, եթե այսպես ասենք, Հայաստանի ներքաղաքական ստատուս քվոն, որը Ռուսաստանն, իհարկե, չափում կամ հաշվում է իր ռեգիոնալ խնդիրների համատեքստում, այն ստատուս քվոյի համատեքստում, որը պատերազմի հետևանքով հաստատվեց ռեգիոնում և ամրագրվեց ռուս-թուրքական համաձայնությամբ և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Նաև այդ ստատուս քվոն ներկայումս Ռուսաստանից պահանջելու է գործողություններ, որոշումներ կամ համենայն դեպս մեծ հավանականություն, որոնք Հայաստանից կարող են ակնկալել ինչ-ինչ ոչ պոպուլյար քայլեր, և Ռուսաստանի համար շահեկան չէ փոխել Հայաստանում իշխանություն և ըստ այդմ այդ նոր իշխանությանը դնել այդ խնդիրների առաջ, որովհետև ցանկացած նոր իշխանություն պետք է բնականաբար ավելի կոշտ քաղաքականություն վարի: Սա հասկանում ենք բոլորս, և սա Ռուսաստանի համար ռիսկ է:

Բացի արմատական ընդդիմություն-իշխանություն հակադրությունից, կան նաև լուրջ խնդիրներ հենց արմատական ընդդիմության ներսում, դիմակայությունը ոչ միայն իշխանություն-ընդդիմություն է ներկայումս, այլ նաև ընդդիմության ներսում տարբեր ուժերի միջև:

«Ազատություն» - Ռոբերտ Քոչարյանն է այս շարժման համակիրը, արտահերթին մասնակցելու հստակ հայտարարություն է արել, բայց 17 քաղաքական ուժերի հարթակում դռ չի երևացել: Արդյոք այս ուժերի միջոցով կլինի նրա հնարավոր վերադարձը, Քոչարյանը, նկատի ունեմ, կփոխարինի՞ Վազգեն Մանուկյանին:

Հակոբ Բադալյան - Կարծում եմ` Ռոբերտ Քոչարյանն արդեն բաց հայտարարել է իր վերադարձի մասին: Նրա վերջին հարցազրույցները տողատակում ակնհայտ պարունակում էին հարցադրում հենց շարժմանը` կամ դուք դիտարկում եք ինձ առաջնորդ և առաջատար, կամ ես չունեմ ձեր կարիքը, ես ինքս ունեմ բավարար ռեսուրս` իմ քաղաքական ծրագրերը իմ ուժերով, իմ թիմով առաջ տանելու համար, այսինքն` ցույց էր տալիս, որ ինքն այս շարժման կարիքը չունի, շարժումը գուցե ունի իր կարիքը: Հիմա ինչպիսին է իրական հարաբերակցությունը, ես կդժվարանամ ասեմ:

Այստեղ առանցքային դեր կխաղա Սերժ Սարգսյանի գործոնը: Սարգսյանն էլ հայտարարեց, որ ինքը չի հանձնվելու, մնալու է ակտիվ քաղաքականության մեջ: Իմ կարծիքով` Սերժ Սարգսյանի ակտիվությունը, հատկապես արտահերթ ընտրությունը մերժելու կոշտ դիրքորոշման համատեքստում ակտիվությունը բավական խնդիրներ առաջացնում է Ռոբերտ Քոչարյանի համար:

«Ազատություն» - Այսինքն` հաասություն ե՞ք տեսնում նրանց միջև:

Հակոբ Բադալյան - Ակնհայտ կա, մեկը առնվազն ընտրությանը կողմ է արտահայտել` Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, մյուսը դեմ է կտրականապես: Սա էական տարակարծություն է, իմ կարծիքով, որովհետև վերաբերում է արտահերթ ընտրությանը:

«Ազատություն» - Այլ մեկնաբանություններ էլ կան, որ մեկը մյուսին չի ուզում խանգարել:

Հակոբ Բադալյան - Տեսեք, կան համակիրներ, այսինքն` Սերժ Սարգսյանն ունի իր շրջանակը, Ռոբերտ Քոչարյանն` իր շրջանակը, եթե կա արմատական դիրքորոշում, ապա առաջանում է նաև այդ շրջանակների վարքագծի կառավարում և այլն: Եվ այստեղ ակնհայտ է պայքարը, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ինքը մեծ քաղաքականությունից դուրս չի եկել և դուրս էլ չի գալու:

«Ազատություն» - Բայց ասում է` չեմ հավակնելու ղեկավար պաշտոնի:

Հակոբ Բադալյան - Դա էական չէ, էականն այն է, որ ինքը հայտարարում է, որ ես խաղալու եմ, և դա հայտարարում է Ռոբերտ Քոչարյանի հայտից հետո, այսինքն` Սերժ Սարգսյանն ամենևին չի դրսևորում Քոչարյանին ճանապարհ բացելու նպատակ կամ միտում: Սա, իհարկե, գալիս է դեռևս նրանց իշխանության շրջանում եղած իրողություններից:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ.