Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիաները Երևանում շատ արագ անկարգությունների վերածվեցին


Ցուցարարները Ազգային ժողովի նիստերի դահլիճում, Երևան, 10-ը նոյեմբերի, 2020թ.
Ցուցարարները Ազգային ժողովի նիստերի դահլիճում, Երևան, 10-ը նոյեմբերի, 2020թ.

Երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց, որ Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել Ալիևի և Պուտինի հետ, մայրաքաղաք Երևանի տարբեր կետերում բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք շատ արագ անկարգությունների վերածվեցին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները նախ հարձակվեցին Կառավարության շենքի վրա՝ ապակիները կոտրելով ու վնասելով գույքը։

Նման մի հարձակում եղավ նաև կառավարական առանձնատների հարակից տարածքում, ականատեսների խոսքով՝ հենց այդ հատվածում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դաժան ծեծի է ենթարկվել ցուցարարների կողմից։

Մեր նկարահանումների ընթացքում ցուցարարների խումբը կրկին եկավ այդ վայր:

Ոչ հեռու գտնվող Ազգային ժողովում նույնպես անհանգիստ էր, ցուցարարները մտել էին նիստերի դահլիճ: Որոշներն էլ պատգամավորների սենյակներն էին հերթով տակնուվրա անում՝ բաժակներ կոտրելով, հագուստ պատռելով, փաստաթղթեր ցաքուցրիվ անելով, դարակները քրքրելով։ Սենյակներում ծխում ու ալկոհոլ էին օգտագործում: Ծեծի ենթարկված Արարատ Միրզոյանի գրասենյակը նույնպես այդ վիճակում էր։

Գիշերվա ընթացքում տեղի ունեցած անկարգություններին ֆեյսբուքյան գրառումներով և ուղիղ եթերներով անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ անկարգություններ անողները թիկունքից հարվածում են դիրքերում կանգնած զինվորականներին:

«Ինձ ասեցին, որ էս դեբոշներ սարքողների մեջ կան, օրինակ, օլիգարխների, էսպես ասած, հանցավոր խմբեր: Էդ էն մարդիկ են, ովքեր քսան տարի գողացել են զինվորից, ովքեր քսան տարի գողացել են բանակից, ովքեր քսան տարի հարկ չեն վճարել, էսօր եկել են ազգի ու դավաճանության մասին են խոսում: Բա էդ մարդիկ ի՞նչ գործ ունեն Երևանում, Արցախի նախագահի կոչերը չեն լսե՞լ, Շուշին վտանգված լինելու մասին կոչերը չեն լսե՞լ, օգնելու աղաղակները չեն լսե՞լ, ի՞նչ գործ ունեն էդ մարդիկ Երևանում կամուֆլյաժով, մեկը կարա՞ ինձ բացատրի», - ասաց Փաշինյանըէ շարունակելով. - «Հիմա նրանք դուրս են եկել, լավ պատեհ առիթ ա իրանց համար, իրանց թալանածը պաշտպանելո՞ւ: Էսօր գիտե՞ք ինչի են էդպես ազատ մտնում էստեղ-էնտեղ ջարդուփշուր անում. որովհետև ինչքան ոստիկան կա, ինչքան ԱԱԾ կա, ինչքան ՊՊԾ կա՝ բոլորը դիրքերում են»:

«Ու ինչ-որ ստահակներ, ստահակնե՛ր, հարձակվում են Արարատ Միրզոյանի վրա ու իր երեխայի վրա: Ինչ-որ ստահակ, որը երևի վերջին երկու տարվա մեջ մարդ ծեծելու հագուրդը չէր կարողացել բավարարել, հարձակվում ա էդ մարդու վրա, ու մտածում ա մարսելու ա՞: Բացառված է», - շեշտեց վարչապետը:

Փաշինյանն իր ուղիղ եթերում կոնկրետ կուսակցությունների անուններ տվեց. «Էդ հանրապետական, էդ ԲՀԿ-ական թալանչիներին, էդ հայրենիքից դասալիքին, որ դիրքը թողել փախել ա, դիրքը թողել փախել ա, դասալքության համար պիտի դատվի»:

Սրանք այն կուսակցություններն են, որոնք դեռ երեկ Փաշինյանի ու նրա կառավարության անցնցում հեռացումն էին պահանջել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG