Մատչելիության հղումներ

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա


Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները` Լևոն Տեր-Պետրոսյանը (ձախից) և Ռոբերտ Քոչարյանը (աջից)
Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները` Լևոն Տեր-Պետրոսյանը (ձախից) և Ռոբերտ Քոչարյանը (աջից)

Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար: Այս մասին տեղեկանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումից։

Մանե Գևորգյանի հաղորդմամբ, Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի այս առաջարկը Փաշինյանին են փոխանցել Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետի հետ ունեցած հանդիպման ժամանակ։

«ԼՂՀ պաշտոնաթող նախագահները առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն Հայաստանի և ԼՂՀ նախկին և ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ: Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի և Արցախի հնարավոր որևէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը: Մեր տեղեկություններով պաշտոնաթող նախագահները դեռևս Հայաստանից չեն մեկնել: Ամեն դեպքում, վարչապետը և կառավարությունը բաց են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար և երբեք չեն հրաժարվել նման առաջարկների քննարկումից»,- Ֆեյսբուքում գրել է Գևորգյանը։

Ե՞րբ են նախագահները մեկնելու Մոսկվա, արդյո՞ք նրանց այցը համատեղ է, և ո՞ւմ հետ են հանդիպելու Ռուսաստանի մայրաքաղաքում, այս հարցերի պատասխանը «Ազատությունը» փորձեց ստանալ երկու նախագահների գրասենյակներից։

Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը Ilur.am-ի հետ զրույցում նշել է. - «Հիմա մեր երկիրը գտնվում է պատերազմական բարդ իրադրության մեջ, և ավելորդ տարըմբռնումներից ու շահարկումներից խուսափելու նպատակով այս հարցին մենք հանգամանալից պարզաբանում կտանք միայն ճգնաժամի ավարտից հետո»։ «Ազատության» հետ զրույցում Մուսինյանն ասաց, թե ավելացնելու ոչինչ չունի։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանը դեռևս անարձագանք է թողել «Ազատության» հարցումը։

Երկրորդ նախագահի գրասենյակից, սակայն, հայտնում են` քանի որ Ռոբերտ Քոչարյանը մտադրված էր մոտակա օրերին մեկնել Մոսկվա, հանձնել է Covid-19-ի թեստ, ինչը պարտադիր է Ռուսաստան մուտքի համար, և նրա մոտ հաստատվել է վարակը, հետևաբար Մոսկվա մեկնել չի կարող, Քոչարյանն ինքնամեկուսացման մեջ է գտնվում:

«Փաստինֆոն» երեկ գրեց, որ դատարանը վերադարձրել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը, ինչը նշանակում է, որ նա կարող է հատել Հայաստանի սահմանը։ Քոչարյանը 2008թ.-ի մարտի մեկի գործով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման համար և գրավի դիմաց կալանքից ազատ արձակվեց հունիսին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի երկրորդ և երրորդ նախագահների հոկտեմբերի 20-ին կայացած հանդիպման օրը Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը առանձին հանդիպել էին նաև Լևոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ հաջորդ օրը կայացել էր Հայաստանի Հանրապետության և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի հանդիպումը:

XS
SM
MD
LG