Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը չի կարճվել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։
Միևնույն ժամանակ Մելիքյանը նշեց՝ հաստատապես հիմնավորվել է, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է:
«Կուտոյանի գործը չի կարճվել, դուք ինչ-որ բան շփոթում եք։ Կասկածյալներ, մեղադրյալներ չունենք։ Նախաքննությունը շարունակվում է, օպերատիվ-հետախուզական միջոցառումները, փորձաքննություններն ամբողջությամբ կատարվել են, քննչական գործողությունները մեծ ծավալով կատարվել են։ Քրեական գործը հարուցվել է ինքնասպանություն հասցնելու հոդվածով, քանի որ այլ հիմքեր, այլ հոդվածով հարուցելու որակման համար, չեն եղել։ Նախաքննությունը շարունակվում է, այս պահին ինքնասպանության հասցնողներ չունենք», - ասաց Մելիքյանն՝ ընդգծելով՝ Կուտոյանի իրավահաջորդները դեռ անցյալ տարի դիմում են ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին, որպեսզի գործի վերաբերյալ տվյալներ չհրապարակվեն։
Հիշեցնենք, ավելի վաղ Քննչական կոմիտեից «Ազատության»-ը փոխանցել էին, որ Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այն է՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ:
38-ամյա Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնաբերվել էր անցած տարվա հունվարի 17-ին՝ երևանյան շենքերից մեկի բնակարանում։ Փաստի կապակցությամբ քրեական գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ «ինքնասպանության հասցնելը»։
Կուտոյանը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցն էր, 2016 թվականի փետրվարին նշանակվել էր Ազգային անվտանգության ծառայության ղեկավար՝ փոխարինելով Գորիկ Հակոբյանին, այդ պաշտոնից ազատվել էր 2018-ին՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեղափոխությունից հետո: Մինչև ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելը, Կուտոյանը զբաղեցնում էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը: