Կուտոյանի գործի նախաքննությունը շարունակվում է. ՔԿ 

Լուսանկարում` Գեորգի Կուտոյանը

Սերժ Սարգսյանի կառավարման վերջին երկու տարիներին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) գլխավորած և անցած տարվա հունվարին իր իսկ բնակարանում, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն գործած Գեորգի Կուտոյանի գործի նախաքննությունը շարունակվում է, բայց հաստատապես հիմնավորվել է, որ ԱԱԾ նախկին տնօրենը ինքնասպանություն է գործել, այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը։

Մելիքյանը, ով միաժամանակ Կուտոյանի առեղծվածային մահվան գործը քննող կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետն է, այսօր նաև տեղեկացրեց՝ թեև քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու փաստով, սակայն ավելի քան մեկ տարվա քննչական գործողություններից հետո էլ իրենց հայտնի չէ, թե ով և ինչու է 38-ամյա Կուտոյանին հասցրել ինքնասպանության. «Կասկածյալներ, մեղադրյալներ չունենք, նախաքննությունը շարունակվում է, օպերատիվ հետախուզական միջոցառումներն էլ, փորձաքննություններն ամբողջությամբ կատարվել են, քննչական գործողությունները մեծ ծավալով կատարվել են: Քրեական գործի հարուցման պահին, գիտեք, հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, քանի որ այլ հիմքեր այլ հոդվածով հարուցելու որակման համար չեն եղել»:

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը կառավարության նիստից հետո պատասխանում է լրագրողների հարցերին, 21-ը հունվարի, 2021թ.

«Ազատության» հարցադրմանը, որ արդեն մեկ տարի է` քննում են, կասկած չկա՞, թե ով է ի վերջո ինքնասպանության հասցրել, ինչ հանգամանքներում, և պնդում են, որ ինչ-որ մեկը հասցրել է ինքնասպանության, սակայն մեկ տարի քննում են գործը, և կասկածյալներ դեռ չկան, Մելիքյանը պատասխանեց. «Չենք պնդում, որ հասցրել են ինքնասպանության, պնդում ենք, որ քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու առերևույթ փաստով դեպքի առթիվ, որովհետև այդ պահին այլ հոդվածով չէինք կարող առերևույթ որակել, հարուցել, նախաքննությունը շարունակվում է: Այս պահին ինքնասպանության հասցնողներ չունենք, իսկ գործի հետ կապված տվյալների, խնդրեմ, եթե հարազատները կդիմեն, որ տվյալներ հրապարակենք, մենք սիրով կհրապարակենք»:

Հարցին, թե նոր հանգամանքներ ի հայտ եկե՞լ են, ՔԿ նախագահի տեղակալն արձագանքեց. «Հաստատապես հիմնավորվել է, որ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, ոչ միայն քննչական գործողությունների արդյունքներով, այլև փորձաքննություններով»:

Արդյոք ինչ-որ բարդություններ կա՞ն այս գործում, որ մեկ տարի է` գործը չի հասցվում ավարտին և չի հրապարակվում, Արթուր Մելիքյանն ասաց. «Ոչ, չհրապարակվելը պայմանավորված է հարազատների դիմելու փաստով, իսկ տևողությունը` քննչական գործողությունների ծավալով և փորձաքննությունների կատարման ժամկետներով, ուղղակի փորձագետները շատ ծանրաբեռնված են, և փորձաքննությունները համալիր են իրականացվել, դրա համար ժամկետներով բավական ձգվեց»:

Մեկ այլ հարցի` շարունակո՞ւմ է պնդել, որ նեղ անձնական բնույթի հարցերի պատճառով է եղել, ՔԿ նախագահի տեղակալն ասաց. «Այդ կարգի հարցերը, խնդրում եմ, հարազատների թույլտվությամբ»:

Մոտ տասն օր առաջ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այն է՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ:

Կուտոյանի մահվանից մոտ տասն օր անց՝ անցած տարվա հունվարի 28-ին, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը 1in.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ Գեորգի Կուտոյանի կինը` Հասմիկ Բիշարյանը դիմել է կոմիտեին, որպեսզի առանց իր համաձայնության ինքնասպանության շարժառիթի մասին որևէ տեղեկություն չհրապարակվի: Գրիգորյանը հավելել էր, որ Կուտոյանը ինքնասպանություն է գործել նեղ անձնական շարժառիթով. «Հաշվի առնելով Հասմիկ Բիշարյանի դիմումը` ես մի բան կարող եմ ասել, որ ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով, և թույլ տվեք չբացահայտել չակերտներ, որովհետև կա տուժողի իրավահաջորդի դիմում: Թույլ տվեք չակերտ չբացեմ, որովհետև դրանով իսկ ես արդեն կխախտեմ թե քրեական դատավարության օրենսգրքի պահանջները և թե տեղեկատվության մասին օրենքը, և թե վստահությունը տուժողի իրավահաջորդի մեր նկատմամբ»:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն այսօր «Ազատության» հետ զրույցում քննադատեց իշխանությունների դիրքորոշումը՝ գաղտնի պահել ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հանգամանքները. «Նման պաշտոններ զբաղեցնող անձինք իրականում պիտի հասկանան, որ իրենք հանրային անձինք են, և առանձին շատ ինտիմ դետալներից զատ, մնացած ամեն ինչ պետք է հանրային լինի` հատկապես հաշվի առնելով նրա իսկապես զբաղեցրած պաշտոնը` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Մի ամբողջ ազգի, մի ամբողջ պետության անվտանգության երաշխավորներից մեկն է եղել այդ բարձրագույն պաշտոնը զբաղեցնող անձը, հետևաբար այդ հարցերը չեն կարող փակ լինել: Եվ ազնվորեն ասեմ, չբարեփոխված, չփոփոխված, չվեթինգված, չլյուստրացված համակարգերի որևէ հայտարարության ես ինքս չեմ հավատում»: