Ադրբեջանում 17 հայ ռազմագերի կա, տեղեկությունը այսօր հրավիրված ասուլիսին փոխանցեց Հայաստանի քննչական կոմիտեի (ՔԿ) քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը` հավելելով, որ ևս երկուսի մասին տվյալները ճշտվում են։
«Աշխատում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայաստանյան ներկայացուցչության և Պաշտպանության նախարարության ռազմագերիների միջգերտեսչական հանձնաժողովի հետ, և տվյալ անձանց նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու, այսինքն` հայ զինծառայողների նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու, որը վերաբերում է բժշկական օգնությանը, չխոշտանգելուն և այլն: Արդեն իսկ և՛ ՄԻԵԴ-ում հայաստանյան ներկայացուցչության, և՛ առանձին իրավապաշտպանների կողմից ներկայացվել են դիմումներ, որոնց մի մասը բավարարվել է, և մնացածը գտնվում է ընթացքի մեջ, քննարկման փուլում», - ասաց նա:
Չնայած այս պահին ռազմագերու կարգավիճակով վարձկան ահաբեկիչ հայկական կողմը չունի, սակայն կան բազմաթիվ փաստական տվյալներ ռազմական գործողություններում նրանց ներգրավման վերաբերյալ. - «Փաստական տվյալները բազմաթիվ են` հրազենի պատյան, որում առկա են արաբալեզու գրառումներ: Դա հայտնաբերվել է Սյունիքի մարզի հարակից բնակավայրերում վերջին օրերին իրականացված գործողությունների ընթացքում»:
Քննչական կոմիտեն քննվող քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ հարցաքննել է ադրբեջանական կողմի երկու ռազմագերու. - «Հայաստանում առկա ռազմագերիները պահվում են մարդասիրական բոլոր նորմերի պահպանմամբ»:
Նրանցից մեկի` Ադրբեջանի զինծառայող, ենթասպա Էմին Բախշալիևի հարցաքննությունից մեկ հատված հրապարակվեց այսօր Քննչական կոմիտեում հրավիրված ասուլիսի ժամանակ. - «Սույն թվականի ամռանն անցկացվել են համատեղ լայնածավալ զորավարժանքներ, որոնք ավարտելուց հետո Թուրքիայի բանակից զինվորական կազմը մնացել է Ադրբեջանում, նաև տեղեկացել են, որ պատերազմն սկսելու ժամանակ մեզ պետք է օգնեն նաև Պակիստանից ժամանած զինծառայողները։ Թուրքիայից ժամանած զինվորականները եղել են զինվորական համազգեստով, սակայն կոչումներ չեն ունեցել փակցված համազգեստի վրա։ Մենք նրանց դիմել ենք ո՛չ անունով և ո՛չ էլ ազգանունով, ուղղակի դիմել ենք հրամանատար: Իմ անմիջական հրամանատար Ահման Հանիֆաևը մեզ ասել է, որ թշնամու` այսինքն` հայկական դիրքերը դատարկ են, 5-ից 7 զինծառայողներ կլինեն: Հրաման է տրվել նրանց էլ ոչնչացնել, գրավել և տեղակայվել հայերի մարտական դիրքերում: Հրաման էր տրված` ինչքան շատ գրավեինք, այնքան լավ կլիներ»:
Այդ հարցաքննությունում Բախշալիևը նաև հաստատում է հայկական կողմի այն պնդումը, որ Ադրբեջանը իր հրթիռահրետանային միջոցները տեղակայում է քաղաքացիական բնակավայրերում. - «Կան տան բակեր, որտեղ ծառերը շատ են, և քաղաքացիական բնակավայրերի ներսում` տների բակերում, որտեղ ապրում են քաղաքացիական բնակիչներ, տեղադրվել են հրթիռահրետանային միջոցներ, որոնք կիրառվել են ռազմական գործողությունների ընթացքում»:
Կան նաև պետական դավաճանության և լրտեսության բացահայտված դեպքեր, տեղեկացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը։ Մասնավորապես կալանավորված է նախկին բարձրաստիճան զինվորական, որը Ադրբեջանի համար հավաքագրել է տարաբնույթ, այդ թվում նաև գաղտնիք պարունակող տեղեկություններ. - «Տևական ժամանակ տվյալ անձը Հայաստանի Հանրապետությունում զինված ուժերի և այլ կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների վերաբերյալ հավաքել է գաղտնիք պարունակող տեղեկություններ և պարբերաբար փոխանցել հակառակորդին»:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք այդ զինվորականի փոխանցած տեղեկություններն ազդել են սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունների վրա։ «Ոչ, - պատասխանեց նա` հավելելով, - կան ինֆորմացիաներ, որոնք հակառակորդը, բնականաբար, օգտագործել է, բայց ամբողջական առումով` ոչ»:
Աբազյանի խոսքով՝ մեկ այլ դեպքում էլ օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել Հայաստանում զորահավաքի, տեխնիկայի, տրանսպորտային շարժի և այլ բնույթի տեղեկություններ։ Երկու դեպքով էլ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր, գտնվում են նախաքննության փուլում։
Ինչ վերաբերում է զինծառայողների շրջանում կեղծ լուրեր տարածելու համար կալանավորված անձին, որի անվան միայն սկզբնատառերն են հայտնում իրավապահները՝ Ն.Մ.-ն, ապա նրա գործողությունները, ըստ ԱԱԾ-ի պաշտոնյայի, որևէ շրջանակների կողմից չեն համակարգվել՝ ո՛չ արտաքին, ո՛չ ներքին։ Ն.Մ.-ը, ըստ ԱԱԾ-ի, պատերազմի առաջին օրերին դիրքերում համածառայակիցների շրջանում ստահոդ լուրեր է տարածել իշխանությունների կողմից հողեր հանձնելու վերաբերյալ. - «Որևէ համակարգող չի եղել, սեփական նախաձեռնությամբ… Չեմ կարող մանրամասնել` ելնելով պատերազմական իրավիճակից»:
Իսկ համացանցում տարածված տեսանյութում իբրև թե հայերեն վարժ խոսող «ադրբեջանցին» իրականում Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և որևէ մասնակցություն չի ունեցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական գործողություններում։ Այս մասին ասաց ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը. - «Միգուցե դա սխալ ներկայացման արդյունք է: Տվյալներ են ձեռք բերվել, կան բազմաթիվ փաստական տվյալներ, հիմնավորվել է, որ անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, որևէ ոչ ռազմագերու կարգավիճակում է, չկա նման բան, այսինքն` դա ապատեղեկատվություն է, որը սխալ է ներկայացվել հանրությանը»: