Մատչելիության հղումներ

Փորձ է արվում նվազեցնել բուհերի ինքնավարությունը և ռեկտորներին նշանակել` ընտրելու փոխարեն, վստահ են ընդդիմադիրները


Բարձրագույն կրթության ու գիտության ոլորտները կարգավորող օրենքներն ընդունվել են 15-20 տարի առաջ ու չեն արտացոլում վերջին մեկուկես տասնամյակում առաջացած հանրային պահանջներն ու փոփոխությունները: Այսպիսի նախաբանով նախարար Վահրամ Դումանյանն Ազգային ժողովում սկսեց ներկայացնել ոլորտին վերաբերող փոփոխությունների փաթեթը: Ծավալուն նախագծից ընդդիմադիրների ուշադրությունը, սակայն, նախ գրավել էր պետական կամ հանրային բուհերի ռեկտորների ընտրության կարգի փոփոխությունը:

«Խնդրում եմ հիմնավորել նախ` ինչո՞ւ եք կանգ առել այն համոզման վրա, որ կառավարման խորհուրդները 9 հոգանոց կազմով, որտեղ գերակշռելու են լիազոր մարմնի և կառավարության ներկայացուցիչները, կարող են ապահովել բուհի ինքնավար անկաշկանդ կառավարումը», - հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

Նախագծով առաջարկվում է հանրային բուհերի հոգաբարձուների խորհուրդները վերածել 9 հոգանոց կառավարման խորհուրդների, որոնք կընտրեն ռեկտորների 5 տարի ժամկետով։

Այս նորամուծությունը ընդդիմադիր ԼՀԿ-ից Անի Սամսոնյանի կարծիքով` տեղին չէ։ Պատասխանեց նախարար Դումանյանը. «Եթե բուհը, բուհի հիմնադիրը պետությունն է, պետությունը պետք է կրի 100 տոկոս պատասխանատվություն բուհի գործունեության համար: Որպեսզի կրի 100 տոկոս պատասխանատվություն, ինքը պետք է ունենա, պատասխանատվությունը միայնակ չի լինում, իրավունքների հետ է լինում, պետք է ունենա համապատասխան իրավունքներ»:

Հանրային բուհերի կառավարման խորհուրդների 9 անդամներից 5-ին կնշանակի կառավարությունը: Արդյոք առաջարկվող նախագծով փորձ չի՞ արվում նվազեցնել բուհերի ինքնավարությունը և ունենալ մի իրավիճակ, երբ ռեկտորին կարելի է նշանակված և ոչ թե ընտրված համարել. և՛ «Լուսավոր Հայաստանում», և՛ «Բարգավաճում» վստահ են, որ այդպես էլ կա։

«Ակադեմիական շրջանակին և ուսանողական շրջանակին տրված է շատ սահմանափակ տեղ` ունենալ ներկայացվածություն: Սա ոտնահարում է բուհերի ինքնավարության սահմանադրական իրավունքը», - ասաց Սամսոնյանը:

«Այս օրենքի ալֆան և օմեգան պիտի լիներ ակադեմիական ազատությունը, բայց Ձեր բերած օրենքը հենց Ձեր իսկ գաղափարախոսության` ակադեմիական ազատության հիմնաքարի խախտում է, որը հակասում է ընդհանրապես բուհերի ինքնավարության ամբողջական սկզբունքին», - կարծում է Նաիրա Զոհրաբյանը:

«Բուհի ինքնավարությունը սկսվում և ավարտվում է բուհի առաքելությունն իրականացնելու գործունեության մեջ: Բուհն, իհարկե, ինքնավար է իր կանոնադրական նպատակները և խնդիրներն իրականացնելու գործում», - արձագանքեց նախարարը:

«Լուսավորից» պատգամավոր Գևորգ Գորգիսյանին հատկապես զայրացրել էր օրենքով ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ տալու մտադրությունը: Ըստ պատգամավորի՝ դրա պատճառը գործող նախարարի նախկին ԵՊՀ-ական լինելն է։ ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ տալու դրույթն անընդունելի է նաև իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանի համար. «Եթե որևէ բուհի, որևէ մարմնի դու տալիս ես առաձնահատուկ կարգավիճակ, այդ բուհը, այդ մարմինը, ժամանակի ընթացքում օգտվելով այդ առանձնահատուկ կարգավիճակի ընձեռած առավելություններից, դառնում է դանդաղաշարժ, ոչ մրցունակ, ոչ ճկուն, և մյուս բուհերն այս պարագայում շատ ավելի արագ կգան և կանցնեն Երևանի պետական համալսարանին»:

«Ստիպված եմ Ձեզ հիշեցնել, որ Դուք Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն եք և ոչ թե ԵՊՀ-ի պաշտպանը կառավարությունում կամ այստեղ: Մենք գտնվում ենք 21-րդ դարում և պարտավոր ենք բոլոր պետական, ինչպես այստեղ գրված է, հանրային բուհերի համար ապահովել նույն պայմանները, և սա առնվազն ռասիզմ է Ձեր կողմից ցուցաբերված»,- հայտարարեց Գորգիսյանը:

Նախարարի համար հասկանալի չէր հատկապես ռասիզմի վերաբերյալ մեղադրանքը բուհերի ու դրանց կարգավիճակի մասին զրույցի համատեքստում. «Այլևս խնդրում եմ բովանդակային դաշտում ձևակերպեք Ձեր բոլոր հարցերը, ես պատրաստ եմ պրոֆեսիոնալ հարթության մեջ ցանկացած կնճռոտ հարց քննարկել առանց գնահատականների»:

Կրթության, գիտության հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի ձևակերպմամբ` գրեթե 4 ժամ տևած քննարկումն Ազգային ժողովում այդպես էլ հարթությունից չանցավ տարածություն: Ըստ նրա` անգամ անբարեկիրթ արտահայություններ հնչեցին նախարարի հասցեին. «Մենք խոսում ենք բարձրագույն կրթության զարգացման, որակի բարձրացման մասին, այնինչ այստեղ լրիվ հակառակ ուղղվածությամբ է գնում խոսակցությունը: Բարձրագույն կրթությունն այն ոլորտն է, որը չի կարող պետությունը բարձիթողի թողնել, հատկապես երբ որ գումարի մեծ մասը, ֆինանսական մեծ մասը տալիս է նրան, և վերջ ի վերջո երբ որ մի պրոբլեմ է լինում, դուք չեք գնում, բուհի ռեկտորին հարցնում` ինչի է այս պրոբլեմը, գալիս ստեղ, նախարարին եք հարցնում: Ինչո՞ւ եք նախարարին հարցնում` ինչո՞ւ է այդ բուհում պրոբլեմ»:

Կրթության, գիտության հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին ևս չբավարարեց Ազգային ժողովում բարձրագույն կրթության ու գիտության մասին քննարկման որակը. «Օրենքի նախագծի քննարկման առանձին ելույթների որակները ամբոջովին արտացոլում են հայաստանյան կրթական, առավել ևս բարձրագույն կրթության ոլորտում առկա վիճակը, հետևաբար ապագա պատգամավորներին առավել քան անհրաժեշտ է այս օրենսդրության ընդունումը, հետագայում այդօրինակ առանձին ցածրորակ քննարկումներից խուսափելու համար»:

Նախագծի քննարկումը կշարունակվի վաղը։

XS
SM
MD
LG