ՀՅԴ որոշ անդամներ դատապարտում են «Ազատության» վրա իրենց կուսակիցների մասնակցությամբ հարձակումը, մյուսները զբաղված են հանրահավաքով

ՀՅԴ Հայաստան երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը

Սերվերները կոտրելու նպատակով գիշերվա 4-ին «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակ եկած մեկ տասնյակ տղամարդկանց խմբում էր նաև դաշնակցական, կրթության և գիտության նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը: «Ազատությունն» այսօր փորձեց լսել «Դաշնակցության» մյուս անդամների կարծիքը, թե երբ կադրերում տեսել են իրենց կուսակից ընկերոջը, ինչպես են արձագանքել կամ արդյոք տեղյակ են եղել նրա այդ քայլից:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին հանդիպեցինք կուսակցության շենք մտնելիս, ասաց՝ արդեն դատապարտել է այդ խմբում եղած դաշնակցական երիտասարդներից Գերասիմ Վարդանյանի արարքը, որը քաշքշել էր «Ազատության» պրոդյուսերին, սպառնացել, որ կապտակի ու պահանջել ցույց տալ, թե որտեղ են «Ազատության» սերվերները, որպեսզի «Ազատություն» TV-ն չհեռարձակվի:

«Ես այսօր դրա մասին արտահայտվել եմ: Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն, դրա մասին խոսել եմ, էտ թեման փակեք, փորձեք ուրիշ, ավելի կարևոր հարցերով զբաղվել: Ես մեկնաբանեցի, եթե ձեզ թվում է` ես ամեն առավոտ բան ու գործ չունեմ, ձեզ պետք է հերքեմ կամ հաստատեմ, սխալվում եք, էսօր ունենք ավելի կարևոր հարցեր: Իբրև «Դաշնակցության» Գերագույն մարմնի ներկայացուցիչ դատապարտել եմ, եկեք փակենք էս թեման, զբաղեք ուրիշ կարևոր գործերով», - ասաց նա:

Ոտքի վրա երկու բառով «Ազատության» հարցին պատասխանելուց հետո Իշխան Սաղաթելյանը մտավ շենք` ետևից ծածկելով դուռը: «Դաշնակցության» մյուս անդամները հրաժարվեցին մեկնաբանել իրենց կուսակից ընկերոջ արարքը` նշելով, որ այսօրվա հանրահավաքով են զբաղված:

«Դաշնակցության» Գերագույն մարմնի շենքի բակում հանդիպեցինք նաև ՀՅԴ Հայաստան երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանին, որից հետաքրքրվեցինք` արդյոք Գերասիմ Վարդանյանի արարքը խրախուսում են դաշնակցական մյուս երիտասարդները:

«Դաշնակցության երիտասարդականը հատկապես այս օրերին, ընդհանրապես իհարկե, բայց հատկապես այս օրերին խստորեն դատապարտում է ցանկացած անօրինականություն, ցանկացած բռնության կոչ, բռնությանն ուղղված ցանկացած քայլ և բռնության դրսևորում հանդիսացող որևէ գործողություն: Մենք հիմա հայրենիքն ավելի վտանգելու որևէ հնարավորություն չունենք, շանս չունենք, այդ ուղղությամբ մտածելու անգամ իրավունք չունենք: Հավատարիմ մեր սկզբունքներին, գաղափարական հիմնադրույթներին, եթե անգամ ես լինեի, ես պետք է պատժվեի օրենքի ամբողջ խստությամբ», - պատասխանեց Վարդանյանը:

«Մարդիկ, որոնք չեն կարողանում իրենց տիրապետել, խորհուրդ եմ տալիս տնից դուրս չգալ» - ասաց Դաշնակցութան երիտասարդներից Քրիստինեն, իսկ Իշխան Սաղաթելյանը երեկ է «Ազատության» հետ զրույցում դատապարտել դաշնակցական երիտասարդի արարքը: Այդ խմբում Բագրատ Եսայանի մասնակցությունը վկայող անվտանգության տեսախցիկների ձայնագրությունն «Ազատությունը» ստացել է Սաղաթելյանի հետ հարցազրույցից հետո: Ի դեպ, թեև պաշտոնական տեղեկություն չկա, բայց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանի մասին զրույցի ընթացքում Սաղաթելյանն այսօր ասաց, որ նրան ձերբակալել են:

«Դաշնակցության» անդամ Բագրատ Եսայանը երեկ «Ազատության» հետ զրույցում հաստատել էր, որ անվտանգության տեսախցիկի կադրերում ինքն է, ասել էր` եկել էր «Ազատությանը» պահանջ ներկայացնելու, «զերծ մնանք այնպիսի մեկնաբանություններից, որոնք կսրեն հետագա լարվածությունը հասարակության մեջ»։ Իսկ թե ինչո՞ւ էին այդ դեպքում նրանից հետո եկած երիտասարդները փորձում կոտրել դռները և վնասել սերվերները, չէր պարզաբանել։ Նշենք, որ դաշնակցական գործիչը բազմիցս հնարավորություն ունեցել է «Ազատության» ուղիղ եթերներում ու հարցազրույցներում իր կարծիքն ազատորեն արտահայտելու: