Մատչելիության հղումներ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զրպարտություն և վիրավորանքի համար փոխհատուցման չափը խստացնող օրինագիծը


Ազգային ժողովն այսօր 72 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենսդրական նախագիծը, որով խստացվում է վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված փոխհատուցման չափը:

«Մենք ստեղ քննարկում ենք զրպարտություն և վիրավորանքը, որը որ կարծում եմ այս դահլիճում որևիցե մեկին պետք է որ անմասն չթողներ», - նշեց Սիմոնյանը։

Ըստ իշխանական պատգամավորի առաջարկի, Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններով վիրավորանքի համար առաջարկվում է 1 միլիոնի փոխարեն մինչև 5 միլիոն դրամ փոխհատուցման չափ սահմանել, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն մինչև 10 միլիոն։

Կառավարության ներկայացուցիչ Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նկատեց, որ հաշվի առնելով եվրոպական ստանդարտները՝ Սիմոնյանի առաջարկած փոխհատուցման առավելագույն շեմերը բարձր են, և առաջարկեց դրանք վերանայել․ - «Թեև կա մինչև 2 միլիոն դրամի սահմանաչափ, բայց դատարանները կիրառում են 50 հազարից մինչև 150 հազար դրամ չափով։ Այսինքն՝ էդ առավելագույն դեպքերը անգամ ոչ միայն բացառություն են, այլ գրեթե չեն հանդիպում։ Հետևաբար մենք առաջարկում ենք, որ ողջամիտ հարաբերակցություն ապահովվի, արդար հավասարակշռություն սահմանադրական երկու արժեքների միջև՝ խոսքի ազատության և պատվի արժանապատվության սահմանադրական արժեքների միջև»։

Այնուամենայնիվ նախագիծն ընդունվեց Սիմոնյանի առաջարկած շեմերով, թեև դրանք բարձր են անգամ եվրոպական շատ երկրներում կիրառվող զրպարտության փոխհատուցման չափերից։

Միևնույն է, դատարաններն են վերջնական որոշում կայացնելու, ասաց Սիմոնյանը․ - «Ես հակված էի համաձայնվել կառավարության առաջարկին առ այն, որ հինգհազարապատիկը և տասհազարապատիկը իջեցնել․․․ ես հիմա հակված չեն դրան։ Ես կարծում եմ, մենք պետք է պահպանենք։ Մինչև բառը դատարանին հնարավորություն է տալիս որոշում կայացնել»։

Հայաստանում զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել են 2010 թվականին, կառավարությունը հաշվի էր առել ԵԽԽՎ-ի կոչն անդամ երկրներին։ Սակայն այսօր շատ պատգամավորներ հայտարարեցին, թե անգամ կողմ կլինեին, եթե վիրավորանքն ու զրպարտությունն նորից քրեականացնելու առաջարկ հնչեր։ Նկատելի էր, որ պատգամավորներից շատերին զայրացնում է հենց իրենց հասցեին հնչած վիրավորանքը։

«Ես ընդհանրապես կողմ եմ, որ վիրավորանքն էլ, զրպարտությունն էլ քրեականացվի։ Օրինակ, էն օրը ինձ մի երկոտանի նամակ ա գրել՝ սաղ զոհերի մեղավորը դուք ես։ Հիմա ես սրան որ տանեմ դատի տամ, ամիսներով ընկնելու եմ դատարանների դռները, որ էդ զրպարտողը 50 հազար դրամ տուգանվի՞․․․ Խելամտության սկզբունքը պետք չի անտեսել», - ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Քրեականցմանը կողմ արտահայտվեցին նաև «Իմ քայլից» որոշ պատգամավորներ։

Բաբկեն Թունյանը, օրինակ, ասաց․ - «Կամ սուտ են տարածում, որ «Հայաստան» հիմնադրամից փող են փոխանցել և դա բաժանվել ա պատգամավորներին։ Ուզում եմ ասել, որ ամեն մեկս պետք ա մեր խոսքի նկատմամբ լինենք պատասխանատու ու ուշադրություն դարձնենք, թե մեր ասածը հետո արձագանքելով ինչ հետևանքներ ա ունենալու։ Նման պայմաններում աշխատելը ո՛չ մեզ ա թույլատրելի, ո՛չ մեր ընդդիմախոսներին։ Ընդհանրապես սա բոլորին ա վնաս։ Դրա համար առաջարկում եմ․․․ եթե պետք ա, ես էլ եմ կողմ վիրավորանքի ու զրպարտության քրեականացմանը»։

Զրպարտության ու վիրավորանքի ապաքրեականացումը Հայաստանի նվաճումն է, որից հետքայլ չի կարելի անել, հակադարձեց «Իմ քայլից» Հերիքնազ Տիգրանյանը․ - «Քաղաքացիաիրավական դատավարության կարգով նա պիտի հասնի իր խախտված իրավունքների վերականգնմանը։ Ես կարծում եմ, որ դա կլինի հետքայլ, եթե մենք մտածենք դրա քրեականացման մասին։ Խոսքի ազատությունը դա կոնվենցիոն իրավունք է, դա կարծիքի ազատություն է, տեղեկություններ տարածելու ազատություն է։ Բայց այդ խոսքի ազատությունն էլ, լինելով բարձրագույն արժեք, բացառիկ իրավունք չէ և ենթակա է սահմանափակման, երբ որ հակադրվում է այլոց իրավունքների և արժանապատվությունը պաշտպանելու իրավունքին»։

Մի շարք լրագրողական կազմակերպություններ դեռ սեպտեմբերին հայտարարություն էին տարածել՝ դեմ արտահայտվելով այսօր ընդունված փոփոխություններին։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը վստահ է, որ փոփոխությունները մահակ են դառնալու լրատվամիջոցների դեմ, իսկ զրպարտանքը շարունակելու է տարածվել անանուն պրոֆիլներից․ - «Մենք հայտարարել ենք, որ սա զուտ քաղաքական նկատառումներով առաջ քաշված և շրջանառված նախագիծ է, որը որևէ կերպ չի կարող նպաստել ընդհանրապես, օրինակ, անպատասխանատու լրագրության դեմ պայքարին, կամ ապատեղեկատվության դեմ պայքարին, կամ զրպարտության և վիրավորանքի դեմ պայքարին։ Այսինքն՝ բացարձակ անօգուտ է, միևնույն ժամանակ այն նույնիսկ կարող է իսկապես լուրջ վտանգել և հարված հասցնել ազատ լրատվամիջոցներին և ընդհանրապես ազատ արտահայտվելու իրավունքին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG