Արցախի որոշ բնակավայրերում կյանքը հունի մեջ է ընկնում

Ստեփանակերտն այսօր` նոյեմբերի 16-ին

Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ճանապարհն այսօր լիարժեքորեն գործում է, հաղորդում է «Ազատության» թղթակիցը: Բազմաթիվ մարդիկ կան, որ վերադառնում են Արցախ, ըստ էության, իրենց հայրենի տները: Վարդենիսից Քարվաճառ ճանապարհին կարելի է տեսնել բազմաթիվ մարդատար, բեռնատար մեքենաներ, որոնք կենցաղային տարբեր պարագաներով, իրերով` բազմոց, աթոռներ, բեռնված շարժվում են Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ:

Այս ճանապարհը մինչև նոյեմբերի 25-ն է գտնվելու հայկական ուժերի վերահսկողության ներքո: Լեռնային Ղարաբաղ մտնելիս ինչպես նախկինում, հիմա ևս ոստիկանական կետ կա, որտեղ ստուգումներ են անցկացնում:

Դեպի Դրմբոն ճանապարհին շատ են անտերության մատնված, հրդեհված շինությունները, ՀԷԿ-երն էլ ապամոնտաժված են:

Դեռևս Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած` Լեռնային Ղարաբաղի ինքավար մարզի վարչական տարածք մուտք գործելիս կարելի է նկատել` կյանքի հունի մեջ է ընկնում, փոքր քաղաքներում ու գյուղերում մարդիկ արդեն բազմաթիվ են, իսկ Ստեփանակերտը նախկինի համեմատ մարդաշատ է: Կարելի է այսպես ասել` կյանքը վերադառնում է Լեռնային Ղարաբաղի բնակավայրեր: