Մատչելիության հղումներ

«Համաձայնել եմ մնալ վարչապետ, որ իրականացնեմ այդ տարբերակը». Սարգսյանը` ԼՂ հարցով աշխատանքային տարբերակի մասին


Հրաժարականի մասին

Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր, հայտարարում է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ ես նախընտրեցի անցնցում հեռանալ, քան թե փորձել բազմաթիվ լուծումներից մեկն առաջարկել հանրությանը։ Ես երբեք չեմ համաձայնում այն մտքի հետ, որ արտահայտեցիք, որ ես նրանց հանձնել եմ իշխանությունը։ Ոչ, նախ իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին: Ես հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն այդպես կարծելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց», - նշում է նախկին նախագահը` հավելելով, որ ինքը, ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից և այն համոզմունքից, որ եթե փոխվի գլխավոր բանակցողը, ապա բանակցային պրոցեսում տեղի են ունենալու այնպիսի փոփոխություններ, որոնք ճակատագրական էին լինելու երկրի համար։

«Հենց այդ պատճառով ես համաձայնեցի ընտրվել վարչապետ, և որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ Հայաստանում կարող է այդ շարժումը, նախաձեռնությունը ստանալ այդպիսի ընթացք։

Ես նաև շատ լավ հասկանում եմ բոլոր այն մարդկանց, որ հետհայաց, ռետրոսպեկտիվ վերլուծելով, ասում են՝ բա ինչո՞ւ նախնական շրջանում միջոցներ չձեռնարկվեցին, ինչո՞ւ, օրինակ, երբ նրանք Ռադիոտունը գրավեցին, կոշտ միջոցներ չձեռնարկվեցին, բայց մյուս կողմից էլ ուզում եմ, որ նրանք հասկանան նաև ինձ՝ նորից եմ ասում՝ որևէ նախադրյալ չկար, որ կարող էր այդ շարժումը այդպիսի թափ ստանալ, այդպիսի ուժգնություն ստանալ», - շեշտում է Սարգսյանը։

Հարցին, թե իր հրաժարականի տեքստի ամենահայտնի արտահայտությունը, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ինքը` Սարգսյանը սխալվեց, վերաբերո՞ւմ էր իր հետնորդի սխալ ընտրությանը, նա պատասխանում է. «Ոչ։ Ես այդ հայտարարությունը խմբագրել եմ երեք անգամ․ առաջին անգամ՝ ապրիլի 23-ի առավոտյան՝ ավելացրել եմ մի քանի նախադասություն, այնուհետև հայտարարության տեքստը դրել եմ կողքի, մի 30-40 րոպե հանգիստ մտածել եմ, այնուհետև այդ նախադասություններից կրճատել եմ որոշ բաներ, պարզեցրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ կարծիքով՝ այդպիսի տեքստը կարող էր իրավիճակն էլ ավելի թեժացնել, և երբ որ որոշ ժամանակ հետո իմ պատկերացմամբ՝ այդ տեքստն արդեն իր վերջնական տեսքն ուներ, հրավիրել եմ վարչապետ Կարեն Կարապետյանին և ուղիղ նրան հարցրել՝ ասելով հետևյալը. «Կարե՛ն ջան, պարո՛ն վարչապետ, ես կարծում եմ, որ հանգուցալուծումը կարող է լինել իմ հեռանալով, պատրա՞ստ ես արդյոք այս իրավիճակում ամբողջ պատասխանատվությունը վերցնել քեզ վրա»։ Նա անմիջապես ասաց՝ այո, ինչը ես գնահատում եմ։ Ասացի՝ ուրեմն պայմանավորվենք հետևյալ կերպ՝ մենք որոշ ժամանակ հետո պետք է գնանք նախագահական (այնտեղ խորհրդակցություն կար Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ), և այդ խորհրդակցությունից անմիջապես հետո կարող ես գնալ մեկուսարան և նրանց հայտնել, որ ես այսօր հրաժարական եմ տալու, թող նրանք իրավիճակը լիցքաթափեն։ Չմոռանանք, որ հաջորդ օրը ապրիլի 24-ն էր։ Պայմանավորվեցինք»։

Կապիտուլյանտն իմ նախագիծը չէ. Սարգսյան

Հարցազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը շեշտում է. «Կապիտուլյանտն իմ նախագիծը չէ: Ուղղակի ուզում եմ մեկ անգամ ևս ասել, որ նա այն ուժերի նախագիծն է, ում հետ ես երբեք որևէ ընդհանուր բան չէի կարող ունենալ։ Նրանց հետ ունեցել եմ միայն հակասություններ: Հակասություններ այն առումով, որ իմ պատկերացումները Հայաստանի և Արցախի զարգացման հարցում էապես տարբերվում էին այդ ուժերի պատկերացումներից»։

Բանակցային գործընթացի մասին

Սերժ Սարգսյանն անդրադառնում է նաև բանակցային պրոցեսին, արցախյան պատերազմին` նշելով, որ երբ գործող իշխանությունները հրաժարվել են նրանց ձեռքբերումներից և սկսել, այսպես ասած, «Ալիևից տեղեկանալ բանակցային պատմության մասին», իր համար շատ հստակ հասկանալի է դարձել, որ «գնում ենք դեպի պարտություն, դեպի պատերազմ»։

«Տեսեք, ես ըմբռնումով եմ մոտենում սրանց այն ցանկությանը, որ իրենք փորձում էին ժամանակ շահել և միգուցե այդ ժամանակի ընթացքում հանգամանորեն ծանոթանալ, թե ինչի մասին էինք բանակցում և ուր էինք հասել, բայց այդ ժամանակը պետք էր շահել շատ պարզ, հասկանալի պատճառաբանությամբ և համանախագահներին բառացիորեն հետևյալն ասել՝ պարոնայք համանախագահներ, այո, նախկին իշխանությունները գողեր էին, ավազակներ էին, թալանչիներ էին և այլն, և այլն, բայց, այնուհանդերձ, 2016-ին տեղի է ունեցել պատերազմ, և պատերազմի արդյունքով դուք ինքներդ ահա այսպիսի հայտարարություն եք ընդունել։ Խնդրում եմ՝ բերեք իրականացնենք այս հայտարարությունը, այնուհետև անցնենք առարկայական բանակցությունների։ Փոխարենը ի՞նչ արեցին՝ անհասկանալի պայման դրեցին համանախագահների և Ադրբեջանի առջև», - նշում է Հայաստանի նախկին ղեկավարը:

Կազանյան փաստաթղթի մասին և ոչ միայն

Սերժ Սարգսյանը ընդգծում է` Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր ԼՂ կարգավիճակ Ադրբեջանից դուրս. «Մենք ստանալու էինք միջազգայնորեն երաշխավորված խոստում, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտմամբ, որը ունի պարտադիր իրավական ուժ, և որի օրակարգը ոչնչով չի սահմանափակվում։ Դա մեզ հնարավորություն էր տալիս շատ հանգիստ գնալ խնդրի լուծման, այո, փոխզիջումների միջոցով։ Բացի դրանից, մենք ստանում էինք ԼՂ միջանկյալ կարգավիճակ, որը, ինչպես և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ համանախագահները որակում էին որպես «այսօրվա իրողություն պլյուս»։ Ահա այդ միջանկյալ կարգավիճակով ԼՂ-ն ստանում էր անվտանգության յոթ երաշխիք, որոնցից առաջին կետը հետևյալն էր՝ ԼՂ անվտանգությունն ապահովում են ԼՂ ինքնապաշտպանության ուժերը, որ ՀՀ-ն պաշտոնապես հանդիսանում է ԼՂ անվտանգության երաշխավորը, որ ԼՂ-ի գործադիր և օրենսդիր մարմինների ընտրությունը ճանաչվում է միջազգային հանրության կողմից, որ ԼՂ-ում դատաիրավական համակարգը համարվում է, այսպես ասած, ճանաչված միջազգային հանրության կողմից, խաղաղապահների մասնակցություն և այլն»։

-Առաջին նախագահը վերջերս հայտարարեց, որ իր տպավորությամբ՝ Ձեր վերընտրությունից հետո Դուք պատրաստ էիք ստորագրելու Լավրովյան պանը։ Նախ հասկանանք՝ դա Կազանյան փաստաթղթի մոդիֆիկացիա՞ն է, առհասարակ, եղե՞լ է այդպիսի փաստաթուղթ, և Դուք պատրաստ եղե՞լ եք 2018-ին Ձեր վերընտրությունից և իշխանության մնալու դեպքում դա ստորագրել։

-Նախ պետք է ասեմ, որ Լավրովյան փաստաթուղթ, որպես այդպիսին, գոյություն չի ունեցել։ Ինչն է անվանվել Լավրովյան փաստաթուղթ. Իմ ասած երկրորդ տարբերակը, այսինքն՝ Կազանյան փաստաթղթի Մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակը Լավրովը առաջարկել է համանախագահների անունով, և երբեք չի եղել մի, այսպես ասած, բանակցային պրոցես, որ համանախագահներից որևէ մեկն առանձին իր գաղափարներն առաջարկեր։ Միշտ համաձայնեցված է եղել։ Սա էր այն, ինչի մասին ես ասացի։ Եվ այն, ինչ կոչվում է Լավրովյան փաստաթուղթ և Կազանյան փաստաթուղթ։ Իմիջիայլոց, կներեք, որ մի քիչ շեղվում եմ, Կազանյան փաստաթուղթը միակ փաստաթուղթն է, գոնե մինչև 2018-ը միակ փաստաթուղթն էր, որ դարձել էր աշխատանքային փաստաթուղթ։ Եվ այդ փաստաթուղթը, ուրեմն, գտնվում է ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Այլ աշխատանքային փաստաթուղթ չի եղել։

-Լավրովյան պլան՝ որպես աշխատանքային փաստաթուղթ, գոյություն չունի՞։

-Ուզում եմ նաև այդ մասին մի քիչ խոսել, որովհետև շատ-շատերը լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում աշխատանքային փաստաթուղթ, ինչ է նշանակում առաջարկություն, և ինչ է նշանակում ընդհանրապես թուղթ, որ տալիս են քեզ՝ ծանոթանալու համար։ Աշխատանքային փաստաթուղթն այն փաստաթուղթն է, որ միջնորդները ներկայացնում են իրենց պատկերացրած լուծումը, և կողմերն ասում են՝ այո, այս փաստաթղթի շուրջ կարելի է բանակցել և գալ համաձայնության։ Եվ սկսվում է արդեն աշխատանքը՝ ըստ տողերի, սկզբունքների և այլնի։ Սա է աշխատանքային փաստաթուղթը և ոչ թե այն, ինչը բազմաթիվ անգամ կարող են անել համանախագահները՝ իրենց գաղափարները գրավոր կերպով կամ բանավոր կողմերին հայտնելով։ Գաղափարները կարող են բազմաթիվ լինել, բայց երբ միանգամից ծանոթանալով այդ գաղափարին՝ ասում ես՝ սա անհնար է քննարկել, այլևս քննարկում չի լինում։ Ես ենթադրում եմ, որ այն փաստաթուղթը, որ 2019-ի ապրիլին տրվել էր կողմերին, բնականաբար, այդ թվում՝ հայկական կողմին, հայկական կողմի պատասխանը, ամենայն հավանականությամբ, եղել է, որ այո, այս փաստաթղթի շուրջ կարելի է քննարկումներ իրականացնել։ Հակառակ պարագայում, եթե մերժվեր, ապա, երևի, այլ առաջարկություններ կներկայացվեին, կամ այն գլխից համանախագահները կասեին, որ իրենց առաջարկները մերժված են։

-Դրա տրամաբանությունը փուլայի՞ն է եղել, պարո՛ն նախագահ։ Լավրովի ասածից կարո՞ղ ենք դատել։

-Դուք հիշում եք, որ դրա մասին առաջին անգամ հայտարարեց Լավրովը՝ արդեն 2020-ի գարնանը՝ մեկ տարի անց։ Այսինքն՝ համանախագահները դրանով ուզում էին ասել, որ մենք կողմերին տվել ենք փաստաթուղթ, ստացել ենք հավաստիացում, որ սրա շրջանակներում կարելի է քննարկել, գալ համաձայնության, բայց կողմերից մեկը, և, ինչպես հասկացանք, հայկական կողմը հետո հրաժարվեց շարունակել բանակցությունները։ Այո, իմ խորին համոզմամբ՝ դա եղել է փուլային տարբերակ, որովհետև ինչո՞ւ պետք է հայկական կողմը փաթեթային տարբերակից հրաժարվեր։ Իսկ թե ինչո՞ւ եղավ փուլային տարբերակ, դա արդեն ևս խոսակցության թեմա է։

-Պարո՛ն նախագահ, առաջին նախագահը ճի՞շտ էր իր եզրակացության մեջ՝ պատրա՞ստ էիք իշխանության մնալու դեպքում ստորագրել այդ աշխատանքային տարբերակը։

-Ես ոչ միայն պատրաստ էի ստորագրել, այլ ես բացառապես համաձայնել եմ մնալ ՀՀ վարչապետ, որ իրականացնեմ այդ տարբերակը։ Եվ ես այն ոչ թե պետք է գաղտնի ստորագրեի, այլ բնականաբար, երբ հասնեինք նրան, ինչին ձգտում էինք, ապա այդ տարբերակը, ես չեմ ասում՝ հանրաքվեի կդնեինք և այլն, բայց շատ մեծ և բուռն քննարկման առարկա կդարձնեինք հասարակությունում։ Ես վստահ չէի, որ հասարակության մեծ մասը դրան կարող էր սատարել, իհարկե, եթե հիմա հնարավորություն ունենայինք պատմության անիվը հետ պտտելու և վերադառնալու 2018, կարծում եմ՝ մեր բնակչության 99 տոկոսը դրան կողմ կլիներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG