73 պետությունում բնակվող մոտ կես միլիոն հայեր հանգանակել են ավելի քան 152 միլիոն դոլար  

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հաղորդում է աննախադեպ՝ ավելի քան 152 միլիոն դոլար հանգանակելու մասին, ընդ որում, ինչպես այսօր «Ազատությանը» հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, աշխարհով մեկ ընթացող հանգանակնությանն արդեն իսկ մասնակցել են 73 պետություններում բնակվող ավելի քան կես միլիոն հայեր։

Արշամյանի առավոտյան հրապարակած տվյալների համաձայն, հավաքված 150 միլիոն դոլարի 45,3 տոկոսը ապահովել են Միացյալ Նահանգներում, 33,3 տոկոսը՝ Հայաստանում, 10,7 տոկոսը՝ Ռուսաստանում, 2,9 տոկոսը՝ Ֆրանսիայում և 1 տոկոսը՝ Գերմանիայում բնակվողները։ Մնացած 68 երկրներում բնակվողները ապահովել են ողջ հանգանկանության 6,8 տոկոսը կամ 10,2 միլիոն դոլար։

«Նախ և առաջ, այս թվերը հրապարակվել են զուտ որպես տեղեկատվություն, այսինքն ոչ մի միտում չի եղել ինչ-որ մրցակցության կամ տվյալ երկիրը փնովելու կամ տվյալ երկիրը գովաբանելու։ Ուղղակի այս հարցը անընդհատ տրվել է տարբեր հարթակներում, նաև ուղղակի զանգերով։ Մարդիկ բարձրացնում այդ հարցը, թե արդյո՞ք որ երկրից ինչքան գումար է եկել։ Եվ դա շատ նորմալ, բնական պրոցես է։ Եվ որոշեցինք, որ գոնե նախնական [հրապարակենք]։ Շատ նախնական վերլուծության արդյունք են, տեղեկատվություն են և շատ ճիշտ արտացոլում են այն, ինչ որ կատարվում է աշխարհում, այն, ինչ որ կատարվում է սփյուռքում», - նշեց Արշամյանը։

Հաշվի առնելով դրամահավաքին մասնակցայնության բարձր թվերը՝ Արշամյանը համազգային բնորոշեց ներկայիս հանգականությունը․ - «Ես վստահ եմ, որ մեր նվիրատուները տալիս ենք այն, ինչ որ հնարավոր է ուղղակի, այն, ինչ որ կարողանում են։ Եվ իմ համար նույնքան թանկ է այն տատիկի հինգ հազար դրամը, որը ուղղակի ներողություն էր խնդրել, որ ավել չի կարող տալ, և ինքը շատ լուրջ առողջական խնդիրներ ուներ, նույնքան թանկ է նաև ամենախոշոր նվիրատուների՝ տարբեր ընտանիքների, հայտնի մեծահարուստների նվիրատվությունները»։

Հիմնադրամի երեկ տարածած հաղորդագրության համաձայն, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդո Էռնեկյանը, ով արդեն իսկ նվիրաբերել է 250 հազար դոլար, պատրաստակամություն է հայտնել ներդնել ևս 3 միլիոն 250 հազար դոլար՝ որպես անհատ բարեգործ դառնալով ամենախոշոր նվիրատուն։

Հիմնադրամը հրապարակել է նաև ամենախոշոր նվիրատուների ցանկը՝ ՀԲԸՄ՝ 10 միլիոն դոլար, Էդիլ Հովնանյան, Քրիստին Սիմոն, Սամվել Կարապետյան, որոնցից յուրաքանչյուրը երեքական միլիոն դոլար, Լիզա Գիրգորյան՝ 2 միլիոն դոլար։

«Նախնական, շատ նախնական հաշվարկներով, առնվազն կես միլիոն մարդ է մասնակցել էս դրամահավաքին ողջ աշխարհում։ Բայց այդ թիվը շատ-շատ աճելու է, երբ որ մենք վերջնական տվյալները մշակենք, որովհետև ինքը բավական երկար գործընթաց է։ Նաև այդ տվյալների մշակումը ոչ միայն Հայաստանում է լինում, նաև մեր տեղական մարմիններում պետք է լինի է մշակումը, որովհետև, օրինակ, Լոս Անջելեսում այս պահին ես չեմ կարող իրենց ասել տվեք, թե քանի մարդ է մասնակցել, որովհետև այնտեղ ամեն օր առնվազն մեկ դրամահավաք է տեղի ունենում։ Տարբեր վայրերում, տարբեր փոքր քաղաքներում, տարբեր համայնքներում, ակումբներում, և մերոնք էնտեղ ուղղակի պիտի հասցնեն ֆիզիկապես ներկա լինել այդ դրամահավաքներին, գումարները մուտք անել։ Այսինքն՝ տեխնիկական հարցերը այնքան շատ են, որ հիմա իրենցից պահանջել, որ տվյալներ տվեք, թե քանի դոնոր ունեք․․․ Մոտավորապես գիտենք՝ 250 հազար առնվազն», - ասաց Հայկակ Արշամյանը։

Նրա խոսքով, հավաքված միջոցների մի զգալի մասը՝ Հայաստանի կառավարության հետ համակարգված եղանակով, արդեն իսկ ծախսվում է հումանիտար նպատակներով․ - «Այս գումարներն արդեն իսկ ծախսվում են, և այս գումարների լուրջ մասով արդեն իրականացվել են բազմաթիվ ծախսեր։ Հիմնականում խոսքը գնում է սոցիալական ոլորտի մասին, առողջապահական ոլորտի մասին, նույն հակահամաճարակային իրավիճակի հետ կապված, նույն տեղահանվածների հետ կապված։ Այսինքն լուրջ գործունեություն ենք ծավալում, ուղղակի մենք չենք կարող այսօր հրապարակել թվեր»։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիրը տնօրենը խոստացավ խաղաղության հաստատումից հետո հրապարակել ամբողջական հաշվետվություն, քանի որ պատերազմական պայմաններում որևէ դետալի հրապարակայնացում կարող է վնասել Հայաստանի պաշտպանունակությանը։