Մատչելիության հղումներ

Քարվաճառի անտառները հատվում են, քաղաքի դպրոցը թալանվել է


«Բարի գալուստ Արցախ» ցուցանակի մոտ լուսանկարվողները պարբերաբար ձեռքերն են թափահարում՝ ողջունում են առաջնագծից Երևան վերադարձող զինծառայողներին: Ազատամարտիկ Արտավազդ Մկրտչյանը Քարվաճառի ձորերում էր 90-ականներին ու հիմա՝ 44 օր. հեռանում է դառնությամբ. «Հիմա հեռանում ենք, թեպետ ակնկալիքով` գալու ենք էստեղ նորից: Սերունդները մեզ չեն ներելու, դա հաստատ: Ես էս պատերազմին մասնակցել եմ 17 տարեկանից, հիմա արդեն 45 տարեկան եմ, մի ամբողջ կյանք: Հիմա էտ իմ ապրածն ինձ ո՞վ է հետ տալու, ոչ մեկը: Ես սերնդին ինչ-որ մի բան ունե՞մ թողած, իհարկե` ոչ»:

Քարվաճառից Վանաձորի կամավորականները հեռանալ չեն շտապում՝ կրակին հավ են դրել, հավով ճաշ են եփում:
Դավիթ Ալեքսանյանը չի պատկերացնում ադրբեջանցիներին այս տարածքներում. «Սաղ հողը քանդում ես, խաչքար է դուրս գալիս, բայց բրախում ենք, գնանք»:

Քարվաճառից Վանաձոր են տանում խնձորի ու մոշի տնկիներ՝ խնձորենին կբարձրանա՝ շվաքի տակ բաժակ կբարձրացնեն կորցրած շրջանի համար: 5 օր է՝ Քարվաճառն իրերն է հավաքում:

Մայրուղով բեռնատարների շարասյան հետ խառնված են ձիեր, կովեր, ոչխարներ: Հովիվները օրեր շարունակ նրանց քշում են դեպի Վարդենիսի տարածաշրջան` հույսով, որ կվաճառեն. «Մի հատ զուգարանի թուղթ էլ չեմ թողնելու` իրենց մնա: Պիտի թուրքը գա, էս իմ արած-դրածը վայելի՞: Ասում եմ` մորս փակածն է, կարո՞ղ է թողնեմ, գան, իրենք խմե՞ն: Իրենք էս ջուրն էլ արժանի չեն խմելու»:

Դեղձի կոմպոտներն ու թթու դրած վարունգներն են մնացել. Քարվաճառի շրջանի Քնարավան գյուղի բնակիչ Նորայր Միքայլեյանը ծանր սրտով է բեռնատարը լցրել` ինչ հնարավոր է, բայց դեռ չգիտեր, թե դեպի ուր է գնալու. «Ես էստեղ ամուսնացել եմ, երեխա եմ ունեցել, մեծացրել եմ, դպրոցը հիմա քանդում են: Տունս քանդում են: Ես պոստից նոր եմ իջել, ես պատերազմի մեջ եմ եղել, շատ ե՞մ իմանում` ուր ենք տանում: Գնում ենք, բոմժի նման մեկի տունը գտնենք, ապրենք»:

Միքայելյանները Քնարավանի առաջին բնակիչներն են՝ տատիկի օժիտ գորգը Բայազետից պտտվել ու Քարվաճառ էր հասել, հիմա բեռնատարի մեջ է: Վերջում մեքենա են բարձրանում ընտանիքի բոլոր հինգ շները. իսկական շան կյանք է...

Գյուղում 15 ընտանիք էր ապրում, դպրոցը 70 աշակերտ ուներ, այստեղ նաև զինվորականների երեխաներն էին սովորում: Քնարավանի միջնակարգ դպրոցում դուռ, լուսամուտ, ամեն ինչ քանդված է, մնացել են իրեր, որ չեն հետաքրքրել տարածքի թալանով զբաղվածներին և չեն հետաքրքրի ադրբեջանցիներին՝ Մաշտոցի պլակատը:

Նույն պատկերն է Քարվաճառ քաղաքի Սարոյանի անվան միջնակարգ դպրոցում. շրջանի վարչակազմի ղեկավարն ասում է` չհասցրին էլ սկսել դպրոցական գույքի տարհանման գործը. ինչ-որ խմբեր Հայաստանից մտան ու սրբեցին «Արմատ» լաբորատորիայի բոլոր համակարգիչները: Այստեղ էլ մնացել է միայն գրադարանը, կամավորներն են փորձում տեղափոխել այն: Նրանցից Հակոբ Միկոյանն ասաց՝ կփորձեն որևէ մարզպետարանի հանձնել. «Նյութական արժեք չի, այլ հոգևոր արժեք է և մշակութային արժեք, սա թողել են գետնի վրա գցած, իսկ նյութականը` համակարգիչ, ռադիատորներ, պատուհաններ, դռներ, տարել են»:
Գրատախտակին գրառում են թողնում՝ «լավ իմացեք, հետ ենք գալու»:

Քարվաճառի տարբեր գյուղերում ազատագրված տարածքների բնակեցման՝ հայկական երազանքին ուղղված բազմաթիվ ներդրումներ կան: Այս օրերին դրանք փրկելու համար պետական որևէ աջակցություն համայնքները չեն ստանում: Նկարահանման օրերին հանդիպեցինք միայն կամավորների: Քարվաճառի թալանված մշակույթի տան գետնից Արցախի գերբը բարձրացրել էր Հակոբ Միկոյանը. «Հանձնենք պետությանը, պետական խորհրդանիշ է»:

Փոխարենը շատ ակտիվ ու կազմակերպված ապամոնտաժվում էին Թարթառի երկայնքով շարված բազմաթիվ ՀԷԿ-երը:

Քարվաճառցի Կարինե Մովսիսյանն ասում է՝ ինքներս Երևանից եկանք, այստեղ տուն, խանութ կառուցեցինք, հիմա մեր ձեռքով էլ քանդում ենք: Նրա որդիները ազատագրվանից շրջանի առաջին զինակոչիկներն էին. «Ես ազնվությամբ չեմ էլ ուզում հիմա գնամ, էստեղ ենք ապրել, երեխաներս էստեղ են սովորել, թոռնիկներս»:

Նոր Վերինշեն գյուղում փուռ, խանութ, տուն, ամեն ինչ թողնում են Մեհրաբյանները ծանր սրտով:
Փակված խանութի գրառումը դիմակ կրելու հորդորով անհեթեթ է թվում այս աղետի ֆոնին. «Ուղղակի էթանք մի տեղ, որ ոչ մեկից էլի չխնդրվենք, ապրենք, գոյատևենք, մարդ ենք, չենք կարա, քարացել ենք, պիտի ապրենք»:

Որտեղ ապրելու հարցը ամենաանորոշն էմ գիտեն միայն այն, որ ջնջում են կյանքի այս մի հասցեն. «Երեխես` իմ տղեն ծնվել է, անունը Մոնթե եմ դրել, որ էս ամեն ինչը հետ բերի, իրենց առաջադրանքն է լինելու է, որ էս ամեն ինչը հետ բերեն, սա մերն է, էս մենք ենք վայելելու: Էսի ժամանակավորապես սենց ա պետք, որ սենց լինի», - ասում է Ջոն Պետրոսյանը:

Քարավաճառը հայտնի է իր ջրային պաշարներով, այստեղ հանքային ջրերն են, տաք ջրերը: Ջերմ ջրերի եռացող ավազանների մեջ էլ մարդիկ կային՝ հրաժեշտի էմոցիոնալ աղաղակներով:

Քարավաճառի մեղուներն էլ են հավաքվել, փեթակներն արդեն դատարկ են: Շշրջանը բազմաթիվ հին ու նոր խաչքարեր ունի, դրանք էլ Մշակույթի նախարարության մասնագետներն ու կամավորներն են հավաքում. «Էնտեղ 13-րդ դարի խաչքարեր տարան, 4-5 հատ բարձեցին, 11-րդ դարի խաչքարեր տարան: Դե ինչքան շատ կարողանանք, թե հները, թե նորերը մեր խաչքարերը մեր պատմությունն են եղել, մեր արվեստն են», - նշում է Պետրոս Պետրոսյանը:

Բեռնախցում շրջանի ազատագրմանը մասնակցած հերոսների հիշատակի հուշաքարն է. «Տանում ենք, հանձնենք Մշակույթի նախարարություն, որպեսզի թշնամին չգա և պղծի, մեր հիշատակն է»:
Իսկ Քարվաճառի շքեղ անտառներում իսկական սպանդ է՝ սղոցի ձայնն ամենուր է, մայրուղին լի է փայտ տեղափոխող մեքենաներով: Առաջին անհրաժեշտության իրեր տեղափոխելու համար քարվաճառցիները բեռնատար չեն գտնում, իսկ փայտի վաճառականները գործում են 24 ժամ. «Դա յուրաքանչյուր ընտանիք իր տան համար է տանում, նենց չի, որ տանում են վաճառքի համար:

Փայտահատներն իհարկե վստահեցնում են, որ ամեն մեկն իր տունը տաքացնելու համար է անտառը հնձում, և որ բիզնեսի սիրտ, իհարկե չունեն:

XS
SM
MD
LG