Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կդառնան Հարավային Կովկասում անվտանգության երաշխավորը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խորհրդարանում։
«Մենք մեծ ներդրում ունեցանք անարդարության վերացման գործում, որ տիրում էր Ադրբեջանում 30 տարի», - պնդել է Էրդողանը, ընդգծելով՝ Անկարան շարունակելու է ջանքերն այս ուղղությամբ։
«Ես երեկ քննարկել եմ [հրադադարի պահպանման] հարցը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, մենք համատեղ դա կարող ենք երաշխավորել, բայց նաև հնարավորություն ունենք բարելավել այդ գործընթացը», - ասել է Թուրքիայի նախագահը՝ մանրամասնելով․ - «Եթե ներգրավենք նաև տարածաշրջանային չորրորդ կամ հինգերորդ երկիրը, կարող ենք բոլորովին այլ իրավիճակ ստեղծել»։ Թե հատկապես որ երկրների մասին է խոսքը, Էրդողանը չի հստակեցրել։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հրաժարվել է մեկնաբանել Թուրքիայի նախագահի այս հայտարարությունները։