Մատչելիության հղումներ

Հայաստանի դեմ Ադրբեջանի ՄԻԵԴ ներկայացրած դիմումի «մի շարք ձևակերպումներ անհեթեթ են ընդհանրապես»


Մարդու իրավունքներ եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ
Մարդու իրավունքներ եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ

Ադրբեջանի կառավարության՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ուղարկած դիմումի 5 պահանջներից 4-ը դատարանի իրավասության հետ կապ չունեն, հայտարարում է միջազգային իրավունքի մասնագետը։

Օրերս Ստրասբուրգի դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակվեց Ադրբեջանի կառավարության դիմումն ընդդեմ Հայաստանի։ Ինչպես հայկական կողմն է շեշտում՝ սեպտեմբերի 27-ից ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմ սանձազերծած Ադրբեջանը Եվրադատարանին խնդրում է միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Հայաստանի։

Դատարանին ներկայացված 5 պահանջներից միայն մեկն է առնչվում խաղաղ բնակչությանը թիրախավորող գործողությունները դադարեցնելուն, ասում է միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը։

«Էնտեղ կա պահանջ՝ դադարեցնել ֆինանսավորել, իրենց բառերով՝ «այն անօրինական քրեական ռեժիմը, որը առկա է Լեռնային Ղարաբաղի մարզում Ադրբեջանի Հանրապետության», դրանք ընդհանրապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորության և վերջինիս կողմից քննվող հարցերի շրջանակի հետ որևիցե աղերս չունեն: Բացի դրանից, սպեկուլյատիվ և մի շարք ձևակերպումներ, ըստ էության, կարելի է ասել անհեթեթ են ընդհանրապես», - ընդգծեց Գևորգյանը:

ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված Ադրբեջանի դիմումի համաձայն՝ այդ երկրի կառավարությունը Եվրոպական դատարանին խնդրում է հայկական կողմից պահանջել «Ադրբեջանի Հանրապետության տարածքից դուրս բերել այնտեղ ապօրինի գտնվող հայկական զորքերը և զինյալներին, զերծ մնալ Ադրբեջանի և նրա քաղաքացիների հանդեպ ատելության քաղաքականությունից»։

Միջազգային իրավունքի մասնագետի կարծիքով՝ Ստրասբուրգի դատարանն, ամենայն հավանականությամբ, ի պատասխան Ադրբեջանի դիմումի կվերահաստատի իր կոչը, որն ուղղել էր կողմերին շաբաթներ առաջ, երբ Հայաստանն էր ընդդեմ Ադրբեջանի դիմում ներկայացրել ՄԻԵԴ։ Դատարանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ էր արել զերծ մնալ խաղաղ բնակիչների իրավունքները խախտելուց։

«Կարծում եմ՝ իրականում դատարանը անելու է մի շատ պարզ բան, քանի որ արդեն իսկ Հայաստանի կողմից ներկայացված միջնորդության արդյունքով կոչ է արել բոլոր կողմերին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կխախտեն կոնվենցիոն պարտավորությունները», - ասաց Գևորգյանը:

Հարցին՝ արդյոք այդ դեպքում Ադրբեջանը հաղթանակ չի՞ համարի դատարանի նման կոչը, Լևոն Գևորգյանն արձագանքեց, որ այդ կողմը միանշանակ նման պնդում կանի, բայց կարևորն այն է, թե որքանով այն կլինի տեղին և հիմնավոր. - «Մեր համար խոշոր նվաճումը այստեղ այն էր, որ միջանկյալ միջոցի շրջանակներում արձանագրվել էր թուրքական կողմի՝ Թուրքիայի անմիջական կամ ոչ անմիջական ներգրավվածությունը, ՄԻԵԴ-ի բառերով, և պարզապես այդ միջանկյալ միջոցի տեքստի վերահաստատումը որպես ադրբեջանական կողմի հաղթանակ ներկայացնելը իհարկե կփորձեն, բայց դա անհեթեթություն կլինի»:

Միջազգային իրավունքի մասնագետի կարծիքով, եթե կողմերը հիմնական գանգատ ներկայացնեն դատարան, Ադրբեջանի համար շատ դժվար կլինի ընդդեմ Հայաստանի ապացույցներ ներկայացնել։ «Երբ սեփական պետության տարածքում անկողմնակալ լրատվական միջոցների, երրորդ պետությունների լրատվական միջոցների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների գործունեությունը գրեթե արգելված է, և ընդհանրապես փաստահավաք գործունեություն Ադրբեջանի տարածքում չի իրականացվում, այլ պարզապես միջազգային հանրությանը հրամցվում է միայն ադրբեջանական և բացառապես ադրբեջանական և թուրքական զանգվածային լրատվամիջոցների ընկալումը առ այն, թե ինչ է տեղի ունենում, իրենք իրականում շատ լուրջ խնդիրներ են ունենալու ապացուցողական փուլում, երբ որ կոնկրետ դատավարական գործընթաց կսկսվի», - շեշտեց Գևորգյանը:

Հայկական կողմը շաբաթներ առաջ նաև ՄԻԵԴ դիմում էր ներկայացրել ընդդեմ Թուրքիայի՝ պնդելով պատերազմական գործողություններում այդ երկրի ներգրավվածության մասին։ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց էր կիրառել ընդդեմ Թուրքիայի և այդ երկրին կոչ էր արել զերծ մնալ այս ռազմական գործողություններից, որոնք ոտնահարում են քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև հարգել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG