Խորհրդարանում անցյալ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձարգույն կրթության ու գիտության մասին» օրենքում լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ, նման տեսակետներ են հնչում օրենքի շահառուներից։ Նախ օրենքը պարտադիր պետք է սահմանի պետության պարտավորությունը` ֆինանսավորելու գիտությունը, ինչպես նաև ֆինանսավորման նվազագույն պարտադիր չափը։
«Արդեն բացի տեխնոլոգիական արդյունաբերության համայնքի կողմից արդեն գիտակցելով, որ կրիտիկական է վիճակը գիտության հետ կապված` պահանջում ենք, որպեսզի գիտության ոլորտը կարգավորող օրենքում ամրագրվի, որ պետությունը հանձնառություն է վերցնում 2024 թվականից բյուջեի 4 տոկոսով հատկացումներ կատարի գիտության զարգացման համար», - ասում է Տիգրան Շահվերդյանը:
Վերջինս «Ռոբոմարտ» ընկերության համահիմնադիրն է, երկար տարիներ էլ աշխատել է գիտական ինստիտուտներում։ Առանց գիտության անհնար է պատկերացնել կայացած բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, իսկ առանց պատշաճ ֆինանսավորման էլ չի լինի գիտություն, վստահ է Շահվերդյանը։ Գիտական գործունեության մասին գործող օրենքը սահմանում է, որ «գիտության համար պետությունն ամեն տարի նախատեսում է նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ», ինչը նշանակում է, որ որևէ տարի գիտության ֆինանսավորումը չէր կարող կրճատվել։ Անցյալ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունված նոր օրենքում նման դրույթ չկա:
«Այդ կետը փոխարինել են, 2001 թվականին այլ կետ է եղել, փոխարինել են այս կետով: Եղել է հենց ամրագրված, որ առնվազն 3 տոկոսը բյուջեի պետք է հատկացվի գիտությանը, 2000 թվականի օրենքում է ֆիքսված, բայց 2001 թվականին փոխել են այս կետով, որը հիմա գործում է, որը վերջին 20 տարիներին կարողանում էր ինչ-որ չափ պաշտպանել, որ հանկարծ կտրուկ չկրճատեն, չնայած էլի ոտնձգություններ եղել են, այսպես ասեմ, և կորուստներ ենք ունեցել դրա պատճառով, բայց ինչ-որ չափի պաշտպանություն է ապահովվել 0.8 տոկոսով, կարելի է ասել, մոտավորապես բյուջեի: Հիմա նայելով միջազգային փորձը` մեր պահանջն այն է, որ առնվազն 4 տոկոսով, որ մոտավորապես ՀՆԱ-ի մեկ տոկոսն է, պետության կողմից հատկացումներ արվեն, որպեսզի մենք կարողանանք այդ մեր հետ մնալն ինչ-որ չափ արագ վերականգնել», - նշում է նա:
Հայաստանում գիտության վերականգնումն ու առողջացումը չի կարող տեղի ունենալ առանց ներդրումների, ասում է Շահվերդյանը. «Այս իրավիճակով, որ ասում ենք` եթե կան մարդիկ, որոնք գիտական արդյունք չեն տալիս, կան այդպիսիները, բայց պետք է հասկանալ, որ այս աղքատության վիճակը, որ կա գիտության մեջ, ինքը ստիպում է որոշ մարդկանց ուղղակի այդ պրոդուկտը նաև չտալ, որովհետև կա խումբ մարդկանց, որը զբաղվում է գիտությամբ, գիտնական է գրանցված ինչ-որ տեղ, բայց որպեսզի կարողանա իր մինիմալ կենսական պահանջներն ապահովի, աշխատում է զուգահեռ ուրիշ տեղ, ինքը չի կարողանում կենտրոնանալ այդ գործի վրա: Եթե մենք կարողանանք պայմաններ ապահովել, ինքն ամբողջությամբ մի մասը կարա գա, զբաղվի հենց միայն գիտությամբ»:
Շահվերդյանի և նրա գործընկերների հիմնադրած «Գիտուժ» նախաձեռնությունում վստահ են, որ Հայաստանում գիտության հաջորդ, արագ լուծում պահանջող ու հրատապ խնդիրը գիտնականնների երիտասարդացումն է։ Գիտական ինստիտուտներում ու բուհերում ներգրավված են փոքրաթիվ երիտասարդներ, գիտական աստիճան ունեցող գիտնականների 40 տոկոսոը 65 տարեկանից մեծ է. «Կապը տնտեսության հետ չկա, քիչ է, կամ ակադեմիայում հիմնականում տարիքով մեծ մարդիկ են: Այդ բոլորը գալիս է նրան, որ 30 տարի մենք պայմաններ չենք ստեղծել, որպեսզի համակարգ մտնեն երիտասարդները, որպեսզի այսօր ունենանք այն միջին տարիքի գիտնականները, որ աշխարհում համարվում է ամենապրոդուկտիվ տարիքը գիտնականների»:
Առաջին ընթերցմամբ ընդունված նոր օրենքով գիտական թեմաներն այսուհետ հաստատվելու են բուհերում, և նոր գիտնականներ պատրաստելու գործում հստակ չէ գիտական ինստիտուտների դերը։ Նախատեսվում է ևս մի խոշոր փոփոխություն։ Այս պահին Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող ինստիտուտներն անկախություն են ստանում ակադեմիայից ու կառավարվելու են յուրաքանչյուրը հենց այդ ինստիտուտի համար ստեղծված խորհրդի կողմից. «Այս պահի գործող օրենքով ակադեմիան ինքը, կարելի է ասել, պարտադիր ցանց է` պետության կողմից հիմնված, որը համակարգ է, որը գործել է մինչև այս` խորհրդային տարիներին, 30 տարիներին է գործել, իմիջիայլոց պետք է նաև ասել, որ որոշ հարցերում շատ մեծ հաջողություններ ունի: Եթե նայեք, թե ակադեմիայից դուրս քանի ինստիտուտ է մնացել, և ակադեմիայի ներսում` քանի ինստիտուտ, կտեսնեք, որ ակադեմիան կարողացել է պաշտպանել այդ ինստիտուտների գոյությունը, երբ որ անընդհատ ոտնձգություններ են եղել շենքերի և այլ գույքի հանդեպ: Հիմա ստացվում է, ոնց որ դու եղած համակարգը բավական ուժեղ քանդես, ինչ-որ բան իր վրայից հեռացնես, բայց ալտերնատիվի արդյունավետությունը անհասկանալի է, այսինքն` եթե բոլոր ինստիտուտները պետք է դառնան անկախ և կառավարվեն խորհուրդներով, առաջինն, օրինակ, հարց է առաջանում` այդքան մարդ որտեղի՞ց ենք ճարելու խորհուրդների համար»:
Նոր օրենքով ակադեմիայի հիմնական գործառույթը կլինի պետական քաղաքականություն մշակող ու իրականացնող մարմիններին խորհրդատվություն տրամադրելը, ինչպես նաև ակադեմիական գիտական տիտղոսներ շնորհելը, վկայականներ տալը։