Մատչելիության հղումներ

Ոչ պետական կրթական հաստատություններին մտահոգել է նոր հարկային բեռի՝ կառավարության նախաձեռնությունը


Երևանյան դպրոցներից մեկը, արխիվ
Երևանյան դպրոցներից մեկը, արխիվ

«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանին մտահոգել է ոչ պետական կրթական հաստատությունների վրա նոր հարկային բեռ դնելու կառավարության նախաձեռնությունը։

«Չգիտես ինչու, մեզ մոտ համարել են, որ մասնավոր դպրոցը խոշոր բիզնեսի տեսակ է երևի, կով է, որին կարելի է կթել», - «Ազատության​»​ հետ զրույցում ասաց Աթայանը։

Վարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 30-ի որոշման հավելվածի համաձայն, կառավարությանը հանձնարարվել է մինչև 2021 թվականի մայիսի երկրորդ տասնօրյակը պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, ըստ որի, հանրակրթություն և բարձրագույն կրթություն իրականացնող հաստատությունների գործունեությունը պետք է հարկվի ավելացված արժեքի հարկով։ Մինչև օրս ոչ պետական կրթական հաստատությունները՝ վճարելով բոլոր տեսակի հարկերն, ազատված էին ԱԱՀ-ից։ Ենթադրվում է, որ փոփոխության դեպքում մասնավոր ուսումնական հաստատությունների վարձը կթանկանա առնվազն 20 տոկոսով։ Այդ դպրոցներում, սակայն, սեփական հաշվարկներ են արել՝ գնահատելով վնասի իրական չափը։

«Դպրոցները կթանկանան ոչ թե 20, այլ 40-50 տոկոսով, որովհետև երեխաների պակասելը դասարանում ծախսերը չի քչացնում։ Այսինքն՝ պետք է ծայրահեղ ոչ կոմպետենտ լինել, նույնիսկ տնտեսության ոլորտում, որպեսզի էլեմենտար հաշվարկներ չկարողանանք անել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աթայանը։

Իշխանությունը փորձում է բյուջետային ճեղքվածքները փակել հարկային բեռի ծանրացմամբ, մեզ հետ զրույցներում պնդում էին ոչ պետական դպրոցների ուսուցիչներն ու տնօրենները։

Մասնավոր դպրոցներում այսօր սովորում է մոտ10 հազար երեխա, նրանց համար պետությունը տնտեսում է տարեկան ավելի քան1 միլիարդ դրամ։ Ոչ պետական դպրոցների վարձավճարը բարձրացնելու դեպքում, ըստ դպրոցների տնօրենների, շատ ծնողներ պարզապես ստիպված կլինեն հրաժարվել վճարովի ուսուցումից և երեխային կտեղափոխեն պետական դպրոց, սրա հետևանքով պետությունը նոր ծախս կունենա, մասնավոր դպրոցներն էլ կոչնչանան։ Այսինքն, ըստ մանկավարժների, ոչ միայն կնվազեն պետության եկամուտները, այլև փոփոխությունը կբերի տնտեսության մի ամբողջ հատվածի կործանման։ Եվ ամենակարևորը՝ օրենքի փոփոխության դեպքում, ըստ նրանց, պետական դպրոցներն ավելի լավը չեն դառնա, կլինի որակյալ երիտասարդ մասնագետների արտահոսք, ու կտուժի նորից միջին խավը, մասնավոր կրթությունը կդառնա միայն հարուստ խավի մենաշնորհ։

«Հարուստները դրանից չեն տուժի, 48, թե ինչքան, կարծեմ էդքան, դպրոցների փոխարեն կմնա 6-7 դպրոց, որտեղ էդ հարուստների երեխաները հանգիստ կշարունակեն սովորել, իսկ խեղճ միջին խավը, որը հազիվ-հազիվ սկսել է շնչել, որոնք մի կերպ մի քիչ գումար կուտակում են ու առանձնացնում երեխայի համար, որպեսզի երեխան կրթություն ստանա իրենց ուզած դպրոցում, դրանից կզրկվեն», - ասաց Արա Աթայանը։

«Ես փաստացի մնացել եմ գործազուրկ, և մենք մեծ զոհողությունների գնով շարունակում ենք մեր երեխաներին ապահովել այս որակյալ կրթությունը: Միայն մի խնդրանք ունենք մեր պետության, որ մեզ չխանգարի», - ասում է Իռեն Շաբոյանը, ում 3 երեխաներն էլ սովորում են ոչ պետական վճարովի դպրոցում: Ասում է` եթե կառավարության մտադրությունն իրականություն դառնա, չգիտի` ինչպես պետք է այս ամենի տակից դուրս գա, ու նա միակը չէ. «Հնարավոր է, որ շատ հանեն, ես էլ այդ մտադրությունն ունեմ, եթե այդպես լինի, իհարկե, որովհետև դա խայտառակ բան է»:

«Շատերն ունեն 1, 2, երբեմն նույնիսկ 4 երեխա ունեցողներ կան, որոնք ցանկանում են այլընտրանքային կրթություն իրենց երեխաների համար: Մենք ստիպված կլինենք վերադառնալ նրան, որ մենք կունենանք մի տիպի, չեմ կարող ասել ինչ որակի կրթություն», - ասում է ծնողներից մեկը:

Մասնավոր դպրոցներում անցկացված նախնական հետազոտության համաձայն, աշակերտների մոտ 68 տոկոսը վարձավճարի բարձրացման պարագայում չի հաճախի ոչ պետական դպրոց։ Հայաստանը վաղուց իր կրթական մոդելով, կառավարման ձևով շատ հեռու է եվրոպական չափանիշներից, մեզ հետ զրույցներում ընգծում էին մանկավարժները՝ օրինակ բերելով առաջատար երկրների կրթական համակարգը, որտեղ պետությունները ոչ թե ավելացնում են հարկային բեռը, այլ ֆինանսավորում են դպրոց հաճախող յուրաքանչյուր երեխային։

«Վերցրեք Վրաստանը, վերցրեք Ռուսաստանը, որտեղ դպրոցները հարկերից ազատված են պարզապես», - ընդգծեց Աթայանը։

Անցած շաբաթ այս խնդրով հանդիպում է եղել կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Նախարարությունից «Ազատության»-ն ասացին՝ հիմա ոչինչ չունեն ասելու, միայն այն, որ առայժմ որևէ նախագիծ չի շրջանառվում, ոլորտի մասնագետների հետ քննարկումներ են ընթանում, իսկ ոչ պետական դպրոցների ղեկավարությունն այս ընթացքում ձեռքերը ծալած չի նստում. «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիան արդեն նամակ է հրապարակել, չեն բացառում, որ նաև բողոքի ակցիաների դուրս կգան. «Չքաղաքականացնելու ցանկությունն ավարտվում է այնտեղ, որտեղ մենք տեսնում ենք բացահայտ քանդող գործողություններ», - նշեց Աթայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG