Վարչապետ Փաշինյանը շարունակում է մանրամասներ հրապարակել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ՝ այս անգամ անդրադառնալով հարցին, թե Հայաստանի առաջին ու երկրորդ նախագահաները ինչու չմեկնեցին Մոսկվա։
Առավոտյան ֆեյսբուքի իր էջում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դեռ հոկտեմբերի 20-ին Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը առաջարկել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկա ու նախկին ղեկավարների հանդիպում կազմակերպել, որը պատերազմի օրերին կլինի ազգային միասնության արտահայտում: Փաշինյանը համաձայնել է։
Հաջորդ հանդիպմանը, սակայն, Ղուկասյանն ու Սահակյանը հավելել են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ուզում են մեկնել Մոսկվա, այնտեղ բարձր մակարդակի հանդիպումներ ունենալ ու վերադարձից հետո միայն հանդիպում կազմակերպվի։ Փաշինյանը դարձյալ համաձայնել է, անգամ, իր խոսքով, պատրաստակամություն է հայտնել պետական ինքնաթիռը տրամադրել, որից հետո Արցախի նախկին նախագահները ասել են, թե անհրաժեշտ է, որպեսզի վարչապետը միջնորդի Ռուսաստանի նախագահին, որ նա ընդունի Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին՝ որպես հատուկ բանագնացներ:
«Ռուսաստանի նախագահի հետ ես մշտական կապի մեջ եմ: Օր կա՝ հինգ-վեց անգամ հեռախոսով խոսում եմ հետը: Հիմա եթե ինձ հարցնի, այդ ի՞նչ ասելիք ունես, որ ինձ չես կարողանում ուղիղ ասել և դա ուզում ես ասել հատուկ բանագնացների միջոցով, ես ի՞նչ պիտի պատասխանեմ», - շարունակում է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե նույն հարցը առաջացավ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի պարագայում, ում հետ Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը նույնպես ցանկանում էին հանդիպել։
Հայաստանի վարչապետն առաջարկել է այլ տարբերակ՝ կազմակերպել Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի արարողակարգային այց Մոսկվա՝ որպես պաշտոնաթող նախագահներ, ուր նրանք կլինեն Ռուսաստանի պաշտոնաթող նախագահ Դմիտրի Մեդվեդևի հյուրը, ով նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալն է, և այցի շրջանակներում փորձել քաղաքավարական հանդիպումներ կազմակերպել ՌԴ նախագահի, արտգործնախարարի և այլ բարձրաստիճան անձանց հետ: Փաշինյանի այս առաջարկը, սակայն, հետաքրքիր չի եղել Հայաստանի առաջին ու երկրորդ նախագահներին։
Փաշինյանը եզրափակում է. «Բակո Սահակյանը ինձ համար անսպասելի հայտարարեց, թե Տեր-Պետրոսյանը և Քոչարյանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպման պայմանավորվածություն ունեն: Էդ դեպքում ինձնից ի՞նչ են ուզում. պայմանավորված են՝ թող մեկնեն Մոսկվա, հանդիպեն: Պարզվեց՝ հարցը Ռ. Քոչարյանի անձնագիրն է, որը դատարանում է: Ասացի՝ թող միջնորդություն ներկայացնեն դատարան, ես կխնդրեմ, որ մեղադրանքի կողմը չառարկի անձնագիրը վերադարձնելուն: Այդպես էլ եղավ. դատարանը վերադարձրեց Քոչարյանի անձնագիրը, բայց Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը Մոսկվա այդպես էլ չմեկնեցին»:
Նիկոլ Փաշինյանի գրառմանը ֆեյսբուքում բավականին կոշտ արձագանքել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը նշելով, որ նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ Փաշինյանի հայտարարություններին: «Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու», - գրել է Մուսինյանը։
Օրերս «Ազատության» հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե Փաշինյանը պարզապես չի լիազորել Տեր-Պետրոսյանին, որպեսզի առաջին նախագահը կարողանա մեկնել Մոսկվա և բանակցություններ վարել։
«Այո՛, նրանք դիմել էին Նիկոլ Փաշինյանին, որ նաև տրամադրվի, օրինակի համար, Տեր-Պետրոսյանին մանդատ, որ ինքը կարողանա բանակցել և գոնե պահպանել այն, ինչ որ հնարավոր էր պահպանել։ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց դա անել», - նշել է Զուրաբյանը:
«Ազատության» դիտարկմանը՝ «ասում է՝ ասել եմ, թող գնան», Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը պատասխանել է. «Դա էլ է ցույց տալիս, որ նա ոչ մի բան քաղաքականությունից չի հասկանում։ Որովհետև ռուսները մանկապարտեզի երեխաներ չեն, որ խոսեն ինչ-որ մեկի հետ, որքան էլ հանգեն այդ մարդուն, առանց համապատասխան լիազորությունների։ Նրանք դրա ժամանակը չունեն․․․ Նա ասել է՝ գնացեք, բայց ես ձեզ լիազորություն չեն տալիս»:
Փաշինյանի այսօրվա գրառմանը արձագանքել է նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, որի ղեկավար Վիկտոր Սողոմոնյան սուտ է որակել վարչապետի խոսքերը՝ երկրորդ նախագահի Ֆեյսբուքի պաշտոնական էջում գրելով, թե «սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից»։
Քոչարյանի գրասենյակը, հիշեցնենք, հոկտեմբերի 30-ին հանդես եկավ պարզաբանմամբ, թե Հայաստանից մեկնելու մասին դատարանի թույլտվությունից հետո երկրորդ նախագահը մտադիր էր առաջիկա օրերին մեկնել Մոսկվա, սակայն COVID-ի դրական թեստը արգելք է հանդիսացել։
Վարչապետի հայտարարությանը դեռ չի արձագանքել Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակը։
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, թե ի դեմս Նիկոլ Փաշինյանի գործ ունենք մի մարդու հետ, ով փորձում է տեղի ունեցած ողբերգության համար մեղադրել բոլորին․ - «Նիկոլ Փաշինյանը ինչքան շարունակի կառչած մնալ առոթից, այնքան մենք վտանգելու ենք այլևս Հայաստանի անվտանգությունը։ Ճանաչելով իրեն, ես կարծում եմ, որ ինքը մինչև մեր արյան վերջին կաթիլը կառչած է մնալու իր աթոռից։ Սա է, ցավոք սրտի, իրականությունը։ Այսօր մենք կանգնած ենք մեր պետականությունը կորցնելու վտանգի առաջ, այսօր մենք այն, ինչ մնացել է Արցախից կորցնելու վտանգի առաջ։ Այդ ամենի պատասխանատուն մեկ մարդ է, և այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է»։
Խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սամսոնյանի խոսքով, «որպես պետության ղեկավար Փաշինյանը կորցրել է գործելու իր կարողությունը, լեգիտիմությունը, այդ իսկ պատճառով ճարահատյալ ցուցմունք է տալիս սեփական ֆեյսբուքյան էջին»․ - «Ես կասեի, որ Նիկոլ Փաշինյանը դեռ առիթ կունենա ցուցմունք տալ։ Իսկ հիմա, երբ երկրում ներքաղաքական լարված վիճակ է, սոցիալական բազում խնդիրներ, փախստականներ, վիրավորներ և հաշմանդամներ, նրա գրառումներն այլևս որևէ մեկին հետաքրքիր չեն և ոչ կարևոր են այս պարագայում»։