Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Իրանի ԱԳ նախարարի տարածաշրջանային այցը


Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանային այց է կատարում: Առաջին կանգառը Բաքվում է:

"Интерфакс-Азербайджан" լրատվական գործակալության փոխանցմամբ` Զարիֆին կընդունեն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Բանակցությունների ընթացում կողմերը քննարկելու են տարածաշրջանում տնտեսական համագործակցության հեռանկարը, ղարաբաղյան խնդիրը և Իրանի համագործակցությունը տարածաշրջանի վեց երկրների ձևաչափով ստեղծվելիք պլատֆորմի շրջանակներում:

Զարիֆը կանդրադառնա պատերազմից հետո ադրբեջանական կողմի հսկողության տակ հայտնված տարածքների տնտեսական վերականգնման աշխատանքներին իրանական ընկերությունների մասնակցության հնարավորությանը:

Ադրբեջանից Զարիֆը կմեկնի Ռուսաստան, Վրաստան, Հայաստան և վերջում էլ՝ Թուրքիա:

Իրանի արտաքին գերատեսչության մամլո վարչության ղեկավար Սաիդ Խաթիբզադեն ասել է, որ Մոհամադ Ջավադ Զարիֆի ղեկավարած պատվիրակությունը հարևան հինգ երկրներում կքննարկի երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանի ընդհանուր կացությունը:

«Օրակարգում Կովկասի իրավիճակն է, համատեղ նախաձեռնությունները, իրանական պատվիրակությունը տարածաշրջան է մեկնում խաղաղության և կայունության գաղափարներն առաջ տանելու համար», - ասել է Խաթիբզադեն:

Ինքը Զարիֆը վերջերս հարցազրույց է տվել Akharin Khabar լրատվական կայքին: «Այցի նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հաղթահարել ճգնաժամը», - ասել է Իրանի ԱԳ նախարարը:

Ռուսաստանի մայրաքաղաքում հունվարի 26-ին Զարիֆին կընդունի նրա պաշտոնակից Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ ղարաբաղյան խնդրից զատ Լավրովը և Զարիֆը կանդրադառնան Իրանի և գերտերությունների միջև 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրին, ինչպես նաև Սիրիայի, Աֆղանստանի և Պարսից ծոցի զարգացումներին:

XS
SM
MD
LG