Պաշտոնական Անկարան անընդունելի է համարել Ֆրանսիայի Սենատի բանաձևը, որը երկրի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Թուրքիայի արտգործնախարարության հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ «այս որոշումը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և ի ցույց է դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի կողմնակալ կեցվածքը»:
Նախօրեին ընդունված Ֆրանսիայի Սենատի բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, և կոչ է անում, որպեսզի անհապաղ դուրս բերվեն ադրբեջանական զինված ուժերը և նրանց աջակիցները այն տարածքներից, որոնք վերցվել են սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների արդյունքում:
Թուրքական արտաքին գերատեսչությունը ֆրանսիացի օրենսդիրների այս կոչերը «անլուրջ, ծիծաղելի, կողմնապահ և իրականությունից կտրված մտայնության դրսևորում» է որակել:
«Ոչ մի խելամիտ հիմնավորում չունեցող, ողջամտությունից զուրկ այս որոշումը սահմանափակում է հիմնախնդրի լուծմանը իրապես նպաստելու Ֆրանսիայի հնարավորությունները: Ցանկանում ենք, որպեսզի Ֆրանսիան Հայաստանի և Ադրբեջանի միջև շուրջ 30 տարի շարունակվող հակամարտության այս հանգրվանում, ճիշտ հետևություններ անելով, տարածաշրջանային խաղաղության հաստատման համար կառուցողական մոտեցում որդեգրի: Դրա համար բավարար է առաջնորդվել ներկայիս իրողություններով և ջանքեր գործադրել միջազգային իրավունքին համապատասխան մնայուն լուծման հասնելու ուղղությամբ», - ասված է հայտարարությունում։
Արտգործնախարարությունը վստահեցնում է, որ Թուրքիան այս համատեքստում պատրաստ է աշխատել Ֆրանսիայի հետ: