Հադրութցիների խոսքով, քննարկման հիմնական թեման իրենց աջակցություն տրամադրելու հարցն էր։
«Մենք պիտի գույքագրենք մեր կորուստները, վիճակը, կենցաղային սոցիալական խնդիրները ու ներկայացնենք, որպեսզի շատ կարճ ժամկետներում լուծվեն», - ասաց հանդիպմանը մասնակիցներից մեկը։
Ըստ արցախցիների, իրենց գույքը նույնպես պետք է հաշվարկվի Հադրութի տարբեր համայնքների ներկայացուցիչների միջոցով․ - «Կփորձենք հնարավորինս շատ ինֆորմացիա հայթհայթել, ով որտեղ ա ապրում, ինչ սոցիալական պայմաններում է էս պահին ապրում, ով ինչ խնդիր ունի։ Այդ ամենը արդեն ներկայացնել համապատասխան մարդկանց։ Իրենք խոստացան, որ շատ արագ ու հնարավորինս ամեն ինչով կաջակցեն, որպեսզի մարդիկ գոնե կարողանան դեռ ուշքի գալ, ապրել», - հավելեց մեկ այլ կին։
Հադրութցիները հավաքելու են նաև այդ շրջանում գտնվող պատմաշկութային ժառանգության վերաբերյալ փաստաթղթերը, որպեսզի դրանք ներկայացվեն ՅՈւՆԵՍԿՕ։
Պատերազմի հետևանքով փախստական է դարձել ու տուն է կորցրել ավելի քան 13 հազար հադրութցի, նրանց ստեղծածն այժմ Ադրբեջանի տիրապետության տակ է։
Ալենուշ Գրիգորյանն ասում է, որ Երևան գալիս մտածում էին, թե ընդամենը մի քանի օրով են լքում Հադրութը, բայց արի ու տես, որ այլևս տուն վերադառնալ չեն կարող․ - «Տեղավորվեցինք բարեկամի տանը՝ մտածելով, որ մի քանի օր կարող ենք մնալ այնտեղ։ Բայց ստացվեց այնպես, որ ավելի երկարեց էս մղձավանջը։ Ու ամեն բարեկամի տանը մի քանի օր մնացել ենք։ Հիմա արդեն ժամանակը լրանում ա, մենք վաղը պետք ա, որտեղ որ հիմա մնում ենք, էդ տունը ազատենք, ու անորոշ ա էս պահին իմ երեխաների ճակատագիրը»։
Որոշ հադրութցիներ էլ որոշել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ տեղափոխվել։ Նրանցից Վերոնիկա Սաֆարյանն ասում է՝ որ եթե մի բանով կարող են օգնել, ապա պետք է այնտեղ լինեն․ - «Այնտեղ մեր հայրեքնիքն է, միասին կպայքարենք մի բանի հասնելու համար։ Մենք պայքարում ենք ոչ թե մեր տների, այլ մեր ամբողջ Արցախի համար»։
Փախստականներն ընդգծում են, որ Հադրութը ձևավորման օրվանից հայկական տարածք է եղել, հայերով բնակեցված։