6-7-բալլանոց երկրաշարժ Երևանից 8 կմ հարավ-արևելք․ ավերածություններ չկան, խուճապից տուժել է 3 քաղաքացի

Այսօր տեղական ժամանակով ժամը 15։29-ին 4․7 մագնիտուդով երկրաշարժ տեղի ունեցավ Հայաստանում, էպիկենտրոնը Երևանից 8 կմ հարավ-արևելք՝ Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիս, ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալլ։

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության` երեկոյան տարածած հաղորդագրության, հետցնցումային ակտիվությունը թուլացել է։ Նախարարություն առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է և, որ բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարաններ։

Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնի մոտ գտնվող Նուբարաշենի բնակիչները «Ազատության» հետ զրույցներում պատմեցին իրավիճակը։

«Ահավոր մի վիճակ էր։ Ոտերիս տակը դղրդաց, ու ահավոր վիճակ», - ասաց մի տղամարդ։

Մի կին նշեց, որ «շատ, չափից դուրս» է վախեցել։

«Երեխաներին վերցրինք, վազեցինք դուրս», - ասաց մեկ այլ կին։

«Ես էս տարիքում էս ձև ցնցում, այսինքն, չէի հանդիպել․ կարող ա ավելի ուժեղ ա եղել, բայց դուրսն եմ եղել, չեմ զգացել», - նշեց մեկ այլ տղամարդ։

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալլ ուժգնությամբ, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում՝ 4-5 բալլ, իսկ Արագածոտնի, Շիրակի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում՝ 3-4 բալլ ուժգնությամբ։ Գրանցվել է շուրջ հինգ տասնյակ հետցնցում։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 3 հազար տարաբնույթ ահազանգ է ստացվել։ Փլուզումների վերաբերյալ ահազանգերից հաստատվել են դեռևս չորսը։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանի փոխանցմամբ՝ ավերածություններ չկան։

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, նրանց առողջությանը, ըստ նախարարության, որևէ վտանգ չի սպառնում:

Օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած երկրաշարժից հետո Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացրել էր, որ թույլ և միջին ուժի երկրաշարժերը շարունակվելու են։

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյան «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Վնասներ չկան, բնակչության կողմից զգացվել է, քանի որ եղել է Երևանի վարչական տարածքում, բնակիչները շատ անհանգստացած են, վախեցած են։ Ավերածություններ չկան, վնասվածքներ չկան, կան ահազանգեր ճաքերի-բանի վերաբերյալ, ճաքեր և այլն, որ շատ բնական է։ Եվ այս պահին մենք ունենք հետցնցումային ակտիվություն, մեր գնահատականներով՝ գնում է դեպքի մարում»։

Երևանում այսօր երկրաշարժից հետո կար խուճապ, քաղաքում խցանումներ առաջացան, վախեցած քաղաքացիները ընտանիքներով դուրս էին եկել իրենց տներից։

«Ազատության» նկարահանող խումբը շրջել է բակերում, որտեղ բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել։