Ռուսաստանի նախագահը Նավալնիի դատավարությանը չի հետևում, նա պատրաստվում է մանկավարժների հետ հանդիպմանը, այսօր հայտարարել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը։ Իսկ Նավալնին դատարանում իր խոսքի մի մասը նվիրել է Պուտինին:
«Որքան էլ նա իրեն մեծ քաղաքական գործիչ ձևացնի, միևնույն է՝ պատմության մեջ նա կմտնի որպես թունավորող։ Ունենք Յարոսլավ Իմաստուն և կունենանք Վլադիմիր Վարտիք Թունավորող: Մոսկվայի կեսը շրջափակված է, քանի որ բունկերում ապրող փոքրիկ մարդը խելագարվում է։ Նա ոչ թե աշխարհաքաղաքականությամբ է զբաղվում, այլ խորհրդակցություններ է անցկացնում, թե ինչպես կարելի է վարտիք թունավորել քիմիական զենքով»,- դատարանում հայտարարել է ռուսաստանյան ընդդիմության առաջնորդը:
Մոսկվայի քաղաքային դատարանում ընթանում է Ալեքսեյ Նավալնիի դատավարությունը: Մեղադրող կողմը ընդդիմադիր առաջնորդի համար պահանջել է 2.5 տարվա իրական ազատազրկում պայմանականի փոխարեն «Իվ Ռոշե»-ի գործով` պնդելով, թե Նավալնին խախտել է պայմանական ազատազրկման կանոնները, մասնավորապես չի ներկայացել հաշվառման, թեև արդեն ապաքինված էր, ինչի մասին վկայում էին Գերմանիայում արված նրա տեսագրությունները:
Ընդ որում, նույն այս «Իվ Ռոշե»-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռ մի քանի տարի առաջ Նավալնիին անմեղ էր ճանաչել, ավելին` Ռուսաստանի իշխանությունները փաստացի ընդունել էին եվրոպական դատարանի վճիռը և Նավալնիին փոխհատուցել վնասը:
Ռուսաստանյան ընդդիմության առաջնորդը թունավորումից հետո բուժում էր ստանում Գերմանիայում և Մոսկվա է վերադարձել հունվարի 17-ին: Ռուսաստան ժամանանելուն պես նրան ձերբակալել են «Շերեմետևո» օդանավակայանի անձնագրային կետում, հաջորդ օրը նրան դատապարտել 30 օրվա ազատազրկման: Հունվարի 19-ին Նավալնիի թիմը Youtube-ում հրապարակել է «Պուտինի պալատը» սկանդալային պալատը, իսկ մի քանի օր անց` հունվարի 23-ին և 31-ին, Ռուսաստանի գրեթե բոլոր մեծ քաղաքներում անցկացվել են Նավալնիի աջակիցների բազմամարդ բողոքի ակցիաները: Հազարավոր մարդիկ բերման են ենթարկվել, ոստիկանությունը և Ռոսգվարդիան բիրտ ուժ են կիրառել այդ ակցիաների ժամանակ: Նավալնիի թիմակիցների նկատմամբ հարուցված են վարչական և քրեական գործեր, նրանց մի մասն այսօր մեկուսարաններում է:
Բողոքի ակցիաներին մասնակցել են նաև ընդդիմադիր գործչի հարազատները` կինը, եղբայրը, մայրը: Այսօրվա դատավարությանը ներկա են արտասահմանյան դիվանագետներ: Նավալնիի աջակիցները հավաքվել են Մոսկվայի քաղաքային դատարանի շենքի մոտ, այստեղ մեծաթիվ ոստիկաններ են, ավտոզակեր, կան արդեն հարյուրավոր բերման ենթարկվածներ:
Սպասումները դատավարությունից տարբեր են: Անկախ փորձագետների մեծ մասը համարում է, որ Կրեմլը չի գնա զիջումների, և Նավալնիին սպառնում է իրական ազատազրկում: Կա նաև հակառակ կարծիքը. Կրեմլն Արևմուտքի լրջագույն ճնշման տակ չի գնա էլ ավելի սրացման, և Նավալնիին ազատ կթողնեն:
Հավելենք` Նավալնիի դեմ հարուցված է մեկ այլ քրեական գործ` նրան կասկածում են խոշոր չափով մեքենայությունների մեջ, իբր թե նա իր իսկ ղեկավարած Կոռուպցիայի դեմ հիմնադրամից հսկայական գումարներ է գողացել: Հիմնադրամն իր հերթին դիմել է Միացյալ Նահանգների նախագահին` խնդրելով պատժամիջոցներ սահմանել Պուտինի մտերիմ թիմակիցների նկատմամբ: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր այս կապակցությամբ ասել է, թե Կոռուպցիայի դեմ հիմնադրամը պաշտոնապես արտասահմանյան գործակալ է, և այդ դիմումը Բայդենին ևս մեկ անգամ վկայում է, որ Նավալնիի ղեկավարած հիմնադրամը գործում է որպես արտասահմանյան գործակալ:
Հիշեցնենք նաև, որ Սեմյոնովսկի դատարանի դատավոր Վյաչեսլավ Դետիշինը Նավալնիի դատավարության նախօրեին անսպասելի հրաժարական է տվել:
Ի դեպ, Ռուսաստանում Նավալնիի թունավորումից կես տարի անց չի հարուցվել քրեական գործ, ավելին` պաշտոնական Մոսկվան կասկածի տակ է դնում թունավորման փաստը: Այսօր արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մասնավորապես, հայտարարել է, թե Ռուսաստանը բոլոր հիմքերն ունի ենթադրելու, որ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակն Արևմուտքի կողմից բեմականացում է, քանի որ Գերմանիան մինչև հիմա նրա թունավորման ոչ մի ապացույց չի ներկայացրել: