Ռուսաստանյան ոստիկանությունը զանգվածային խուզարկություններ է անցկացնում ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի հետ կապ ունեցող ակտիվիստների բնակարաններում։
Նավալնիի համախոհները հայտնում են, որ խուզարկություններն իրականացվում են հունվարի 23-ի ակցիայի ժամանակ սանիտարա-հակահամաճարակային կանոնները խախտելու վերաբերյալ քրեական գործի շրջանակում։
Ոստիկանները խուզարկել են նաև Նավալնիի երկու բնակարանները, որոնցից մեկում բնակվում են նրա կինը և եղբայրը։
Խուզարկություններին հաջորդել են ձերբակալություններ։ Հաղորդվում է, որ 48 ժամով ձերբակալվել են Ալեքսեյ Նավալնիի եղբայրը՝ Օլեգը, ընդդիմադիր ակտիվիստ Լյուբով Սոբոլը, Pussy Riot խմբի անդամ Մարիա Ալյոխինան։
Հունվարի 23-ին Մոսկվայում և Ռուսաստանի 120 այլ քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ ի աջակցություն Ալեքսեյ Նավալնիի, ով Գերմանիայից Մոսկվա ժամանելուն պես ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել։