Մատչելիության հղումներ

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռ/կ ղեկավարը, Հայաստանի օմբուդսմենը և լրագրողական ՀԿ-ները դատապարտել են «Ազատության» վրա հարձակումը


Երեկ կեսգիշերին ժամը 4-ի սահմաններում մի խումբ տղամարդիկ ներխուժել են շենք, որտեղ գտնվում է «Ազատության» գրասենյակը, ինչպես իրենք են հայտարարել, սերվերները ջարդելու, թույլ չտալու մտնել եթեր՝ այդ ընթացքում վիրավորելով լրագրողներին և ազատությունն անվանելով թուրքական ծառայություն։

«Ազատության» մի խումբ աշխատակիցները նրանց հանդիպել են դռների մոտ, երբ իրենք էլ գիշերվա ուշ ժամին եկել են գրասենյակ՝ աշխատելու լուրերի արտակարգ թողարկման վրա։ Երիտասարդներից հաջողվել է ճանաչել միայն մեկին, ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանին։

Խումբը ջարդել էր շենքի մուտքի դուռը, փորձել հարվածներով բացել նաև «Ազատության» գրասենյակի դուռը, քաշքշել «Ազատության» պրոդյուսերին և օպերատորին, նյարդայնացել պարզելով, որ նկարահանվում են, որոշ ժամանակ անց հեռացել՝ տեսնելով, որ լրագրողները զանգահարել են ոստիկանություն։

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն «Ազատության» հետ զրույցում այսօր դատապարտեց տեղի ունեցածը՝ վստահեցնելով, որ երիտասարդը գործել է ինքնուրույն, առանց ՀՅԴ-ի իմացության։

«Ինքը կպատժվի իր արարքի համար, որևէ բռնություն մեր համար անընդունելի է, մենք կլսենք մեր ընկերոջը, կհասկանանք՝ ոնց է հայտնվել այդտեղ, ինչ է եղել: Հենց հիմա էլ հայտարարում եմ, որ որևէ բռնություն, ընդհուպ նույնիսկ Ազգային ժողովի նախագահի նկատմամբ, մեզ համար անընդունելի է», - ասաց Սաղաթելյանը:

Ավելի ուշ «Ազատությունը» ստացավ նաև անվտանգության տեսախցիկների կատարած նկարահանումները, պարզվեց, որ շենք ներխուժած տղամարդկանց շարքում է եղել նաև հայտնի դաշնակցական, կրթության նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը, ով նախկինում հյուրընկալվել է «Ազատության» տաղավարում և լավ իմացել, թե շենքի բազմաթիվ գրասենյակներից որտեղ է գտնում «Ազատության» տաղավարը։

Ըստ տեսագրության նա ուղեկցել է տղամարդկանց շենք, ապա տեսնելով, որ ներսում մարդ չկա, բոլորով հեռացել են, որոշ ժամանակ անց արդեն վերադարձել են երիտասարդները՝ առանց Եսայանի։ Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ նրանից՝ արդյոք շփոթմունք չկա՞ և նա գիշերը իսկապես եկե՞լ էր «Ազատություն»։ Բագրատ Եսայանը հաստատեց. «Ինչ-որ մի պահի խմբված երիտասարդներ ասացին, որ հիմնական պատճառը մեր այսօրվա բարոյահոգեբանական վիճակի, հասարակության պառակտվածության, նաև լրատվամիջոցներն են, մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանը»:

«Ազատության» հարցին՝ ուշ գիշերին եկել էր այդ մասին «Ազատությանը» հայտնելո՞ւ այնպիսի մարդկանց հետ, որոնք ասում էին, թե եկել են սերվերը ջարդելու, Եսայանը պատասխանեց. «Ժամը 4-ին ես ասացի, ինչ են ասել իրենք հետո ես չգիտեմ՝ սերվերը ջարդել, թե թուրք, թե դավաճան, ինչ են ասել, ես չգիտեմ, երբ եկել ենք բարձրացել ենք վերև, դուռը ծեծել ենք, փորձել ենք՝ բաց է, թե փակ է դուռը, տեսել ենք փակ է, իջել ենք և հեռացել ենք: Ես համաձայն էի տղաների կարծիքի հետ, որ «Ազատությունը» պառակտող գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում»:

«Վնաս հասցնելու նպատակ չի եղել, պահանջ ներկայացնելու նպատակ է եղել, որ այսուհետ, մանավանդ այս լարված վիճակում զերծ մնաք որևէ այնպիսի մեկնաբանությունից, որը կսրի հետագա լարվածությունը մեր հասարակության մեջ», - ասաց նա:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռ/կ ղեկավարը, Հայաստանի օմբուդսմենը և մի շարք լրագրողական կազմակերպություններ այսօր դատապարտեցին «Ազատության» գրասենյակի հանդեպ հարձակումը։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնավորապես նշել է. «Բացի այն, որ նման արարքներն օրենքով արգելված են, այս դժվար օրերին լրատվամիջոցները կարևորագույն գործառույթներ են կատարում»։

Հայաստանի ժուռնալիստների միությունը ևս դատապարտեց կատարվածը՝ կոչ անելով զերծ մնալ լրատվամիջոցների գործունեությանն ապօրինի միջամտելուց և լրատվամիջոցների ներկայացուցիչներին սպառնալուց։ Լրագրողական ևս 10 կազմակերպություն, այդ թվում՝ «Երևանի մամուլի ակումբը», «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը», «Ասպարեզ ակումբը», հանդես եկան առանձին հայտարարությամբ, որտեղ նշված է, որ «անթույլատրելի են համարում Հայաստանի համար այս օրհասական պահին լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ ցանկացած բռնություն, ճնշում կամ հետապնդում»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը հույս հայտնեց, որ իրավապահները արագ կբացահայտեն կազմակերպիչներին։

«Օրինաչափություն է դարձել և սրվում է հասարակական քաղաքական վիճակը Հայաստանում առաջին հորթին հենց լրատվամիջոցների նկատմամբ է նաև հետապնդումները, հարձակումները տեղի ունենում և այս միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է այդ օրինաչափությունը, բայց այս ամենի դեմը պետք է առնել», - ասաց Մելիքյանը:

Ինչո՞ւ է հատկապես «Ազատությունը» հայտնվել թիրախում, Մելիքյանի կարծիքով, կան խմբեր որոնք չեն հանդուրժում իրադարձությունների համակողմանի լուսաբանումը և դա ընկալում են որպես քննադատություն իրենց հասցեին։

«Հասկանալի է, թե որ ուժերն են, որ այդքան դժգոհ են «Ազատություն» ռադիոկայանի գործունեությունից, հասկանալի է, որ հիմա իրենք հարմար պահ են գտել այդպիսի չակերտավոր հաշվեհարդար տեսնելու առումով», - ընդգծեց նա:

XS
SM
MD
LG