Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կասեցրել է Հայաստանի կառավարության և հարազատների կողմից գերիների հարցերով ներկայացված դիմումների քննությունը և, ըստ դատարանի, տեղեկություն է խնդրել պատասխանող կողմից կողմերից իր տարածքում հայտնված ռազմագերների և գերիների մասին։
«Արդյո՞ք այդ անձինք գերի են ընկել, և եթե այո, ապա ի՞նչ պայմաններում են պահվում, արդյո՞ք նրանք ենթարկվել են բժշկական հետազոտության կամ բուժման»․ նման հարցեր է ուղղել Եվրադատարանը և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին։
Միևնույն ժամանակ, դատարանը երկու երկրներին վերստին կոչ է արել ակտիվորեն կիրառել պատերազմական գործողությունների ընթացքում գերեվարված կամ ձերբակալված անձանց պաշտպանության միջազգային մեխանիզմները։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը ՄԻԵԴ-ի այս որոշումը տեխնիկական է համարում։ Կարևորն այստեղ այն է, որ դատարանը արդեն երկու միջանկյալ միջոց է կիրառել Հայաստանի դիմումների հիման վրա և հենց դրանց շրջանակում էլ դիտարկում է նաև ռազմագերիների նկատմամբ խախտումները․ - «Ըստ էության, այո, խոսքը չի գնում նրա մասին, որ դատարանը մերժում է մեր կողմի ներկայացրած պնդումները խախտումների վերաբերյալ, կամ որ Ադրբեջանը ազատ է չհարգել գերիների իրավունքները, ոչ, բոլորովին, այդ պարտավորությունները Ադրբեջանի համար շարունակում են պահպանվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խզմալյանը:
Նույն միտքը իր նոյեմբերի 4-ի հաղորդագրության մեջ ընդգծում է Եվրադատարանը։ Այն անդրադառնում է արդեն մեկ ամսից ավելի ձգվող պատերազմի ընթացքում Հայաստանի կողմից Ադրբեջանի և Թուրքիայի դեմ ներկայացված դիմումների քննարկման արդյունքում կիրառված միջանկյալ միջոցներին։
ՄԻԵԴ-ը նշում է, որ սեպտեմբերի 29-ի և հոկտեմբերի 6-ի՝ Հայաստանի դիմումների հիման վրա կիրառած միջանկյալ որոշումներում ոչ միայն անդրադարձել է քաղաքացիական բնակչության իրավունքներին, այլև կողմերին կոչ է արել կատարել իրենց պարտավորությունները։ Եվ դրանցից մեկը նաև գերեվարված անձանց իրավունքների պաշտպանությունն է։
Ռազմագերիների հարցերով Ստրասբուրգ են դիմել Հայաստանի կառավարությունը և հայաստանցի իրավապաշտպանները։ Կառավարությունը ընդդեմ Ադրբեջանի դիմում էր ներկայացրել 8 ռազմագերիների հարցերով։ Նրանք այն զինվորականներն են, որոնք ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերում Հայաստանի դեմ են խոսում։ 7 այլ ռազմագերիների հարցով Ստրասբուրգ դիմումներ են ուղարկել իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանույշ Սահակյանը։
Հայկական կողմը հայտնել է, որ Ադրբեջանում առնվազն 21 ռազմագերի կա։ Հայտնի է նաև, որ հայկական կողմում երկու գերեվարված վարձկաններ կան, որոնք կալանավորվել են Հայաստանի Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների և վարձկանության հոդվածներով։
Հայկական կողմում հայտնված գերիների թվի մասին ստույգ տեղեկություններ չեն հաղորդվում։
ՄԻԵԴ-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 18-ին Հայաստանի կառավարությունն ընդդեմ Ադրբեջանի ևս մեկ դիմում է ներկայացրել և հայտնել, որ Ադրբեջանը խախտել է ռազմագերիների և գերիների իրավունքները։ Հայկական կողմը խնդրել է միջանկյալ միջոց կիրառել ռազմագերիների և գերիների հարցերով։ Իր հերթին հոկտեմբերի 26-ին պաշտոնական Բաքուն է դիմել Ստրասբուրգ՝ ներկայացնելով 5 պահանջ։ Դրանցից մեկը առնչվում է խաղաղ բնակչությանը թիրախավորող գործողությունները դադարեցնելուն։ Մյուսներում Ադրբեջանը դատարանին խնդրել էր հայկական կողմից պահանջել «Ադրբեջանի Հանրապետության տարածքից դուրս բերել այնտեղ ապօրինի գտնվող հայկական զորքերը և զինյալներին, զերծ մնալ Ադրբեջանի և նրա քաղաքացիների հանդեպ ատելության քաղաքականությունից»։
Եվրադատարանը, սակայն, ընդգծում է՝ թեև միջպետական դիմումները բարձրացնում են լրջագույն հարցեր, բայց դրանց մեծ մասը դատարանի իրավասության ներքո չեն։ Թե՛ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը և՛ թե միջազգային իրավունքի մասնագետը կարծում են, որ Եվրադատարանի այս դիտարկումն ուղղված է Ադրբեջանին, քանի որ հայկական կողմը բացառապես մարդասիրական իրավունքին վերաբերող հարցեր է բարձրացրել դատարանի առջև։
«Այստեղ, կարծում եմ, երկրորդ կարծիք չի կարող լինել, որովհետև մենք տեղյակ ենք ինչ պահանջներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունը, և դրանք դուրս չեն եղել դատարանի իրավազորության շրջանակներից, և դրանց վերաբերյալ որոշումներ են կայացվել։ Եվ մենք տեսել ենք Ադրբեջանի դիմումը․ միանշանակ դա վերաբերում է առվնազն Ադրբեջանի դիմումին», - ասաց Խզմալյանը։
Ինչ վերաբերում է հայկական ուժերի կողմից գերեվարված վարձկաններին, ապա միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանն ասում է, որ վարձկանները ո՛չ ռազմագերու, ո՛չ էլ զինվորականի կարգավիճակ ունեն։ Նրանք զինված ընդհարումների մասնակցելուն դեպքում պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ - «Նյութական շահով դրդված պատերազմին մասնակցելու և կողմի քաղաքացի չհանդիսանալու, այս երկու հանգամանքի ուժով վարձկանը չունի այդ պաշտպանությունը։ Հետևաբար ցանկացած արարք, որը նա գործել է ռազմական գործողությունների ընթացքում, կարող է դիտարկվել քրեական օրենսգրքի համատեքստում, և նա կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Դրա հետ մեկտեղ, որպես անհատ, որպես անձ, նա ունի մարդու իրավունքներ և ընդհանուր պաշտպանության տակ է այդ կոնտեքստում։ Այսինքն՝ բնական է, որ իր հանդեպ գործողությունները պետք է իրականացվեն՝ հարգելով մարդու իրավունքների նորմերը»։
Հայաստանում կալանավորված, Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ ալ Աբեդ Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը հայաստանցի իրավապահներին պատմել են, որ Սիրիայում հավաքագրվել են և տեղափոխվել Ադրբեջան՝ ամսական 2000 դոլարի համար, նրանց նաև ամեն հայի համար 100 դոլար գլխագին էին խոստացել։