Մատչելիության հղումներ

Խորհրդարանում մեկ ընթերցում անցած Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը բողոքի ալիք է բարձրացրել ԵԹԿՊԻ-ում


Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյան
Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյան

Ազգային ժողովում նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (ԵԹԿՊԻ) բողոքի ալիք է բարձրացրել։

Ուսանողները այն խնդրահարույց են համարում ու ի նշան բողոքի երեկ կարճատև նստացույց են անցկացրել։

Ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրայի բաժնում սովորող Անահիտ Ենոքյանի խոսքով, անհանգստացնող են բուհերի կառավարման խորհրդին վերաբերող հոդվածները։ Ըստ օրինագծի, այդ խորհուրդն 9 անդամ է ունենալու, որոնցից չորսը ուսումնական հաստատությունն են ներկայացնելու, 5-ը՝ լիազոր մարմինը՝ Կրթության նախարարությունը։

Այս փոփոխության վերաբերյալ իրենց մտավախությունները բարձրաձայնողները քիչ չեն, ասում են՝ դա կվնասի բուհերի ինքնավարությանը։

«Ուսանողությունը, կարելի է ասել, կառավարման խորհրդում չկա, այսինքն՝ մեկ ուսանող է նախկին վեց ուսանողի փոխարեն։ Մեծամասնությանը՝ կառավարման խորհրդի հինգ անդամներին նշանակում է նախարարությունը։ Բուհը զրկվում է ինքնակառավարումից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Անահիտ Ենոքյանը։

Կրթության նախարար Վահրամ Դումանյանը վերջերս խոսում է բուհերի օպիմալացման անհրաժեշտության մասին՝ նշելով, թե Հայաստանում բուհերը շատ են։ Թատերականի ուսանողները ենթադրում են, որ իրենց բուհը կմիանա մանկավարժական համալսարանին․ - «Քանի որ մենք ինքնաֆինանսավորվող բուհ ենք և փոքր բուհ ենք, մենք կանգնելու ենք այդ խնդրի առաջ, կարծում եմ։ Ցանկանում ենք, որպեսզի բանը չհասնի դրան։ Մենք սպեցիֆիկ բուհ ենք, արվեստի բուհ ենք, Հայաստանում միակ արվեստի բուհն ենք՝ դերասաններ, կինոգետներ, ռեժիսորներ, պարարվեստի ռեժիսորներ, բեմանկարիչներ բաժին ոչ մի բուհում չկա, միայն մեզ մոտ է գործում։ Եվ այն պետք է գործի Երևանում, Երևանի կենտրոնում։ Մենք կարծում ենք, որ դա է միակ լուծումը»։

Կինոռեժիսուրայի բաժնում սովորող Հրաչ Սիմոնյանի խոսքով, իրենց բուհը մեծ հաստատության միանալով կորուստներ կունենա․ - «Ստեղ անհատական վերաբերմունք է ցուցաբերվում։ Որովհետև դու անհատ ստեղծագործող ես, քեզ վերաբերվում են որպես անհատ։ Ու ես կարծում եմ, այդ մեծ ֆորմայի մեջ անհատը վերանալու է։ Մնացածները թերևս կարող են, բայց կոնկրետ արվեստի բուհը, որտեղ գերակայվում ա անհատը ու իրա ստեղծագործությունը, ինքը չի կարա էդքան մեծ լինի»։

Ավելի ուշ բուհի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը ինստիտուտի ֆեյսբուքյան էջում հայտարարեց՝ թեև լուրն իսկապես օդից կախված էր, բայց տեղեկությունը, թե թատերականը միանալու է մանկավարժական համալսարանին, իրականությանը չի համապատասխանում։

«Ազատության» հետ զրույցում ռեկտոր Արզումանյանն այդուհանդերձ կողմ արտահայտվեց բուհերի օպտիմալացմանը, բայց և նշեց՝ այժմ թատերականն այլ բուհի միացնել ուղղակի հնարավոր չէ. – «Էսօրվա դրությամբ Թատերական ինստիտուտը որևէ բուհին միացնելը ուղղակի հնարավոր չի, որովհետև առանձին բուհ է՝ իր պարասրահներով, իր բեմով, լսարաններով։ Հետագայում կարելի ա ինչ-որ բաներ մտածել՝ նոր շենք՝ ամեն լավ պայմաններով, միավորում։ Էդ հետագայի խնդիր ա»։

Մի քանի օր է բողոքում են Հայ-ռուսական սլավոնական համալսարանում, թեև՝ այլ պատճառներով։ Ամենը սկսվեց բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակից, որտեղ ռեկտորը պնդել էր, թե իրեն ԱԱԾ-ի միջոցով հրաժարական տալու պահանջ է ներկայացվել ու դրա համար մեղադրել էր վարչապետ Փաշինյանին։

Երեկ այս համալսարանի բակում հանրահավաք անցկացրին, հետո էլ հայտարարեցին՝ նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտություն կա։

Բուհի ռեկտորի հետ այսօր «Ազատությանը» զրուցել չհաջողվեց։

Կրթության նախարարությունից Ազատության փոխանցեցին՝ ցույցեր կազմակերպելը բուհերի գործն է, այդուհանդերձ ուսանողներին հորդորեցին վերադառնալ դասապրոցեսին։ Ինչ վերաբերում է բուհերի օպտիմալացմանը, նախարարությունից հայտնեցին, որ այդ գործընթացը դեռ չի սկսվել և դրա վերաբերյալ որևէ որոշում չկա, ուստի ուսանողների մտավախություններն անհիմն են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG