Հայաստանի վարչապետը ներկայացրել է արցախյան պատերազմը կանգնեցնելու փորձից որոշ մանրամասներ:
Ըստ Նիկոլ Փաշինյանի` հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իրեն ասել է, որ պետք է կանգնեցնել պատերազմը: «Ասաց նաև, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլև ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նաև Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի անունից:
Ես զանգահարեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, և նա ասաց, որ կարծում է` դա պետք է փորձել անել ռուսական առաջարկների տրամաբանությամբ: Այսինքն՝ կարգավիճակի հարցի հետաձգում, շրջանների հանձնում, ռուս խաղաղապահների տեղակայում: Ասացի՝ խաղաղապահները պետք է տեղակայվեն նախկին ԼՂԻՄ սահմանի երկայնքով և Լաչինի միջանցքով: Ինքը համաձայնեց և պայմանավորվեցինք, որ քննարկումներից հետո կրկին կզանգեմ», - գրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում:
Դրանից հետո, ինչպես ներկայացրել է վարչապետը, այդ մասին տեղեկացրել է Արցախի նախագահին, ով համաձայնել է, և արտախորհրդարանական ուժերին, ապա հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ՝ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների, նախագահի և Կաթողիկոսի մասնակցությամբ: «Ընդդիմադիրները դժկամությամբ ընդունեցին լուրը, բայց ես այնպես տարա խոսակցությունը, որ չեմ պատրաստվում իրենց վրա որևէ պատասխանատվություն դնել: Պարզապես տեղյակ եմ պահում, որ չստացվի, թե թաքուն, ժողովրդի թիկունքում ինչ-որ բան եմ անում:
Հրապարակային որևէ հայտարարություն անել չէի կարող, որովհետև եթե Ադրբեջանը առաջարկը մերժեր իմ հրապարակային հայտարարությունից հետո, դա կլիներ մեր դիմադրության ողջ համակարգի փլուզումը: Կրկին զանգահարեցի ՌԴ նախագահին, ասացի, որ համաձայն եմ: Ասաց, որ մինչև առավոտ կքննարկի Ալիևի հետ և ետ կզանգի: Հաջորդ օրը Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ինձ հետ հանդիպման ժամանակ ասացին, որ համաձայն չեն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման կամ ճշգրտման մեխանիզմի որևէ համաձայնության գալուն: Ըստ էության՝ ասացին նաև Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի և Լ. Տեր-Պետրոսյանի անունից:
Բայց այս ամենը կարևոր չէր, որովհետև, ես էի կայացրել որոշումը և պատրաստվում էի այն տանել մինչև վերջ», - ֆեյսբուքյան գրառմամբ պատմում է Նիկոլ Փաշինյանը` շարունակելով.
«Հաջորդ օրը ՌԴ նախագահը պայմանավորվածության համաձայն զանգեց: Ասաց, որ Ալիևը համաձայն է, բայց խաղաղապահները ոչ թե ԼՂԻՄ սահմաններով պետք է տեղակայվեն, այլ քանի որ Հադրութն ու Թալիշը իրենց հսկողության տակ են, ադրբեջանցիները համաձայն չեն այդ բնագծերից ետ գնալ և նախկին ԼՂԻՄ տարածքում պետք է խաղաղապահներ տեղակայվեն ըստ փաստացի շփման գծի: Նաև՝ պետք է հայկական կողմը պարտավորություն վերցնի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի: Այսպես՝ հրադադարը դարձավ անհնարին, որովհետև ասացի, որ եթե անգամ Հադրութի հարցով համաձայնեմ, չեմ պատկերացնում Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը: ՌԴ նախագահը զարմացավ, թե ինչու՞ եմ դեմ ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու տարբերակին: Երբ ներկայացրի փաստարկներս՝ ասաց, որ տրամաբանական է, և ինքը լավ տեղեկացված չէր որոշ նրբությունների: Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը»:
Հայաստանի վարչապետը համոզված է, որ եթե համաձայներ Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու՝ Կարմիր Շուկա-Շուշի ավտոճանապարհը իրենց հսկողության տակ պիտի լինի:
«Այսպես՝ պայմանավորվածությունը չկայացավ: Այդ ժամանակ կորսված էին Ջեբրաիլը, Հադրութը և հարակից մի քանի գյուղեր, Ֆիզուլին, Թալիշը: Մինչ այդ երկու անգամ մարդասիրական հրադադար էր հայտարարվել՝ մեկը հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ, մյուսը՝ հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ: Երկու միջնորդությունն էլ ձախողվել էր», - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ մոտ 10 օր առաջ այս դեպքերին էր անդրադարձել Ռուսաստանի նախագահը: Պուտինը մասնավորապես ասել էր, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկզբում հրաժարվել էր ընդունել հոկտեմբերի 19-20-ին հրադադարի մասին առաջարկը, երբ Ադրբեջանի բանակը գրավել էր Լեռնային Ղարաբաղի հարավում գտնվող մի փոքր հատված դեռևս: «Ընդհանուր առմամբ ինձ հաջողվեց համոզել Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի։ Ինձ համար անսպասելիորեն մեր հայ գործընկերների դիրքորոշումն այնպես ձևակերպվեց, որ դա նրանց համար անընդունելի է։ Եվ վարչապետ Փաշինյանն ինձ ուղղակի ասաց, որ դրանում վտանգ է տեսնում Հայաստանի և Ղարաբաղի շահերի համար։ Ինձ համար հիմա էլ այնքան էլ հասկանալի չէ, թե որն էր այդ սպառնալիքը: Ենթադրվում էր, որ խաղաղ բնակիչները կվերադառնան Շուշի, հայկական կողմը պահպանում էր վերահսկողությունը Ղարաբաղի տարածքի այդ մասի նկատմամբ, ներառյալ Շուշին, և նկատի ունենալով մեր խաղաղապահների առկայությունը, իսկ մենք արդեն այդ ժամանակ պայմանավորվել էինք Հայաստանի և Ադրբեջանի հետ», - ասել էր ՌԴ ղեկավարը։
Պուտինի ներկայացմամբ՝ այդ ժամանակ Փաշինյանն ասել էր, որ Երևանը չի կարող գնալ դրան, և հայտարարել էր պայքարը շարունակելու և պատերազմելու պատրաստակամության մասին. «Այդ պատճառով նրա հասցեին ինչ-որ դավաճանության մասին մեղադրանքները ոչ մի հիմք չունեն։ Այլ բան է` դա ճիշտ, թե սխալ որոշում էր։ Դավաճանության մասին խոսք լինել չի կարող»:
Պուտինը նաև ընդգծել էր, որ Շուշի քաղաքի հանձնելու հարցը մինչև ղարաբաղյան այս պատերազմը երբեք չի դրվել: