Թեհրանը մտադիր է մասնակցել Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնողական աշխատանքներին, այսօր Բաքվում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում։
«Ձեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը, օկուպացիային վերջ դնելը, ինչպես նաև ադրբեջանցիների՝ իրենց հարազատ հողերը վերադառնալու հնարավորության ստեղծումը կկարգավորի իրավիճակը, և Իրանը ցանկանում է օգտակար լինել այդ հարցում։ Մենք ոչ միայն ձեր ընկերն ենք, այլ նաև մերձավոր հարևանը», - հայտարարել է Զարիֆը և շնորհավորել ադրբեջանցի ժողովրդին տարածքների ազատագրման կապակցությամբ, հույս հայտնել ,որ դա թույլ կտա կարգավորել հարաբերությունները տարածաշրջանի երկրների միջև։
Ալիևն, իր հերթին, հայտարարել է, որ Ադրբեջանն ուրախ կլինի իրանական ընկերություններին տեսնել ազատագրված տարածքները վերականգնող ընկերությունների կողքին։ «Դա բնական է, քանի որ ես արդեն ասել եմ, որ այդ աշխատանքներում կներգրավվեն միայն մեզ համար բարեկամ երկրների ընկերությունները։ Անխոս, Իրանի ընկերություններն ունեն նման առավելություն», - շեշտել է Ադրբեջանի նախագահը։
Բաքուն Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տարածաշրջանային այցի առաջին կանգառն է, այստեղից Զարիֆը կմեկնի Ռուսաստան, Վրաստան, Հայաստան և Թուրքիա:
Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը սահմանակցում է ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի՝ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ։
44-օրյա ռազմական գործողությունների ընթացքում Իրանի իշխանությունները պարբերաբար իրենց օգնությունն են առաջարկել պատերազմող կողմերի հաշտեցման հարցում, ընդհուպ` հակամարտության կարգավորման հատուկ պլան մշակել, որը ներկայացվել էր Հայաստանին և Ադրբեջանին, սակայն այդպես էլ մնացել թղթի վրա։
Տասնյակ միլիոնավոր ադրբեջանական համայնք ունեցող Իրանը, այդուհանդերձ, փորձել է պատերազմի ընթացքում չեզոքություն պահպանել, նույնիսկ բավարարվել է զուտ հայտարարություններով, երբ Իրանի հետ անմիջական սահմանին մարտական գործողությունների հետևանքով վնասներ են հասցվել նաև իրանական սահմանամերձ բնակավայրերին, ինչի հետևանքով այդ երկրում տուժել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 6-ամյա երեխա։
Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը տարածաշրջանային իր այցն իրականացնում է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո առաջին անգամ ։
Անցած ավելի քան երկու ամիսների ընթացքում Իրանում չեն թաքցրել՝ թե՛ ուրախ են հրադադարի հաստատման կապակցությամբ, թե՛ ոգևորված սպասվող տնտեսական ակտիվությունից և թե՛ մտահոգված որոշ հնարավոր իրողություններով։
Ըստ իրանական փորձագիտական շրջանակների՝ ամենամեծ անհանգստությունը թերևս Բաքվի վերահսկողության տակ հայտնված շրջանների՝ Թեհրանի դեմ հնարավոր թշնամական գործողությունների հարթակ դառնալու հավանականությունն է, մասնավորապես՝ Բաքու-Թել Ավիվ ջերմացման ֆոնին։
Իրանի իշխանությունները մտահոգված են նաև այդ շրջաններում սիրիացի վարձկանների առկայությամբ, որոնք Սիրիայում մաս էին կազմում Իրանի աջակցությունը վայելող ուժերի դեմ պատերազմող խմբավորումներին։ Պատերազմի ավարտից ամիսներ անց հայտնի չէ՝ Թուրքիայի կողմից հավաքագրված հարյուրավոր սիրիացի զինյալներից քանիսն են հայրենիք վերադարձել։
Հակամարտության հանգուցալուծումը, այդուհանդերձ, նաև օգուտներ կարող է բերել Իրանին, հատկապես՝ տնտեսական։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Իրանին սահմանակից Ջաբրայիլի շրջանում Արաքսի վրա գտնվող Խուդաֆերինի ջրամբարն ու էլեկտրակայանը այժմ Թեհրանը կարող է Ադրբեջանի հետ միասնաբար օգտագործել։ Ջրամբարը կառուցվել է 2008 թվականին Թեհրանի ֆինանսական աջակցությամբ, սակայն այդ տարածքների նկատմամբ հաստատված հայկական վերահսկողության փաստը հետ էր պահում Իրանին կառույցի շահագործման մտքից։
Ղարաբաղում հրադադար հաստատելու մասին եռակողմ պայմանավորվածություններից մեկը, սակայն, լուրջ բաց է Իրանի համար։ Խոսքը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան մայրուղու հնարավոր կառուցման մասին է, որը շեշտակի կկրճատի Իրանի դերը, քանի որ մինչև հիմա Ադրբեջանը Նախիջևանի հետ օդային և ցամաքային կապն իրականացնում էր իրանական տարածքով։