Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր ասել է, թե Թուրքիան, Ռուսաստանն ու Ադրբեջանը տարածաշրջանում լինելու են խաղաղության երաշխավորը։
Խորհրդարանում իր կուսակցության պատգամավորների հետ հանդիպմանը Էրդողանն ասել է, թե Թուրքիան «մեծ ներդրում է ունեցել անարդարության վերացման գործում, որ տիրում էր Ադրբեջանում 30 տարի»։
«Ես երեկ քննարկել եմ [հրադադարի պահպանման] հարցը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, մենք համատեղ դա կարող ենք երաշխավորել, բայց նաև հնարավորություն ունենք բարելավել այդ գործընթացը, եթե ներգրավենք նաև տարածաշրջանային չորրորդ կամ հինգերորդ երկիրը, կարող ենք բոլորովին այլ իրավիճակ ստեղծել»։ - ասել է Էրդողանը, չհստակեցնելով, թե հատկապես որ երկրները նկատի ունի։
Թուրքիայի նախագահի օգնականը Քելբաջարի վերահսկողությունը Ադրբեջանին անցնելու առիթով այսօր գրել է, թե Ղարաբաղը «վերադառնում է իր իրական ինքնությանը» ու Կովկասում նոր դարաշրջան է սկսվում։ «Այդ նոր դարաշրջանում Թուրքիան շարունակելու է ծայրաստիճան կարևոր դեր ունենալ», - Թվիթերում գրել է Իբրահիմ Քալընը։
Թուրք փորձագետները բարձր են գնահատում Ղարաբաղի հարցում Թուրքիայի ու Ռուսաստանի համագործակցությունը։
Եվրասիական հարցերով փորձագետ Էշրեֆ Յալընկիլիչլին, մասնավորապես, Daily Sabah-ին ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը, ուստի Թուրքիան ու Ռուսաստանը իրենց վրա պետք է վերցնեին նախաձեռնությունը։
Անկարայում գտնվող Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Մեհմեթ Թուլունն ասել է, որ չնայած Ռուսաստանի ու Թուրքիայի միջև պատմական հակամարտությունները ենթադրությունների տեղիք էին տալիս, թե Մոսկվան անհանգստանալու հիմքեր ունի Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունից, սակայն վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը գնահատում է Թուրքիայի դերը խաղաղապահ գործողություններում։
Անկարայի Բայազեթ համալսարանի քաղաքագետ Սալեհ Յըլմազը, փորձելով կանխատեսել տարածաշրջանում Ռուսաստանի առաջիկա քաղաքականությունը, ասել է, թե Ռուսաստանը կձգտի, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակ ունենա, նորմալացվեն Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ակտիվանա տարածաշրջանի տնտեսությունը։
Ինչ վերաբերում է ռուս-թուրքական խաղաղապահ համատեղ առաքելությանը, Յըլմազն ասել է, որ Մոսկվան ձգտում է թուրք խաղաղապահներին հեռու պահել հայկական բնակավայրերից, նախաձեռնությունը պահել իր ձեռքում, բայց Թուրքիան կարող է իր սեփական ռազմավարությամբ առաջնորդվել ու ռազմակայաններ հիմնել Քելբաջարում, Շուշիում, Լաչինում, Զանգելանում։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ երկրի զինված ուժերի ցամաքային զորքերն ավարտել են նախապատրաստական աշխատանքները և շուտով կարող են մեկնել Ադրբեջան։ Նա պնդել է, որ թուրք ու ռուս խաղաղապահները համատեղ պարեկություն են կատարելու հենակետերի միջև։
Մոսկվան միշտ աշխատում է մեղմ ներկայացնել Թուրքիայի մասնակցությունը Ղարաբաղի խաղաղապահ առաքելությանը։ Ռուս պաշտոնյաները ցանկացած առիթով նշում են, որ նրանք Ղարաբաղում չեն տեղակայվելու, համատեղ կենտրոնը լինելու է Ադրբեջանի տարածքում, տեխնիկական միջոցներով, անօդաչու թռչող սարքերով վերահսկելու են հրադադարը։
Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության տեքստում խաղաղապահ գործողություններին Թուրքիայի մասնակցության մասին բառ անգամ չկա։
Հայտարարության 5-րդ կետում ընդամենը գրված է, որ հակամարտության կողմերի համաձայնեցված պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով ստեղծվում է հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն։
Բայց ինչպես երևում է՝ Ռեջեփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինն արդեն ամեն ինչ պայմանավորվել էին, ու եռակողմ փաստաթղթի հրապարակման հաջորդ օրը Թուրքիայի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարն ու Սերգեյ Շոյգուն ստորագրեցին Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու փոխըմբռման հուշագիր։
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կազմված է լինելու զինվորականներից։ Թուրքիայի սահմաններից դուրս զորք ուղարկելու համար անհրաժեշտ է ստանալ խորհրդարանի համաձայնությունը, այդ ըստ էության ձևականությունը պահպանվել է՝ Թուրքիայի խորհրդանանը համաձայնություն է տվել Ադրբեջան զորք ուղարկելուն։ Թուրքական զորքերը Ադրբեջանում տեղակայվելու են մեկ տարի ժամակետով, երկարաձգելու հնարավորության մասին դեռ խոսք չկա։