Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը դեռ շարունակելու է գտնվել հայկական ուժերի վերահսկողության ներքո, և շրջափակման մեջ մնալու վերաբերյալ հասարակության մեջ առկա մտավախությունները իրական հիմքեր չունեն, այս մասին այսօր աշխատանքային ընդլայնված խորհրդակցության ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Պետք է շտապ միջոցներ ձեռնարկել կյանքի բնականոն պայմաններին վերադառնալու ուղղությամբ», - ասել է նա: Վերջինիս խոսքով` այն քաղաքացիները, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, հիմնականում կբնակեցվեն Ստեփանակերտում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մյուս բնակավայրերում:
«Նրանք ժամանակավորապես նախ կապաստանեն հյուրանոցներում և պետության վարձակալած բնակարաններում, ապա պետական միջոցներով հիմնավորապես կլուծվի բոլորի բնակարանային խնդիրը:
Ոչ մի քաղաքացի ուշադրությունից դուրս չի մնալու, և կառավարության խնդիրն է անհապաղ լուծել մեր բոլոր հայրենակիցների սոցիալական խնդիրները», - ֆեյսբուքյան էջում գրել է Արայիկ Հարությունյանը: