Ըստ քաղաքական մեկնաբանի՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը ԼՂ-ի կարգավիճակի առնչությամբ դիվանագիտական աշխատանքի հնարավորություն է տալիս

Ֆրանսիայի Սենատի շենքը Փարիզում, արխիվ

Հայաստանի վարչապետը «պատմական» է որակել Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին Ֆրանսիայի Սենատի երեկ ընդունած բանաձևը։ «Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

305 կողմ, մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի ընդունած բանաձևը կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար։

Խորհրդատվական բնույթ կրող բանաձևի ընդունումը ողջունել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը՝ այն ևս պատմական որակելով ու սենատորներին երախտագիտություն հայտնելով։ Արցախի ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Սենատի այս որոշմանը կհաջորդեն նույն բնույթի բանաձևերի ընդունումը Ֆրանսիայի Ազգային ժողովում, նաև աշխարհի տարբեր երկրներում։

Հայաստանի Արտգործնախարարությունը բանաձևի ընդունումը Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքի ճանաչման և հիմնահարցի արդարացի լուծման ուղղությամբ կարևորագույն քայլ է համարում: Նախարարությունը հատկապես կարևորում է բանաձևում ադրբեջանական զինուժի կողմից միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների նորմերի խախտումների և Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության արձանագրումը։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ բանաձևի ընդունումը վկայում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի շարունակականության մասին։

«Բանակցային գործընթացը պետք է շարունակվի, բանակցային գործընթացը վստահված է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակներում ձևավորված Մինսկի խմբի համանախագահությանը և բանակցություններն ու գործընթացները պետք է շարունակվեն: Երեկ Ֆրանսիայի Սենատում տեղի ունեցածը և բանաձևի ընդունումը ևս վկայում է նրա մասին, որ գործընթացը դեռ շարունակական է», - ասաց Վարդանյանը:

Ազգային Ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ողջունում է բանաձևի ընդունումը, սակայն հարցեր ունի. «Արցախի ճանաչումն ի՞նչ սահմաններով պետք է ճանաչվի, Արցախն ունի Սահմանադրություն, որի մեջ են մտնում այն բոլոր տարածքները, որը Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ հիմա հանձնվել են կամ գրավվել են: Այսինքն այդ ի՞նչ տարածքով է դա, հետևաբար այդ բանաձևը կարող է խթան հանդիսանալ, որ տարբեր խորհրդարաններ, սենատներ բանաձևն ընդունեն, բայց ես, որ դրանից ակնկալիք ունենամ, օրինակ, ինձ երեկ գիշերը զանգել ասում են՝ Բերձորի 5 կմ-ն կարո՞ղ է լայնանալ, թե չէ, չգիտեմ, ինձ թվում է՝ չէ»:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը Արցախի կարգավիճակի առնչությամբ դիվանագիտական աշխատանքի հնարավորություն է տալիս։

«Տալիս է հնարավորություն դիվանագիտական աշխատանքի թե՛ Ֆրանսիայի հետ, թե՛ Մինսկի խմբի մյուս համանախագահների, առաջին հերթին, իհարկե, նաև Ռուսաստանի՝ որպես Արցախում արդեն ռազմական ներկայություն ունեցող և փաստացի անվտանգության և կայունության դե ֆակտո երաշխավորի դեր ստանձնած Ռուսաստանի հետ և իհարկե Միացյալ Նահանգների, որի նոր վարչակազմը արդեն աստիճանաբար ստանձնում է լիազորությունները և հունվարի 20-ից ամբողջապես կդառնա անմիջական դերակատար նաև այս պրոցեսում՝ որպես Մինսկի խմբի համանախագահ», - ասաց Բադալյանը:

Բանաձևը նաև դատապարտում է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ իրականացված Ադրբեջանի ռազմական ագրեսիան և կոչ է անում՝ անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինված ուժերին և նրանց աջակիցներին այն տարածքներից, որոնք ադրբեջանական տիրապետության տակ են անցել սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների հետևանքով:

Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը խորհրդատվական բնույթ ունի, կառավարությունը պարտավոր չէ հետևել դրան և ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը, արձագանքելով այս բանաձևին, հայտարարել էր, որ Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումն օգտակար չի լինի ոչ Հայաստանին, ոչ Ղարաբաղի ժողովրդի համար, ոչ էլ Ֆրանսիայի։ Ըստ պետքարտուղարի, Արցախի ճանաչումը կխոչընդոտի խաղաղ գործընթացին։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը ներառում է ավելի լայն շրջանակ. Եվրոպա-Թուրքիա հարաբերություններում առկա խնդիրները, Ֆրանսիա-Ռուսաստան հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղը հարցը շարժառիթն է:

«Անկասկած է, որ ճանաչման այս գործընթացի մեկնակետը, որ ձևավորում է Ֆրանսիան իր քաղաքական ազդեցությունը ընդլայնելու հնարավորություն, պետք է դիտարկի նաև Ռուսաստանի հետ աշխատանքով, տեսնել որպես Արցախում այլևս ռազմական ներկայություն ունեցող դերակատարի», - նշեց քաղաքական մեկնաբանը: