«Ազատություն» ռադիոկայանի Երևանի բյուրոյի վրա հարձակումը դատապարտելի ոտնձգություն է որպես կարևորագույն լրատվական իրադարձությունների անկողմնակալ վկաներ ծառայելու՝ լրագրողների հիմնական պարտականության նկատմամբ: Այս մասին հայտարարում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահի պաշտոնակատար Դեյզի Սինդելարը:
«Մեր Հայկական ծառայությունը՝ «Ազատություն»-ը, Հայաստանում քիչ լրատվամիջոցներից է, որոնց նպատակն է ներկայացնել խորապես պառակտիչ հակամարտության բոլոր կողմերը», - շեշտում է Սինդելարը:
«Կոչ ենք անում ինչպես ոստիկանությանը, այնպես էլ հանրությանը՝ աջակցել նորություններն անաչառ և ամբողջությամբ հաղորդելու՝ «Ազատության» և բոլոր անկախ լրագրողների իրավունքին, առանց բռնության և քավության նոխազ դարձնելու», - նաև ասված է ռադիոկայանի նախագահի պաշտոնակատարի հայտարարությունում:
Հիշեցնենք՝ այսօր ժամը 4-ի սահմաններում մոտ չորս տասնյակ տղամարդիկ փորձել են ներխուժել «Ազատության» երևանյան գրասենյակ, ոտքերով ու բռունցքներով հարվածել դռներին, հայհոյանքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին։ Խումբը լքել է տարածքը, երբ աշխատակիցները ոստիկանություն են զանգահարել։
Տեղի ունեցածը դատապարտել են Հայաստանի ժուռնալիստների միությունը, Մարդու իրավունքների պաշտպանը: